Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վկաների ամենաշատ հնչեցրած խոսքը՝ «չեմ հիշում»

Մայիս 16,2018 23:35

Այսօր՝ մայիսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական կողմը ներկայացնում են ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հայկ Մարգարյանը:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին տուժող Ժորա Սիմոնյանի հայրը`Գարսիկ Սիմոնյանը, Ժորայի եղբայրը`Վահրամ Սիմոնյանը եւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակից Թաթուլ Օթարյանը: Գարսիկ եւ Վահրամ Սիմոնյանների ցուցմունքներում շատ էր «չեմ հիշում» արտահայտությունը , ինչը մեղադրող Հայկ Մարգարյանը պատճառաբանեց այն բանով , որ դեպքից 7 ամիս է անցել: Գ. Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանի եւ մեղադրողների շատ հարցեր հուշող բնույթ ունեին, որոնց վերաբերյալ դատավարության կողմերը փոխադարձ առարկություններ էին ներկայացնում, այդ հարցերի մեծ մասը դատավոր Զոյա Զաքինյանը հանեց:

Պաշտպան Ալիխանյանը հարցապնդումներով փորձեց պարզել , թե ոստիկանության Իջեւանի բաժնում եւ Տավուշի մարզային վարչությունում գտնվելուց հետո հոկտեմբերի 4-ին մի քանի ժամ որտեղ են գտնվել Ժորա, Գարսիկ եւ Վահրամ Սիմոնյանները, ինչին Գարսիկ Սիմոնյանը հակասական պատասխան տվեց`սրճարանում, փողոցում, ավտոմեքենայում:

Պաշտպան Ռ.Ալիխանյանը ներկայացնելով դեպքից հետո ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում Գարսիկ Սիմոնյանի տված բացատրության եւ դատարանում նրա ցուցմունքի միջեւ առկա բազմաթիվ հակասությունները,Վահրամ Սիմոնյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքի միջեւ հակասությունները, դատարանին միջնորդել հրապարակել Գ. Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները եւ ծառայողական քննության ընթացքում նրա տված բացատրությունը, Վ. Սիմոնյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները: Մեղադրող կողմն այդ միջնորդությունների դեմ առարկեց, դատավոր Զ. Զաքինյանն միջնորդությունները մերժեց: Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031