ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի եւ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ շարունակեց Հայաստան «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը, որով նա պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նշյալ որոշումը:
Քանի որ նախորդ նիստում բողոքը ներկայացնելուց «Իգլա»-ի մեղադրանքին առնչվող հատվածը կիսատ էր մնացել, Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Արտաշես Քալաշյանը շարունակեց՝ պնդելով՝ Բաբայանի՝ «Իգլա»-ի հետ առնչությունը կայացել է միայն նրանում, որ նա պարզապես կարծիք է հայտնել զենքի վերաբերյալ:
«Կարծիքը լսելուց հետո, որ զենքից մասեր են պակասում, Սանասար Գաբրիելյանը, որը, ինչպես ինքն է նշել, ցանկացել է զենքը բանակին նվիրաբերել, ինքնակամ հրաժարվել է զենքը գնելուց»,-հիշեցրեց պաշտպանը:
Նրա համոզմամբ՝ Բաբայանի հեռախոսային գաղտնալսումները եւս չեն հիմնավորում նրա մեղադրանքը. «Գործով մյուս մեղադրյալների հեռախոսային խոսակցությունները հիմնավորում են միայն այն, որ այդ անձինք միջոցներ են ձեռնարկել՝ զենքը գտնելու ուղղությամբ: Իսկ Սամվել Բաբայանի մասով տվյալներ առկա չեն»:
Քալաշյանը պնդեց՝ Բաբայանի մեղքը հիմնավորված չէ եւ պետք է իրականացնել արդարացման դատական ակտ:
Նիստի այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































