Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս. 2018» (Global Peace Index) զեկույցը, որի համաձայն այսօր աշխարհում խաղաղության ինդեքսն ավելի ցածր է, քան 10 տարի առաջ, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում հակամարտություններով, որոնք համաշխարհային տնտեսությանն արժեցել են տրիլիոնավոր դոլարներ:
Հայաստանն ընդհանուր աղյուսակում զբաղեցրել է 120-րդ, իսկ եվրասիական 12 երկրների շարքում 9-րդ հորիզոնականը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը 7 հորիզոնականով: Զեկույցի հեղինակները մատնանշում են, որ պատճառն արցախյան հակամարտությունն է: Միևնույն ժամանակ երկիրը լայնամասշտաբ բարելավումներ է արձանագրել անվտանգության տիրույթում:
Աշխարհի ամենախաղաղ երկիրը, ինչպես և նախորդ տարի, Իսլանդիան է, որին հաջորդում է Նոր Զելանդիան և Ավստրիան: Խաղաղության ամենացածր ինդեքսն աշխարհում շարունակում են ունենալ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրները, վարկանիշը երրորդ տարին անընդմեջ եզրափակում է Սիրիան (163-րդ հորիզոնական):
Հայաստանի հարևան երկրներից խաղաղության ամենաբարձր ինդեքսն ունի Վրաստանը՝ 102-րդ հորիզոնական, որին հաջորդում է Իրանը (131-րդ հորիզոնական), Ադրբեջանը (132-րդ հորիզոնական), Թուրքիան (149-րդ հորիզոնական): Ռուսաստանը 153-րդ տեղում է:
«Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ը հրապարակվում Է վերջին 12 տարիներին: Այս ինդեքսի հիմքում ընկած է այնպիսի գործոնների հետազոտումը, ինչպիսիք են հասարակության համախմբվածության մակարդակը, մարդու իրավունքների ոլորտը, քաղաքական ու տնտեսական կայունությունը, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը և այս կամ այն երկրի մասնակցությունը ռազմական գործողություններին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































