Սիսիանի գործող քաղաքապետ, նաև նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Արթուր Սարգսյանին դուր չի եկել աշխատակազմի կողմից իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումը:
Հիշեցնենք, որ երեկ մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես քաղաքապետարանի աշխատակիցները՝ Արթուր Սարգսյանի լուսանկարով շապիկներ հագած, դիմավորում և շնորհավորում էին քաղաքապետին:
Aravot.am-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց՝ իրեն դուր եկե՞լ է աշխատակիցների կողմից կազմակերպվածը: Քաղաքապետը պատասխանեց. «Իհարկե, դուր չի եկել: Տեղյակ էլ չեմ եղել, եթե տեղյակ լինեի, ո՞նց թույլ կտայի: Իմ ծնունդը եղել է ապրիլի 28-ին, այսօր հոկտեմբերի 27-ն է: Եթե տեսանյութը դիտել եք, տեսած կլինեք, որ անակնկալի եմ եկել: Ես տեղյակ չեմ եղել, այդ օրը ես աշխատանքի չպետք է գնայի: Գնացել եմ պատահական, անակնկալի եկել: Հետո բոլորին կանչել, ասել եմ՝ չի կարելի նման բան անել, ու թեման փակվել է: Իմ տեղակալը, աշխատակազմի ղեկավարն էլ տեղյակ չեն եղել: Մի քանի երիտասարդ աշխատակիցներ՝ նոր ընդունված, նրանք են նախաձեռնել, մարդիկ էլ նկարել են, հիմա էլ ընտրությունների նախաշեմ է, օգտագործում եմ ինձ քննադատելու համար»:
Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ ժողովուրդն իրեն սիրում է, ինքն էլ ժողովրդական մարդ է: Այնուհետև նշեց, թե իր «դեմը Բարգավաճից մարդ են դրել՝ նախկին քաղաքապետի փեսան, ուստի այդ տեսանյութն օգտագործում են իր դեմ. ուրիշ խնդիր չկա»:
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, պարոն Սարգսյանն ասաց. «Եթե այդ խնդիրը Նաիրա Զոհրաբյանին շատ էր հուզում, թող ապրիլի 29-ին, մայիսի 1-ին կամ հունիսի 5-ին անդրադառնար: Տեղյակ էլ չեմ եղել, որ կայքերում այդ տեսանյութը դրել են: Թող Նաիրա Զոհրաբյանը կայքերից վերցներ ու ԱԺ-ում բարձրացներ, թե Սիսիանի քաղաքապետն ինչո՞ւ է նման բան անում: Նոյեմբերի 5-ին ընտրություններ են, և շահարկում են. ուրիշ խնդիր չկա»:
Մեր հիշեցմանը, թե մամուլում լուրեր տարածվեցին, որ հենց իր հրահանգն էր եղել նման շապիկներ կրելը, պարոն Սարգսյանն ի պատասխան ասաց. «Տեսանյութում պարզ երևում է, որ անակնկալի եմ գալիս: Ես տեղյակ չեմ եղել, ես դաստիարակություն եմ ստացել, թույլ չէի տա, որ նման բան լիներ»:
Մեր դիտարկմանը, թե նման նախաձեռնությունները մեկ օրում չեն ծնվում, աշխատակիցները քաղաքապետի շփումներից ուրեմն հասկացել են, չէ՞, որ նրան նման բաները դուր կգան, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Շփումներում ես հասարակ եմ՝ ժողովրդի հետ: Կարող եք գալ, ժողովրդին հարցնել: Ժողովուրդն ինձ ընդունում, հարգում է: Հիմա, որ ընտրություններ են, մարդկանց մի ուրիշ բան է պետք, գուցե Ձեզ էլ՞ է դա պետք, կարող եմ չշարունակել: Ո՞նց կարող է ինձ նման բանը դուր գալ, եթե մարդկանց նկատողություն եմ արել և լուրջ հրահանգել, որ չի կարելի այդպիսի բան անել: Ո՞նց կարող էր ինձ նման բանը դուր գալ. ես հո 18 տարեկան չե՞մ»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ այս միջադեպն իր վարկանիշի վրա բացասաբար չի՞ ազդի, Սիսիանի գործող քաղաքապետը վստահեցրեց, որ ոչ ու մեկնաբանեց. «Տասնմեկ ամիս է աշխատում եմ. այդ ընթացքում մարդիկ ոչինչ չեն կարողանում գտնել, որ քննադատեն ինձ: Ընդամենն այդ ծնունդն է, էդ էլ դե ծնունդ է, հիմա արել են, հո չէի՞ սպանելու մարդկանց: Ընտրական պայքարում գործող քաղաքապետին պետք է քննադատեն, բայց քննադատելու ոչինչ չունեն: 11 ամիս արել եմ, բայց ոչ թե բյուջեի հաշվին, այլ իմ ընկերության, ծրագրերի միջոցով: Մարդիկ չեն կարողանում ինձ քննադատել, դա են գտել: Հիմա դե դա էլ աշխարհի վերջը չէ. արել են, ես էլ ասել եմ, որ չի կարելի, պետք է չանեք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ