Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղցիները չափ են տալիս՝ Լեւոնը կարդում է իր հրաժարականը». ՀԱԿ-ում՝ ղարաբաղյան շարժման 30-ամյակն են տոնում (Ֆոտոշարք)

Փետրվար 02,2018 21:22

Այսօր մեկնարկեց Հայ Ազգային Կոնգրեսի եւ Կանանց Համահայկական միության կազմակերպած սեմինարների շարքը՝ Ղարաբաղյան Շարժման 30 ամյակին նվիրված: Արամ Մանուկյանը ներկայացրեց Ղարաբաղյան շարժման վերաբերյալ արխիվային նյութեր, հետաքրքիր ֆոտոներ, արխիվային փաստաթղթեր:

Արամ Մանուկյանն ասաց, որ Ղարաբաղյան շարժումը ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ: Նա ասաց, որ քանի դեռ Հայաստանում կան իշխանություններ, որոնք ժողովրդի միասնության այս շարժման արժեքը չգիտեն ու չեն գովազդում, այն վերջ չունի. «Սա մեր գործը չէր, իշխանությունները պետք է գովազդեին շարժումը ֆիլմերով, մրցույթներով՝ պետական մասնավոր միջոցներով գովազդեր իր ժողովրդի վեհությունը, գաղափարական լինելը: Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունների խելքը այդքան չի հասնում, նրանք այս արժեքների կրողը չեն եւ այդ գործը էլի մնացել է մեր վրա՝ ընդդիմության»:

Արամ Մանուկյանը պատմեց շարժման հետ կապված մանրամասներ, ցուցադրեցին, թե ինչ պլակատներ էին այն ժամանակ բարձրացվում Ազատության հրապարակում, ինչ թռուցիկներ, թերթեր էին տարածվում. «Այն ժամանակ ոչ ինտերնետ կար, ոչ youtube կար, բայց մեկ օրվա, ժամերի ընթացքում այս ամենը տարածվում էր, բազմացվում էր ամբողջ հանրապետության տարածքում: Մեր շարժման ամենակարեւոր առանձնահատկությունը համաժողովրդական լինելն էր»: Նա նաեւ պատմեց, թե ինչպես են Լիտվայի, Էստոնիայի հետ երթ արել իրենց դրոշներով ու շարժումը միջազգայնացրել. «Անընդհատ կապի մեջ էինք, մենք մասնակցում էինք նրանց համագումարներին, նրանք մասնակցում էին մեր համագումարներին եւ դա ժողովրդին տալիս էր ուժ, որ մենք միայնակ չենք»:

Արամ Մանուկյանը ներկայացրեց այն մտավորականների ցուցակը, որոնք շարժման մեջ էին՝ Հրանտ Մաթեւոսյան, Տիգրան Մանսուրյան, Օհան Դուրյան, Հակոբ Հակոբյան, Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Համբարձումյան, Սիլվա Կապուտիկյան, Վարդգես Պետրոսյան, Սարգիս Մուրադյան, Մարո Մարգարյան, Հենրիկ Իգիթյան, Սոս Սարգսյան, Սերո Խանզադյան, Գեւորգ Էմին եւ այլն. «Մեր երկրում չկար գիտնական, չկար մտավորական, կիսահայտնի կամ հայտնի մարդ, որը շարժման մեջ չլիներ»:

Արամ Մանուկյանը պատմեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը, ներկայացրեց կազմը, պատմական լուսանկարներ եւ ասաց, որ ցավոք, մի նկար չկա, որտեղ ողջ կազմով նկարված լինեն, գտել է երկու լուսանկար, որոնցում 11 հոգին կան:

Արամ Մանուկյանը, ներկայացնելով ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդկանց, ասաց՝ նրանք չէին ձգտում իշխանության, ուզում էին խնդիրներ լուծել՝ գործող իշխանությունների միջոցով ու նրանց արձանները պետք է մարդիկ կառուցեն:

Շարժման պլակատները ցուցադրելով՝ Արամ Մանուկյանն ասաց. «Սա իմ սիրած պլակատն էր, գրված է ЛОЖЬ ու ամբողջը սարքած է ПРАВДА թերթի գլխագրերով: Ամբողջ շարժման ընթացքում սովետական միության ԿԳԲ-ական ուժերը երկու ձեւով էին հարվածում՝ մեկ սխալ ինֆորմացիան էր, որ տարածվում էր կենտրոնական մամուլով եւ այս խխալ ինֆորմացիաները մեր ժողովրդին բարկացնում էին»:

Արամ Մանուկյանն ասաց, որ ամբողջ շարժման ժամանակ որեւէ դրոշ չեն վառել, բացասական էներգիա չկար, հումանիզմ էր, մեկը հաց էր բերում, ով ավտո ուներ, միտինգներից հետո մարդկանց տանում էր տներով ու հետաքրքիր է, որ այդ երկու տարվա ընթացքում միտինգների ամենապիկ ժամերին Հայաստանում հանցագործությունների աճ չի եղել. «Ոչ մի գողություն, ոչ մի դանակահարություն, մարդասպանություն, հանցագործությունների համար դա նպաստավոր վիճակ էր: Եթե մեկ մլն մարդ իր տանը չի, հրապարակում է, այնտեղ գողության հնարավորությունը բացվում է, հինգ հարբած կամ նարկոման մարդ լիներ մեջը՝ կդառնար դեբոշ: Ժողովրդի համերաշխ լինելը թույլ չտվեց որեւէ հանցագործություն»:

Նաեւ ցուցադրվեց Արա մ Մանուկյանի հեղինակած Ղարաբաղյան շարժմանը նվիրված «Տասնամյակ» կարճամետրաժ ֆիլմը, որը մի կադրի պատճառով որեւէ հեռուստատեսությամբ չի ցուցադրվել: Թե որն էր այդ կադրը՝ Արամ Մանուկյանը բացատրեց. «Կադրերոից մեկում Ղարաբաղի «Տատիկ-պապիկի» արձանն է, ղարաբաղցիները չափ են տալիս ձեռքերով ու Լեւոնը կարդում է իր հրաժարականը, այսինքն՝ ղարաբաղցիների շանտաժի արդյունքում հրաժարական է տալիս»:

Կադրերից մեկում էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որի դեմքը տեսնելուն պես ՀԱԿ-ի անդամներից ամեն մեկը իր դատավճիռը սկսեց կարդալ, մեկն ասում էր՝ «ռադ արեք էս ֆիլմից», մյուսը՝ անիծում: Արամ Մանուկյանն էլ ասաց՝ մի մոռացեք, որ սա դեռ 97 թիվն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728