Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն ու ԱՆ-ն չեն բացահայտում Ալբերտ Դալլաքյանի վիրահատությունը ստանձնած հայ բժիշկների անունները

Հունվար 30,2018 18:45

2016 թվականին Արցախի Հադրութի զորամասում ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի ընտանիքը սպասում է, թե երբ է Գերմանիայի համապատասխան կլինիկան վիրահատության օրը նշանակելու: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը: Նա ասաց, որ այս պահին բանակցություններ են տանում կլինիկայի հետ, փաստաթղթերի փաթեթը վաղուց են ուղարկել:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքվել է: Այս դրամահավաքը նախաձեռնվեց, երբ հայտնի դարձավ, որ պետությունն, ըստ օրենքի, չի կարող հոգալ Ալբերտի՝ դրսում բուժվելու ծախսերը, քանի որ հանձնաժողովը որոշել է, որ նրա վիրահատությունը հնարավոր է նաեւ Հայաստանում իրականացնել: Բացի այս, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էլ վստահեցրել է, որ Ալբերտ Դալլաքյանը չի կարող իրենց շահառուն լինել եւ ֆինանսական աջակցություն ստանալ, քանի որ նա վիրավորվել է հիմնադրամի հիմնադրվելուց առաջ:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում կատարված փոփոխությունից հետո սահմանվել է՝ «Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարը հատկացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով»:

Հենց այս օրենքի հիման վրա էլ Ալբերտ Դալլաքյանին պետությունը մերժել է պետբյուջեի հաշվին արտերկրում բուժման ուղարկել:

Թեեւ հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկները վստահեցրել ու ստորագրել են համապատասխան եզրակացությունում, որ Ալբերտի վիրահատությունը հնարավոր է իրականացնել Հայաստանում, սակայն Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը անձամբ է հանդիպել վիրահատությունը ստանձնող հայ բժիշկների հետ: Սակայն, ինչպես տիկին Արմինեն է հայտարարել, այդ բժիշկները Ալբերտի մոր հետ հանդիպման ժամանակ հրաժարվել են վիրահատել:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Արմինեն պարզաբանեց. «Մեր նեյրովիրաբույժները շատ լավն են, բայց այն վիրահատությունը, որ պետք է արվի, այստեղ նոր են սկսել անել, մեծ փորձ չունեն: Առողջապահության նախարարության ասած 3 բժիշկների հետ հանդիպել եմ, 2-ն ասել են, որ նման վիրահատություն չեն անում, 3-րդն էլ ասել է՝ կանեմ, բայց երաշխիք չեմ տալիս, ոնց կստացվի՝ կստացվի: Ես հասկանում եմ, որ սա անգամ դրսում բարդ վիրահատություն է, բայց այնտեղ գոնե հմտություն ունեն, ու վաղուց են նման վիրահատություն անում: Ես գիտակցում եմ, որ մեզ ծանր փորձություն է սպասվում»:

Թե ովքեր են այդ բժիշկները, որոնք Ալբերտի վիրահատության հնարավորության մասին եզրակացությունում ստորագրել են, սակայն հետո հրաժարվել վիրահատել, տիկին Արմինեն մեզ նրանց անունները չբացահայտեց: Նա ասաց, որ ինքն ու որդին հիմա շատ լարված են, եւ չեն ցանկանում իրավիճակն ավելի սրել ու թեժացնել, Ալբերտն էլ ամեն նոր նյութ կարդալիս՝ ծանր ապրումներ է ունենում. «Հիմա ինձ համար գլխավորը տղաս կազդուրվի: Բժիշկների անունները նախարարությունն էլ լավ գիտի»:

Մենք փորձեցինք առողջապահության նախարարությունից պարզել բժիշկների անունները, հասկանալու՝ հակասությունը, ինչպես նաեւ նախարարի մամուլի քարտուղարին խնդրեցինք պարզաբանել, մեկնաբանել Արմինե Ղազարյանի հայտարարությունը, թե վիրահատությունը ստանձնող բժիշկները ինչո՞ւ են հետո հրաժարվել այն իրականացնել:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ «Այո, այդ վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում»:

Ինչ վերաբերում է բժիշկների անունները բացահայտելուն, հանձնաժողովի տված եզրակացությունը մեզ տրամադրելուն եւ Ալբերտի մոր ասածները մեկնաբանելուն, տիկին Հայթայանն ասաց. «Մոր ասածը մենք չենք մեկնաբանում, ոչ էլ՝ տղայի: Ես ունեմ եզրակացությունը, մասնագետները ստորագրել են, որ հնարավոր է կատարել վիրահատությունը: Եզրակացությունը անձնական է, չենք կարող տրամադրել: Բժիշկների անունները չենք կարող հրապարակել: Եվ ես ինչո՞ւ պիտի մի կնոջ հայտարարությունը մեկնաբանեմ»:

Մենք փորձեցինք պաշտպանության նախարարությունից էլ գրավոր հարցման միջոցով Ալբերտ Դալլաքյանի վիրահատության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը ստանալ, ինչպես նաեւ բժիշկների անունները ճշտել, քանի այդ հանձնաժողովը ՊՆ-ն է ղեկավարում: Նաեւ հետաքրքրվել էինք, թե որ օրենքով կամ որոշմամբ է կարգավորվում զինծառայողին արտերկիր բուժման ուղարկելու հարցը: ՊՆ-ն մեր հարցումից մեկ շաբաթ հետո պատասխանեց, սակայն թերի: ՊՆ-ն էլ բժիշկների անուններն ու հանձնաժողովի եզրակացությունը մեզ չտրամադրեց: Ընդ որում, այս գերատեսչությունը մեզ գրավոր տրամադրած իր պատասխանում ոչ էլ հիմնավորել է, թե ինչո՞ւ եզրակացությունն ու անունները չի տրամադրում: Փոխարենը 2 էջով ներկայացրել է, թե զինծառայողների արտերկրում բուժումը որ օրենքով ու որոշումներով է կարգավորվում:

Ինչո՞ւ են այսպես հույժ գաղտնի պահվում բժիշկների անուններն ու Ալբերտի վիրահատության մասին եզրակացությունը: Գուցե մանրամասն ուսումնասիրմամբ պարզվի, որ ՀՀ-ում անհնարին է Ալբերտ Դալլաքյանի վիրահատությունը, հետեւաբար կառավարությունը պարտավոր էր գումար տրամադրել դրսում նրա բուժման համար: Բայց, ցավոք, Ալբերտ Դալլաքյանը միակ զինվորը չէ, որի հանդեպ պետությունը օրենքով պարտավորություն ունի ֆինանսական աջակցություն տրամադրել՝ արտերկրում առաջատար կլինիկաներում բժշկական ծառայություն ստանալու համար:

Այլ հարց է, թե այդ միջգերատեսչական հանձնաժողովն ինչ է որոշում, գուցե առաջին հերթին հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները, ոչ թե զինծառայողների առողջությունը վերականգնելու լավագույն հնարավորությունները:

«Ես երախտապարտ եմ մեր ժողովրդին, որ Ալբերտի բուժման գումարը հավաքվեց, ժողովուրդն ապացուցեց, որ իր համար զինվորը մեծ արժեք է»,-ասաց Արմինե Ղազարյանը, նշելով՝ չի ցանկանում սրել թեման:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031