Լրահոս
Օրվա լրահոսը

Բուռն ծափահարությունների ներքո․ Գյումրու ավագանին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ եւ Լեւոն Սարգսյաններին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից

Հունիս 18,2018 16:33

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստին ԳԱԼԱ խմբակցությունը ներկայացրել էր չորս նախագիծ, նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրա եղբոր՝ Լևոն Սարգսյանին ու ԱԱԾ հանգուցյալ ղեկավար Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար։ Հարցերը, բնականաբար, ներկայացվեցին ու քվեարկության դրվեցին առանձին-առանձին։

Սերժ Սարգսյանին այդ կոչումից զրկելու հիմնավորումները ԳԱԼԱ խմբակցությունից ներկայացրեց Քրիստինե Մկրտչյանը։

«Այս նախագծով առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել Գյումրու քաղաքային համայնքի ավագանու՝ 2006 թվականի օգոստոսի 30-ի, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր կոչումը շնորհելու մասին թիվ 8 որոշումը։ Որպես հիմնավորում՝ ԳԱԼԱ խմբակցությունը ներկայացնում է այն, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանի լինել այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա, անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են մեր համայնքի զարգացմանը։ Ես նշեմ մի քանի անուններ, որոնք կրում են այդ կոչումը՝ Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Շառլ Ազնավուր, Արտավազդ Փելեշյան, Արթուր Ալեքսանյան։ Գտնում ենք, որ Սերժ Սարգսյանն այն անձնավորությունը չէ, որն արժանի է կրելու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը և գյումրեցիները՝ ի դեմս մեզ՝ իրենց ներկայացուցիչների, պետք է կարողանան իրեն զրկել այդ կոչումից»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը։

Նա ներկայացրեց մի քանի թվային տվյալներ, որոնք մեջբերված են Ազգային վիճակագրական ծառայությունից․ 2008-2018 թթ․-ին , այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տաս տարիների ընթացքում «ապահով» երկրից հեռացել ու չի վերադարձել 280 հազար քաղաքացի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007 թվականին աղքատ էր Հայաստանի բնակչության 26,5 տոկոսը,իսկ 2017 թվականին՝ շուրջ 30 տոկոսը։ ՀՀ պետական պարտքը 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ 1,9 միլիարդ էր, այժմ շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի է հասնում։

Քրիստինե Մկրտչյանն անդրադարձավ նաև Գյումրիին՝ նշելով, որ աղքատությունը 40 տոկոս է կազմում, արտագաղթը բավական մեծ թիվ է կազմում, կա անօթևանության չլուծված հարց, թեև Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստանում էր լուծել այդ հարցը։

Սամվել Բալասանյանը չմասնակցեց քվեարկությանը։ Գյումրու ավագանին 18 կողմ ձայնով զրկեց Սերժ Սարգսյանին կոչումից։

Զրկեցին նաև Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Սարգսյանին, բավարար կողմ ձայներ չլինելու պատճառով չզրկեցին միայն ԱԱԾ-ի հանգուցյալ պետ Գորիկ Հակոբյանին։

Քվեարկություններին կանդրադառնանք առանձին-առանձին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ուֆ, թե չէ ոնց պիտի լիներ: Սերժն ու Քոչարյանն էլ գիշերները չեն քնելու էդ դարդից, որ իրենց զրկեցին այդ պատվավոր կոչումից: Խնդլու է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930