Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից Իրանը մի ուրույն պետական-քաղաքական համակարգ է, որը դրսից ուղղակի հնարավոր չէ պայթեցնել. «Հայոց աշխարհ»

Հունվար 09,2018 10:33

Դեկտեմբերի 28-ին Իրանում սկսված եւ մոտ մեկ շաբաթ տեւած բողոքի ցույցերը խորին անհանգստությամբ ընդունվեցին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոնակատարությունների մեջ գտնվող Հայաստանում։

Եվ դա միանգամայն բնական է, քանի որ Իրանի ներսում իրադրության հետագա ապակայունացումը կարող է լուրջ ազդեցություն գործել մեր երկրի աշխարհաքաղաքական ընդհանուր կացության վրա։

Անցած օրերի ընթացքում համացանցը ողողած տեղեկատվական հոսքերի բազմազանության ու հակասության մեջ մենք փնտրում էինք Իրանում տիրող իրավիճակի գնահատման այն ռացիոնալ չափորոշիչները, որոնք թույլ են տալիս կանխատեսել դեպքերի զարգացման ընթացքը։ Անշուշտ դժվար էր տեղի ունեցածի պատճառների անմիջական լիարժեք հստակեցումը, բայց արդեն իսկ ակնհայտ են երկու՝ արտաքուստ հակադիր, բայց խորքում փոխլրացնող իրողություններ։

Առաջին՝ Իրանի ներսում գոյություն ունեցող տնտեսական ու սոցիալական խնդիրները անխուսափելի էին դարձրել այդ երկրի բնակչության մի մասի նախաամանորյա դժգոհության դրսեւորումները։

Երկրորդ՝ Իրանի շուրջ ծավալվող զարգացումները իրենց որոշակի ազդեցությունը գործեցին այդ երկրի ներսում կուտակված դժգոհությունները քաղաքականացնելու հարցում, բայց չէին կարող հունավորել իրադարձությունների ընթացքը։

Վերջին օրերին համացանցում ծավալվող բանավեճն առ այն, թե որքանո՞վ են հրահրված իրանյան դեպքերը, որպես փորձագիտական գնահատական, իր հիմքում սխալ է, միակողմանի։ Իրանի քաղաքացիներին սեփական իշխանությունների դեմ հանելու փորձեր միշտ էլ եղել են ու կլինեն, որովհետեւ վերջին տարիներին այդ երկիրը զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը Մերձավոր-Միջինարեւելյան տարածաշրջանում։

Խնդիրը միայն այն է, թե նման փորձերն իրենց համար պարարտ հող կգտնեն Իրանի ներսում։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանում արտաքին հրահրումների ազդեցության աստիճանը ուղիղ համեմատական է երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրների կուտակման եւ հակադարձ համեմատական՝ դրանց լուծման գործընթացի հետ։

Ժամանակակից Իրանը մի ուրույն պետական-քաղաքական համակարգ է, որը դրսից ուղղակի հնարավոր չէ պայթեցնել։ Ավելին՝ դրսի չափից վեր ակտիվացումը հանգեցնում է նրան, որ Իրանը կծկվում է «ոզնու» նման եւ իր «փշերն» է ցույց տալիս արտաքին թշնամուն։ Ուրեմն Իրանի ապագան կախված է նրանից, թե այսուհետեւ ինչ եզրահանգումներ կկատարի նրա հոգեւոր ու քաղաքական վերնախավը, ինչ ուղղությամբ կառաջնորդի երկիրը։

Որովհետեւ ավելի քան ակնհայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում Իրանը ամուր դիրքեր ունի, ուստի պատահական չէ, որ բողոքի ցույցերը բացահայտ աջակցության արժանացան միայն ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից։

Անշուշտ դրանց հրահրման հարցում շահագրգիռ կողմ է նաեւ Սաուդյան Արաբիան, սակայն ակնհայտ է, որ անգամ Եվրամիությունը Իրանի ներքին կայունության պահպանման խնդրում վերջին օրերին հստակորեն սահմանազատվեց ԱՄՆ-ից։ Եվրոպացիները սոսկ անհանգստացան Իրանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակից եւ հրավիրեցին այդ երկրի արտգործնախարարին՝ հարցի քննարկման համար, բայց միաժամանակ անվերապահորեն ընդունեցին գոյություն ունեցող խնդիրների ներիրանական բնույթը։

Իսկ ահա մնացած բոլոր հարեւանները՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, աջակցություն հայտնեցին Իրանի իշխանություններին։ Դրանց շարքում ուշագրավ է մանավանդ՝ թուրք-ադրբեջանական դիվանագիտության պահվածքը, որն իր ազդեցությունն ունեցավ նաեւ Իրանում առկա ամենամեծ փոքրամասնության վրա։

Վարդան Գևորգյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031