Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Նյու Յորք Թայմս»-ի հերթական բեսթսելլերը թարգմանվեց հայերեն. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 28,2017 21:07

«Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր «Աղմկոտ լռություն» վեպի հայերեն թարգմանությունը այսօր՝ նոյեմբերի 28-ին, ներկայացվեց հայ ընթերցողի դատին։ Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը և գրքի հեղինակ Շերոն Դրեյփերը։

«Երբ ես գրում էի այս գիրքը, չէի մտածում, որ այն այսքան մեծ ազդեցություն կունենա։ Ինձ համար մեծ պատիվ է սա»,- տպավորություններով կիսվեց հեղինակը։

Նրա մեկնաբանությամբ՝ չնայած գիրքը 11-ամյա աղջկա մասին է, այն նախատեսված է թե՛ մեծերի, թե՛ փոքրիկ ընթերցողների համար։ «Գիրքը կարդալով ընթերցողը կարող է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում հայտնվել գրքի հերոսուհու իրավիճակում, ով հաշմանդամ էր։ Դուք կարող եք հենց նրա աչքերով տեսնել այդ ամենը։ Յուրաքանչյուրս իր ներսում ունի մի բան , որով տարբերվում է, և որը նրան դարձնում է ավելի ուժեղ, բայց այս աղջնակի պատմությունը կարող է միավորել բոլորիս»։

Դրեյփերը նշեց, որ ունի երեխա, ով հաշմանդամություն ունի, բայց իր աղջիկը գրքի հերոսուհու՝ Մելոդիի նման չէ․ «Ես ուզում էի պատմել մեկի պատմությունը, ով բոլորից տարբերվում էր։ Հաշմանդամության շատ տարբեր տեսակներ կան, թեև Մելոդին ներկայացնում է միայն մեկը, բայց նա բարձրացնում է շատերի ձայնը»,-նշեց հեղինակը։

ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը շնորհանդեսի ժամանակ կարծիք հայտնեց, որ այս գիրքը կհասնի այն մարդկանց սրտերին, ովքեր աշխատում են ապահովվել ներառական կրթությունը Հայաստանում․ «Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրթություն, լինելու հասարակության անդամ։ Սա նշանակալից քայլ է բոլորիս համար»,-նշեց նա ։

Գրքի շապիկի ձևավորման վերաբերյալ Դրեյփերը մեզ հետ զրույցում հետևյալ մեկնաբանությունը տվեց․ «Շապիկին պատկերված է ձուկ ։ Այն ներկայացնում է աղջկան, ով գտնվում է այս մեծ աշխարհում։ Ի՞նչ կարող են անել ձկները՝միայն գնալ այս ու այն կողմ։ Ձուկը հնարավորություններ ու եղանակներ չունի, այսպիսով Մելոդին ներկայացնում է ձկանը, իսկ ձուկը՝ Մելոդիին»։ Նա ավելացրեց, որ փորձում է հաղորդագրություն չդնել վիպակում․ «Ես չեմ ուզում սովորեցնել ինչ-որ բան, ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ հասկանան՝ ամեն մարդ մի ձև է և ամեն մարդ ունի դժվարություններ ու խնդիրներ,բայց մենք բոլորս մարդ ենք»։

Գիրքը անգլերենից թարգմանել է մասնագիտությամբ լոգոպետ Արմինե Ավագյանը։ Հարցին, թե թարգմանելիս հիմնականում ինչ դժվարությունների է հանդիպել, նա պատասխանեց․ «Հիմնական դժվարությունն այն էր, որ ես անվերջ ուզում էի բոլոր էմոցիաները թարգմանել։ Գիրքը էմոցիոնալ է առաջին բառից մինչև վերջինը , և ես շատ կտխրեի, եթե հանկարծ ստացվեր, որ գրքի էմոցիաները դուրս են մնացել»։

Իսկ վերնագրի ընտրության վերաբերյալ, որը բնագրից(Out of my mind) թարգմանվել է այլ կերպ՝ «Աղմկոտ լռություն», նա երկու պատճառ ներկայացրեց․ «Մի կողմից աղմուկ կա 11 տարեկան աղջկա մեջ, որը լռությամբ է արտահայտվում, որովհետև նա չի կարող խոսել, մյուս կողմից լռությունը նաև Մելոդիի շուրջն է։ Նրա շուրջը կան մարդիկ, ինչ-որ տեղ քննադատական հայացքներ, գործողություններ, բայց իրենք էլ ոչինչ չեն ասում ու էլի լռություն է։ Այդ առումով գտնում եմ, որ վերնագիրը համապատասխանում է վիպակին»։

Գիրքը ընթերցողների համար հասանելի կլինի ԱՄՆ դեսպանատանը , Երևանի Չարենցավանի, Կապանի, Գյումրու, Վանաձորի ամերիկյան անկյուններում, ինչպես նաև որոշ բուհերի գրադարաններում։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    …Everybody uses words to express themselves. Except me. And I bet most people don’t
    realize the real power of words. But I do.
    Thoughts need words. Words need a voice.
    I love the smell of my mother’s hair after she washes it.
    I love the feel of the scratchy stubble on my father’s face before he shaves.
    But I’ve never been able to tell them․

    Գրքի թարգմանությանը անծանոթ եմ, բայց համոզված եմ որ հաջողված կլինի։ Հայերեն տարբերակը ներկայումս խիստ անհրաժեշտ է, նույնիսկ մի բան էլ ուշացած։
    Այն խոսո՛ւմ է չ՛խոսողների փոխարեն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930