Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին

Սեպտեմբեր 28,2017 18:45

Նախարարը շնորհավորեց բոլորին աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանի տարած հաղթանակի առիթով՝ նշելով, որ եւս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: «Հուսով եմ՝ Լեւոնն ի վերջո կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը»,- ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարը խոսեց իր ղեկավարած գերատեսչության թիրախային գլխավոր խնդիրների՝ առողջ ապրելակերպի, սպորտի մասսայակայանցման մասին, որոնց ուղղված ծրագրերի իրականացման արդյունքում հասարակության ընդգրկվածության թվաքանակը գրեթե երկու անգամ աճել է:

Նա տեղեկացրեց նաեւ, որ Չինաստանի դեսպանատան հետ համատեղ Վանաձորում ավարտվել է մարզահրապարակի կառուցումը եւ որ մինչեւ տարեվերջ եւս երկու քաղաքում պատրաստ կլինեն սպորտային հրապարակներ: «Այս տարի բացվեցին Օլիմպավանի լողավազանը եւ խաղային երկու դահլիճները: Կառավարությունից ստացել ենք 668 հանձնարարական, որից 615-ը կատարել ենք ամբողջությամբ եւ որակով, իսկ մյուսներն ընթացքի մեջ են», ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Անդրադարձ եղավ նաեւ ծանրամարտում դոպինգի օգտագործման պատճառով առաջացած խնդրին եւ մեր հենակետային երկու ֆեդերացիաների՝ նույն ծանրամարտի եւ ըմբշամարտի ներկայիս վիճակին: «Դեռեւս առկա են 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերում ծանրորդների դոպինգի օգտագործման պատճառով առաջացած խնդիրները: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ 2012 թվականից հետո ստեղծվեց հակադոպինգային կենտրոն, որն այսօր Արեւելյան Եվրոպայի առաջատար կազմակերպություններից է: 2013 թվականից սկսած մեր ոչ մի առաջատար մարզիկի դոպինգ թեստ դրական արդյունք չի տվել: Սպասում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստին, որտեղ քննարկվելու է այս տարվա աշխարհի առաջնությունում նաեւ Հայաստանի մասնակցության հարցը: Այնպես, որ վտանգ դեռ կա», – ասաց նախարարը:

Aravor.am-ի առաջարկով Հրաչյա Ռոստոմյանը անդրադարձավ նաեւ զինակոչային տարիքի մարզիկների խնդրին «Պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք մարզիկների զինվորական ծառայության հարցն ու գտել տարբերակ: Մարզիկները ստանալու են չորս տարվա տարկետում: Նրանք այդ ընթացքում պետք է ավելի լավ եւ նպատակաուղղված մարզվեն, միջազգային հարթակներում մեդալներ նվաճեն, որպեսզի տարկետման իրավունքը եւս չորս տարով երկարաձգվի: Ովքեր այդ ընթացքում չեն կարողանան մեդալ նվաճել, կամ Եվրոպայի առաջնություններում զբաղեցնել առնվազն 5-րդ տեղը՝ կզորակոչվեն բանակ: Իսկ օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները, աշխարհի չեմպիոնները համարվում են որպես զինվոր, որոնք իրենց պարտքը հայրենիքի առջեւ կատարել են»:

Նախարարը նշեց, որ շուտով կկարգավորվի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցը. «Կոսմետիկ նորոգումն անիմաստ է: Պետք է նոր կենտրոն կառուցել անհրաժեշտ բոլոր պայմաններով: Շուտով պատրաստ կլինի շինության գծագիրը, որը կներկայացվի ՀՀ նախագահին: Հավանության արժանանալու դեպքում հաջորդ տարի կսկսվի կառուցումը», – տեղեկացրեց Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարը համոզված է նաեւ, որ հայ մարզիկները կարող են փայլել ոչ միայն մենապայքարային մարզաձեւերում. «Խաղային մարզաձեւերը նույնպես կարելի է Հայաստանում զարգացնել: Պարզապես,  պետք է  սրտացավ մոտեցում եւ պրոֆեսիանոլիզմ: Մենք դա ցույց տվեցինք բասկետբոլի օրինակով:

Ինչ վերաբերում է ծանրամարտի եւ ըմբշամարտի ֆեդերացիաների հետագա ճակատագրին, երկուսն էլ այսօր գտնվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Այլապես, մենք լուրջ խնդիրների առջեւ կկանգնեինք: Գագիկ Ծառուկյանը թույլ չի տա, որ մեր ֆեդերացիաները անօգնական մնան»,- ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930