«Կա արդյոք տարբերություն ԹՐԻՓՓ-ի եւ «Զանգեզուրի միջանցքի» միջեւ, մեր տեսանկյունից չկա։ «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ մենք նկատի ունենք Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ կապը կամ միջանցքը, որը երաշխավորում է ԹՐԻՓՓ-ը։ Եթե նայենք ԹՐԻՓՓ-ի փաստաթղթերը, կտեսնենք, որ նույն ձեւակերպումներն են»,- ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ Բաքվից տեսակապի միջոցով ասաց Միջազգային հարաբերությունների վերլուծության և բազմամշակութայնության կենտրոնի փորձագետ Վասիֆ Հուսեյնովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ԹՐԻՓՓ-ը անվանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։
Նա հավելեց․ «Հիշում եմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո որոշ փորձագետներ Հայաստանից ասում էին, որ Ադրբեջանը ծրագրում է ներխուժել Հայաստան եւ համագործակցում է Ռուսաստանի հետ՝ Զանգեզուրի միջանցք բացելու համար։ Բայց դա տեղի չունեցավ, եւ ունենք ԹՐԻՓՓ-ը»։
Վասիֆ Հուսեյնովը կրկնեց Բաքվի իշխանությունների թեզերը, թե Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն «Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջները»։ Նրա խոսքով՝ այդ դեպքում «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի։
Երբ հարց հնչեց, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, ինչո՞ւ է Ադրբեջանը խառնվում, Հուսեյնովը պնդեց, թե դա Ադրբեջանի գործն է։ Հարց հնչեց նաեւ այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունում էլ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչո՞ւ չեն փոխում Ադրբեջանի Սահմանադրությունը։ Ի պատասխան Հուսեյնովը հղում արեց ՀՀ իշխանությանը, ասաց, որ Հայաստանի իշխանությունները նման պահանջ չեն ներկայացրել։ Նաեւ հայտարարեց․ «Ադրբեջանի Սահմանադրությունում տարածքային պահանջներ չկան Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»։
Կարդացեք նաև
Ադրբեջանցի փորձագետը նաեւ փորձեց խեղաթյուրել փաստերը եւ հայկական հազարամյա Արցախը ներկայացրեց որպես «Ադրբեջանի տարածք» եւ ասաց, թե նորմալ է, երբ Ադրբեջանի իշխանություններն այնտեղ են հրավիրում օտարերկրյա դեսպաններին եւ խոսում իբր թե «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության» հարցերի մասին։ Խոսքն Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը բռնայուրացնելու եւ այն այսպես կոչված «կովկասյան աղվանքի» ժառանգություն ներկայացնելու գործողությունների մասին է։
Նա անդրադարձավ Գանձասարում Ադրբեջանի կազմակերպած շոուից հետո Հայաստանում եղած արձագանքներին։ Ասաց, թե «Հայաստանում կան ռեւանշիստական ուժեր»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































