Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ Ղարաբաղը կփակեն, հասկանո՞ւմ եք, ծիծաղելի է». Վաղարշակ Հարությունյանը՝ Գյումրիում ռազմական ոստիկանության մասին

Ապրիլ 04,2018 20:15

ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղինակ Հարությունյանը քիչ հավանական է համարում, որ հակառակորդը լայնամասշտաբ պատերազմի կգնա: Այսօր «Հայելի» ակումբում նա ասաց. «Ինքը վախենում է, ինքը տեսավ, որ մեր հակահարվածային խմբավորումն արդեն պատրաստ է, հասկացավ, որ այլ բաներ կարող է լինի եւ սա վերածվելու է լայնածավալ պատերազմի, որը չէր մտնում իր ծրագրերի մեջ:

Մենք պետք է գիտակցենք՝ մենք Ադրբեջանի հետ չենք կռվում, մեր պայքարը իրենց հետ չի միայն, մենք ունենք գործ ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ եւ որոշումներն ընդունվում են Ստամբուլում, իրենց բոլոր սպաները սովորում են Ստամբուլում: Պատերազմի ժամանակ վաշտից մինչեւ նախարար կողքերը կանգնած էին թուրք խորհրդականները, էլ չեմ ասում, որ իրենց զինվորներն են մասնակցել: Իրենց բանակը կառուցված է ամբողջովին թուրքական բանակի կառուցվածքով, համազգեստին նայեք, նույնն է»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի, եթե Ադրբեջանը մենակ լիներ, թուրքերը չաջակցեին, մեր պոտենցիալը բավարար էր. «Եթե այստեղ ենք վերցնում, մեր պոտենցիալը բավարար չի, որովհետեւ մեր բանակի բյուջեն նայեք, Ադրբեջանի բանակի բյուջեն, ուղղակի չեք կարող համեմատել: Ո՞նց ենք մենք դա ապահովում՝ շնորհիվ նրա, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՌԴ-ում այս տարիների ընթացքում մենք պատրաստել ենք 4000 սպա անվճար: Մի սպան 97 թվի գներով ասեմ՝ մեկ ամիսը արժի 2200 դոլար, էլ չեմ ասում, որ եթե նա կրակում է, 8000 դոլար արժի, մեկ ժամ թռիչքը, եթե օդաչու ենք պատրաստում՝ 15 հազար դոլար է: Եթե այդ գներով հաշվում ենք, դա կազմում է կես մլրդ դոլար, էլ չեմ ասում զենք-զինամթերքը:

Հիմա ո՞նց ենք մենք 400 մլն-ով բանակ պահում, զենք ձեռք բերում ու ապահովում բալանսը: Իսկ Իսկանդերի մասին ընդհանրապես չեմ ասում, մենք չէինք կարող ձեռք բերել դա: Դա ռազմավարական զենք է, ոչ մեկի չի վաճառվում, մենք ունենք դա, որը հասանելի է դարձնում բոլոր թիրախները: Սա է զսպող գործոնը եւ Ադրբեջանը քիչ հավանական է պատերազմի գնա, ինքը այսպիսի շանտաժային միջոցներով է գնում: Իր հույսն այն է, որ մեր տնտեսությունը փլուզվի, արտագաղթ լինի ու ինքը խաղաղ գա մտնի այստեղ: Ինչ նա անում է՝ ռազմաքաղաքական ճնշում է մեզ վրա»:

Հարցին՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի, ռազմական ոստիկանության ներկայությունն ինչպե՞ս եք գնահատում՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ի՞նչ մտահոգություններ կան: Օրինական է ամեն ինչ: Բազայի պայմանագիրը…ե՛ս եմ եղել մեր պատվիրակության ղեկավարը եւ մենք ստորագրել ենք այդ պայմանագիրը, ես այն անգիր գիտեմ: Ռազմական ոստիկանության մասին, որ խոսում են մարդիկ, թող մի հատ կանոնադրությունը վերցնեն նայեն: Իրենք լուծում են բանակի ներսում կարգապահության խնդիրը: Հիմա ՌԴ-ն մտցնում է այդ համակարգը, ասենք թե հակաօդային պաշտպանությունը անցավ բրիգադաների, դիվիզիաների:

Մեր բազան եղել է դիվիզիայի կազմում, հիմա մի 8 տարի առաջ անցավ դիվիզիայի, ո՞ւմ մոտ հարց առաջացավ: Ռազմական ոստիկանությունը ստորաբաժանումն է: Հիմա մեր բազայում 5000 մարդ կա, սահմանապահ զորքերում նույնպես 5000 մարդ կա: Մանկամիտ բաներ են խոսում կամ այլ խնդիր են լուծում՝ կասկած մտցնելու ՌԴ-ի հանդեպ: Եթե ինքը 10 հազար մարդ ունի այստեղ, եթե մի բան ուզենա անի, ոստիկանությունը կլինի լավագույն դեպքում, ասենք, 200 հոգի: Ասում են՝ Ղարաբաղը կփակեն, հասկանո՞ւմ եք, ծիծաղելի է: Մարդ որ կողքից նայում է, ասում են՝ ամենահին ազգն ենք աշխարհում, վեցնյակի մեջ ենք մտնում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ծիծաղելի է ուրիշ երկրի ոստիկանության ուժերը մեկ այլ սուվերեն պետությունում տեղակայելը, դա էլ հո սահմանների պաշտպանությո՞ւն չի՝ Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց. «Տեսնո՞ւմ եք, ես բացատրում եմ, նա շարունակում է: Ոստիկանությունը ստորաբաժանում է, բա ինչո՞ւ դուք չխոսեցիք, երբ այստեղ ուղղաթիռներ բերեցին մի քանի ամիս առաջ՝ 18 հատ ուղղաթիռ: Հիմա հարց եմ տալիս՝ սուվերե՛ն պետություն, ինչի՞ ենք մենք դիմել, որ բազան այստեղ լինի, եկեք հանենք, եկեք պահանջենք, որպեսզի մեզ գազը վաճառեն՝ ոնց որ աշխարհում են վաճառում, մեզ զենք չտան էլ զիջումներով, անկախ պետություն ենք, մեր սպաներին ինչի՞ են անվճար սովորեցնում»:

Դիտարկմանը, որ թող մեզ հավասարը հավասարին վերաբերվեն՝ Հարությունյանն արձագանքեց. «Տեսնո՞ւմ եք, ես հիմնավորում եմ, իսկ դուք նման բաներից եք խոսում: Ոստիկանությունը ստորաբաժանումն է բազայի, որի նպատակն է կարգապահությունը պահել, որպեսզի Պերմյակովի նման զինվոր չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30