Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Կրոնական ազատությունների վիճակը աշխարհում 2017թ.» զեկույցը. Հայաստանին նվիրված հատվածում մի շարք խնդիրներ են մատնանշվում

Մայիս 30,2018 22:11

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Կրոնական ազատությունների վիճակը աշխարհում 2017 թվականին» ամենամյա զեկույցը՝ անդրադառնալով նաև Հայաստանին:

Զեկույցում նշված է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուրն ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն, բացի այդ Սահմանադրությունը Հայ առաքելական եկեղեցին համարում է ազգային եկեղեցի: Միևնույն ժամանակ զեկույցը մատնանշում է մի շարք խնդիրներ՝ կապված կրոնական փոքրամասնությունների հետ: Մասնավորապես, փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի շրջանում որոշակի մտահոգություններ կային «Կրոնական ազատությունների» մասին օրենքի նախագծի հետ կապված, որի ընդունման դեպքում իրենց իրավունքները կարող էին սահմանափակվել: Փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ շարունակում են ազատ երկրպագել, մինչդեռ որոշ քրիստոնյաներ հայտարարել են, որ ստիպված են գաղտնի կերպով դավանել կրոնը հատկապես զինվորական ծառայության ժամանակ:

Զեկույցը նաև մատնանշում է, որ որոշ իրավապաշտպաններ, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ և աթեիստներ մտահոգված են այն կապակցությամբ, որ իշխանությունները  Հայ Առաքելական եկեղեցին ներառում են հանրային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հանրային կրթության՝ թույլատրելով դպրոցներում այնպիսի նյութեր տարածել, որոնցում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու և ազգային ինքնության միջև հավասարության նշան է դրվում:

Եհովայի վկաները, ի տարբերություն 2016 թվականի, չեն հայտնել իրենց հանդեպ ֆիզիկական բռնությունների մասին, բանավոր հարձակումների դեպքերը նախորդ տարվա 17-ից նվազել են` հասնելով 10-ի, այնուամենայնիվ նրանց մասին բացասական նյութեր են հրապարակվել մամուլում՝ փաստում է զեկույցը՝հավելելով, որ առցանց մամուլում, սոցցանցերում բացասական նյութեր տեղ են գտել նաև Հայ առաքելական եկեղեցու մասին: Նշվում է նաև, որ ի տարբերություն նախորդ տարիների կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները զինվորական ծառայության ժամանակ բռնության չեն ենթարկվել իրենց կրոնական հայացքների համար:

Ինչ վերաբերում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերին, ապա զեկույցի հեղինակների կարծիքով՝ դրանցում տեղ են գտել ոչ պատշաճ արտահայտություններ քրիստոնեության այլ ճյուղերի կամ այլ կրոնների մասին: Օրինակ՝ դասագրքերից մեկում Ավետարանչական եկեղեցու գործունեությունը բնութագրվում է որպես «հոգեորսություն»: Առարկայի հետ կապված մտահոգություններ ունեն նաև Հայաստանում բնակվող եզդիները, քանի որ այն դասվում է պարտադիր դասավանդվող առարկաների շարքին:Նրանք մտավախություններ ունեն, որ այս կերպ  փորձ է արվում եզդի երեխաներին կրոնափոխ անել:

Նշվում է, որ ԱՄՆ դեսպանը և դեսպանատան աշխատակիցները շարունակում են քարոզել կրոնական տոլերանտություն և միջկոնֆեսիոնալ երկխոսություն Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը: Բացի այդ նրանք պարբերաբար հանդիպում են կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում  կրոնական ազատության վիճակը՝ ասվում է Պետքարտուղարության զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը Հայաստանի բնակչությունը գնահատում է 3.1 միլիոն մարդ (2017թ. հուլիսի տվյալներով): 2011թ. մարդահամարի տվյալներով՝ բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Pew Research Center կազմակերպության 2017թ. մայիսին անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 82 տոկոսը համաձայնել է այն հայտարարության հետ, որ կարևոր է լինել Հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ երկրի ազգային ինքնությանը պատկանելու համար:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031