Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստիպված կլինենք նորից Ազգային ժողովում բարձրացնել 60 տոկոս պարտքի շեմը». եկող տարի պետական պարտքը կարող է հասնել 7 միլիարդի

Հոկտեմբեր 02,2017 20:33

Հնարավո՞ր է, որ եկող տարի պետական պարտքը հատի 7 միլիարդ դոլարի սահմանը հարցին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել էր` հնարավոր է:

Ըստ նախարարի, այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 259 միլիոն դոլար: Վարդան Արամյանի խոսքով, տարին կփակենք 6 միլիարդ 700 միլիոն դոլար պետական պարտքով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն օգոստոսին պետական պարտքն աճել է մոտ 58 միլիոն դոլարով:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցնելով տարեկան կտրվածքով բյուջեի ուղերձները, նկատում է, որ դրանցում ավելի քիչ շեմ էր նախատեսված. «Բայց, այնուամենայնիվ, այս տարի եւս թերակատարվելու գործընթաց է տեղի ունենում, այս տարի եւս տեղի է ունենում մի գործընթաց, որ մենք ավելի շատ պարտք ենք վերցնում քան` պլանավորված էր: Դա մի քաղաքականություն է, որը, կարելի է ասել, վերածվում է արատավոր պրակտիկայի եւ շարունակվում է` անկախ նրանից, թե նախարարների մակարդակով ինչեր է հայտարարվում: Եվ այս գործընթացը, որը շարունակվում է եւ պարտքը կարող է հատել արդեն 7 միլիարդի սահմանագիծը, դա նշանակում է, որ մենք, մյուս տարիների կտրվածքով, արդեն կգերազանցենք ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը եւ ստիպված կլինենք նորից Ազգային ժողովում բարձրացնել պարտք վերցնելու այդ շեմը, որը 60 տոկոսի վրա է հիմա ֆիքսված: Այսինքն` դեռ դրան չեն մոտեցել, սակայն ամեն ինչ տանում է դեպի այդ ցուցանիշը»:

Ըստ Վիլեն Խաչատրյանի, տարեց տարի ծանրանալու է պարտք վերցնելու բեռի խնդիրը, եւ դժվար է լինելու այլեւս պարտք վերցնելը. «Դա է նաեւ պատճառներից մեկը, որ ստիպված են լինում դիմել ներքին պարտքի օգնությանը, այլ ոչ թե արտաքին եւ երկրորդ` խնդիրներ են առաջանալու արդեն սպասարկման տեսանկյունից»:

Տնտեսագետի խոսքով, ներքին պարտքի ձեւավորման գործում եւ հատկապես` բյուջեի պակասորդի ֆինանսավորման մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ է սկսում զբաղեցնել բանկային հատվածի դերը. «Այսինքն` մեր կառավարությունը ֆինանսավորում է, ինչ-որ առումով, պարտքը սպասարկող այնպիսի կառուցվածքի, ինչպիսին բանկային համակարգն է:

Այսինքն` բանկերը ֆինանսավորում են մեր բյուջեի դեֆիցիտը, իսկ դրանց դիմաց տոկոսներ տրվում են բանկերին: Կառավարությունը փաստացի բանկերին գումար է տալիս իրեն ֆինանսավորելու համար, իսկ դա ձեւավորվում է արատավոր փակ շղթա, որի արդյունքում տնտեսությունը զարգանալ չի կարող: Իսկ բանկերին, շատ ավելի ձեռնտու է դառնում որպես այդպիսին, գործընկեր ընտրել պետությանը` այլ ոչ թե մասնավորին, որովհետեւ պետությունն իր ամբողջ գույքով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար»:

Կդժվարանա՞ արդյոք յոթ միլիարդանոց պարտքի սպասարկումը հարցին պարոն Խաչատրյանը ասում է` բնականաբար` այո:

«Արդեն պարտքի բեռը տարեկան կտրվածքով մայր գումարի եւ տոկոսագումարների տեսքով, մոտավորապես 300 միլիոն դոլարի մասին է խոսք գնում, հետագա տարիներին, դա ավելացող պարտքի պայմաններում ավելի լուրջ բեռ է լինելու կառավարության վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031