Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարացի ռեժիսոր. «Կինս հայուհի է, ֆիլմի «վատ տղան» էլ ՝ Թոնի Մինասյանն է»

Հուլիս 10,2018 13:39

«Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել բուլղարացի կինոգործիչներ, ռեժիսոր, պրոդյուսեր Իլիան Ջեւելեկովը, պրոդյուսերներ Մատեյ Կոնստանտինովը եւ Գեորգի Դիմիտրովը: Նրանց «Ամենագոն» ֆիլմը փառատոնի ծրագրում է:

Ֆիլմի հեղինակները եւ Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա- Կայմակտչիեւան հուլիսի 10-ին հանդիպեցին լրագրողների հետ:

«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը «Ամենագոն» որակեց որպես ամենահետաքրքիր ֆիլմերից մեկը: Անդրադարձ եղավ ֆիլմում շոշափվող թեմայի եւ Ջորջ Օրվելի «1984»-ի հետ գրական առնչությունների մասին, Միքայել Ստամբոլցյանն էլ Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդու» հետ զուգահեռներ տարավ:

Իլիան Ջեւելեկովն ասաց, որ ուրախ է մասնակցել երեւանյան փառատոնին, նաեւ որոշ «փակագծեր բացեց». «Հայաստանի հետ կապված անձնական մանրամասներ կան, կինս կիսով չափ հայուհի է, իսկ նրա տատիկը Անրի Վերնոյի զարմուհին է»: Ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմը նկարված չէ իրական փաստերի հիման վրա, ասաց, որ ընտրել են մի խնդիր, թե ինչպես տեխնոլոգիաների, տեսախցիկների, սենսորների միջոցով հնարավոր է ներխուժել մարդկանց անձնական տարածք, մի բան, որ տասը տարի առաջ կարող էին անել միայն համապատասխան ծառայությունները: Նրա բնորոշմամբ, զոհը ոչ թե այն մարդիկ էին, որոնց նկարում էին, այլ հենց նկարողը:

Ռեժիսորը, խոսելով բուլղարական կինոյի մասին ընդհանրապես, նշեց, որ բուլղարական ֆիլմերը վերջին տարիներին հաջողություններ են գրանցում միջազգային փառատոներում:

Մատեյ Կոնստանտինովն էլ փաստեց, որ վերջին շրջանում բուլղարացիները կինոթատրոններ են այցելում հատկապես բուլղարական ֆիլմեր դիտելու համար, ինչը վկայում է իրենց ազգային կինոյի որակի մասին:

 Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի սկզբանե հաշվարկե՞լ էին , որ նման թեմայի ընտրությունը ֆիլմին կարող է այնպիսի հաջողություն բերել, որ ամենավաճառվողը դառնա, Իլիան Ջեւելեկովն ասաց, որ այնպիսի ֆիլմ են նկարել, որ հետաքրքրի ոչ միայն տեղական լսարանին, այլեւ բոլորին, ապա վկայակոչեց ֆիլմի մրցանակները եւ կինոքննադատների կարծիքները:

Նա ասաց, որ ֆիլմի հերոսներից «վատ տղան» հայազգի Թոնի Մինասյանն է, ապա կատակով ավելացրեց, որ մի խումբ աղջիկներից նրա հետ ծանոթանալու հայտեր են ստացվել:

Հետաքրքրվեցինք, թե բուլղարացի կինոգործիչները եւ Հայաստանում Բուլղարիայի դեսպանը ի՞նչ ֆիլմեր են հասցրել դիտել: «Ամենագոն» ֆիլմի հեղինակներն ասացին, որ դեռ չեն հասցրել այլ ֆիլմեր դիտել, քանի որ փառատոնը նոր է սկսվել, իսկ դեսպանը հիացմունքով խոսեց Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը» ֆիլմի մասին: «Ուրախ եմ, որ մեր «Ամենագոն» ֆիլմի ցուցադրությունը համընկավ կինոյի ոլորտում հայ-բուլղարական համագործակցության սկզբի հետ: «Ոսկե ծիրանը» լավ համբավ ունի աշխարհում»,- շեշտեց տիկին Պավլովան:

Մատեյ Կոնստանտինովի ձեւակերպմամբ, ահավոր է, երբ մարդն անկախ իր կամքից ժամանակակից աշխարհում հայտնվում է տեսախցիկների թիրախում: «Օրինակ, ես այսօր առավոտյան ծիրան էի ուտում, շապիկս կեղտոտվեց, հենց ճեմասրահում հանեցի, փոխեցի, մեկ էլ նկատեցի, որ մի քանի տեսախցիկ ինձ ֆիքսել են մինչեւ գոտկատեղս մերկ»,-ժպտալով ասաց նա:

Իլիան Ջեւելեկովը պատմեց, որ ֆիլմի հերոսի ակնոցը, որ HD ձեւաչափով նկարելու հնարավորություն ունի, իրենք գնել են համացանցով, եւ այսօր ամեն մեկին հասու է մատչելի գնով նման գնումներ կատարելը: «Ի դեպ, հիմա, երբ ակնոցով մարդու հետ եմ զրուցում, նայում էի՝ հո կարմիր լույս չի՞ վառվում, մտածում եմ, հանկարծ ինձ չնկարի»,- ասաց նա:

Պարոն Ստամբոլցյանը Գեորգի Դիմիտրովին, որն ամենաքչախոսն էր, կատակով ասաց, որ նրա անունով փողոց կա Երեւանում. «Ուղղակի այն ավելի շուտ է անվանակոչվել, քան դուք ծնվել եք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031