Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կրակել, էտի ձեր սնայպերներն են»,- Խանդոյանի եւ ոստիկանի խոսակցությունը՝ ոստիկանի մահից հետո

Հունիս 27,2018 12:40 Share

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում այսօր դատավարության կողմերը լսեցին գործի նյութերում առկա ապացույցներից ռադիոհաղորդակցության ձայնագրությունները: ՊՊԾ գնդի գրավման օրերին ռադիոկապի միջոցով շփումներ են եղել զինված խմբի անդամների, ինչպես նաեւ՝ գնդի տարածքը շրջափակած ոստիկանների միջեւ: Խոսակցություններից մեկում խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», ռադիոկապով դիմում է ոստիկանության ծառայողին.

-Էտի մեր կրակոցները չեն, էտի ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում,-ասում է նա:

-Կրկնում եմ՝ մեր ծառայողն է զոհվել ձեր կրակոցից: Զենքերը վայր դրեք: Կամ հանձնվեք, կամ համարժեք պատասխան կստանաք,-արձագանքում է ոստիկանության ծառայողը:

-Մայո՜ր, ասում եմ՝ տենց բան չկա, մենք չենք կրակել: Էտ ձեր սնայպերներն են…Քանի պատերը չեք քանդել-ներս չեք մտել, մենք կրակողը չենք»,-լսվում է Խանդոյանի պատասխանը:

Մեկ այլ խոսակցության ժամանակ նա դիմում է զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանին. «Արեգ ջան, ոչ մի կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում…ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրը եւ դրան հաջորդող ժամանակահատվածում երեք ոստիկան է զոհվել. սպանության մեղադրանքներ են առաջադրված խմբի անդամներից Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին:

Այնուհետեւ որպես գործում առկա ապացույց դիտվեց տեսանյութ, որում ոստիկանական ծառայողական մեքենաներից մեկի ոչնչացման գործընթացն է: Երեւում է, թե ինչպես են զինված խմբի անդամներից մի քանիսը մեքենայով մոտենում բեռնատար-ծառայողական մեքենային, ինչ-որ գործողություններ անում բեռնախցիկի հատվածում, հետո հեռանում: Րոպեներ անց բեռնատարը կորում է ծխի, ապա՝ կրակի մեջ: Այնուհետեւ հրշեջ-մեքենա է մոտենում եւ փորձում հանգցնել այրվող բեռնատարը:

Դիտման ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը նախատեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանին, որը տեղից խոսում էր ու ծիծաղում: «Ուրիշ հայտարարություններ չհնչեցնեք դատարանում,-ասաց նա Բարսեղյանին:

https://www.facebook.com/aravot.am/videos/2048826938469144/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930