Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Վարորդների սենյակը երբեւէ չի եղել եւ չի դիտարկվել որպես աշխատասենյակ». «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2018 11:33

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ մի քանի լրատվամիջոցների հրավիրել էր քաղաքապետարան ՝ շրջայց կատարելու եւ նկարահանումներ իրականացնելու։

Փոստանջյանը ներկայացրել էր մասնավորապես մի սենյակ, որտեղ հավաքված էին մի խումբ տղամարդիկ, իսկ սենյակում խաղաթղթեր կային ու խաղի հաշիվների մասին նշումով թղթեր։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, սակայն, շուտ լրագրողներին խնդրեց դուրս գալ շենքից, որովհետեւ նրանց շրջայցի հրավիրելն ինքնիրավչություն է եղել, եւ լրագրողները տարածք են մուտք գործել ներքին կանոնակարգի խախտումով։

Արթուր Գեւորգյանից փորձեցինք պարզել, թե ինչ սենյակ էր ներկայացվում տեսանյութում եւ ինչու էին այնտեղ խաղաթղթեր փռած։

– Պարոն Գեւորգյան, ի՞նչ սենյակ էր դա, ովքե՞ր էին այդ մարդիկ եւ ինչո՞վ էին զբաղվում ու ի՞նչ խաղաթղթեր էին այնտեղ։

– Նախ եւ առաջ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելու համար կա ներքին կանոնակարգ, որի խախտումով տվյալ խմբակցության ղեկավարը հրավիրել էր լրագրողներ, տարել այն տարածքներ, որի իրավասությունը ինքը չունի։ Շենք մուտք գործելու համար պետք է առաջնորդվել աշխատակազմի համապատասխան  կանոնակարգով։

Դա կլինի խմբակցության ղեկավար, վարչության պետ, միեւնույն է, շենք մուտք գործելը, շենքում գտնվելը, առավելեւս՝ նկարահանում կատարելը պետք է լինի համապատասխան կանոնակարգի համաձայն։ Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը իրավունք ունի լրատվամիջոցներին հրավիրել բացառապես իր աշխատասենյակ։ Բայց, ինչպես տեսանք, նա ինքնիրավչությամբ է զբաղվել եւ տարել է քաղաքապետարանի վարչական շենքի տարածքներով, իրականացրել է ինչ-որ նկարահանումներ, որի իրավունքը չունի։

– Ամեն դեպքում իրականությունը դրանից այլ չի դարձել, տեսանյութում տեսանք աշխատասենյակ, որտեղ տղամարդիկ էին հավաքված…

– Ոչ թե տեսաք աշխատասենյակ, խնդրում եմ հստակեցնել եւ չփորձել կեղծել կամ չփորձել այլ տեսանկյունից ներկայացնել վարորդների հանգստյան սենյակը։ Վարորդների սենյակը երբեւէ չի եղել եւ չի դիտարկվել որպես աշխատասենյակ։

– Ո՞ւմ վարորդներն էին նրանք։

– Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ծառայողական մեքենաների վարորդների մասին է խոսքը։ Նրանք, բնականաբար, պետք է ունենան իրենց աշխատանքային պայմանները։ Հանգստյան սենյակ եւս այդ մարդիկ պետք է ունենան, որտեղ եւ մուտք է գործվել, էլի եմ կրկնում, կանոնակարգը կոպիտ խախտելով։ Նա իրավունք չունի որեւէ մեկին այդտեղ ուղեկցելու։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728