Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները. թերությունները կվերլուծվեն

Մայիս 19,2018 21:43

Մայիսի 19-ին ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:

Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ:

ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը»: Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունն անցկացվել է երեք փուլով՝ ընդգրկելով նաև մարտավարական և բանակային ավիացիա:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ողջունել է ներկաներին, շնորհավորել զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռևս ըստ ուղղությունների ծանոթանում է իրավիճակին, սակայն առաջիկայում հանգամանալից կներկայացնի իր և նոր կառավարության տեսլականը:

 

Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո գլխավոր շտաբի պետը ներածական խոսքում անդրադարձել է զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին և նշեց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից: Այնուհետև համապարփակ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, ով նշել է, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր տարածաշրջանային հավանական զարգացումներին և զորքերի մարտական խնդիրներին համապատասխանող օպերատիվ-մարտավարական իրադրություն:

Տիրան Խաչատրյանը մանրակրկիտ վերլուծել է զորավարժության առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարևորել է գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաև՝ անծանոթ տեղանքում և իրադրությունում արագ կողմնորոշվելու անձնակազմի ունակությունը: Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը վերհանել է նաև նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում:

Արդյունքների ամփոփման ավարտին պատվոգրերով և նվերներով խրախուսվել են զորավարժության մասնակից մի շարք զինծառայողներ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031