«Հանուն Հայաստան Պետության» ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ թեեւ ապրիլի 1-ից 20-ի իրազեկում են ներկայացրել, սակայն գործողությունները սկսում են ապրի|ի 9-ից։ Նա տեղեկացրեց, որ առայժմ պարզ չեն ապրիլի 9-ից հետո իրականացնելիք իրենց հետագա քայլերը։
Ապրիլի 13-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս սկսում է իր հանրահավաքները։ Նրանք մինչ այդ շրջելու են մարզերով, իրազեկելու են իրենց հանրահավաքի մասին, իսկ ապրիլի 13-ին գործողություններ են սկսելու Երեւանում՝ Ազատության հրապարակում։
Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ուժերը նույն օրը հրապարակում լինելով՝ միմյանց չե՞ն խոչընդոտի։ «Միասնությունը ե՞րբ է խոչընդոտել, տարանջատումն է խոչընդոտում։ Ես կարծում եմ, որ մինչեւ ապրիլի 13-ը համագործակցության խնդիրները պետք է քննարկվեն եւ լուծվեն, հակառակ դեպքում՝ խոչընդոտներ կլինեն»,- ասաց Մակեյանը։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւս չեն կարծում, որ եթե տարբեր ուժեր միևնույն ժամին լինեն Ազատության հրապարակում, ապա կխանգարեն միմյանց։ Պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակը միմյանց միջեւ կիսելու խնդիր չեն տեսնում, ավելին՝ նա հույս հայտնեց, որ հրապարակը մարդաշատ է լինելու:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում