Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բանկերից միայն մեկ ամսվա ընթացքում դուրս բերված 45 մլրդ դրամի մեծ մասը չի վերադարձել Հայաստանի բանկային համակարգ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 11,2018 10:53

Հեղափոխական ցնցումների օրերին եւ դրանից հետո Հայաստանից գումարների արտահոսքի մասին ժամանակին անդրադարձ եղավ Ազգային ժողովում:

Կենտրոնական բանկի նախագահը մասնավորապես հայտարարեց, որ բանկերից գումարների դուրսբերման փաստ արձանագրվել է, բայց հետո դրանք վերադարձրել են: Այսինքն, Արթուր Ջավադյանի հավաստմամբ, երկրից գումարի արտահոսք չի եղել, այլ միայն բանկերից ավանդներ են հանել մարդիկ եւ տարել պահել են «դոշակի տակ, բայց հետո բերել-դրել են բանկում»:

Նախ՝ զարմանալի է, թե ինչպես էր Արթուր Ջավադյանը իմացել, թե մարդիկ հանած գումարը որտեղ են պահել՝ երկրից դո՞ւրս, թե՞ իրենց տանը՝ «դոշակի տակ»:

Երկրորդ՝ ԿԲ նախագահը խոսել է մի երեւույթի մասին, որը տեղի է ունենում բանկային հաշիվների գումարների եւ ավանդների հետ բոլոր այն երկրներում, որտեղ նմանատիպ իրավիճակներ են առաջանում: Հետեւաբար դարձյալ անհասկանալի է, թե ինչի հիման վրա է ասում, որ մեզ մոտ նման դեպք («արտահոսք երկրից») չի եղել:

Եվ վերջապես ամենակարեւորը. ԿԲ նախագահի ասածը, թե բանկերից վերցված գումարի 50 տոկոսից մի փոքր ավելին մայիսին արդեն իսկ վերականգնվել է, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Ճիշտ այնպես, ինչպես նրա եզրակացությունը, թե «արտառոց բան, օրինակ՝ գումարի արտահոսք, չկա»։ Փաստերն այլ բանի մասին են վկայում:

Համաձայն Կենտրոնական բանկի արդեն հրապարակած տվյալների, որոնց մանրամասները վերոհիշյալ քննարկման ժամանակ չէր ցանկացել հայտնել ԿԲ նախագահը, առեւտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներից (մշտական բնակվող եւ գործող անձինք եւ կազմակերպություններ) ներգրավված ավանդների ցուցանիշը ապրիլին իսկապես կտրուկ նվազել է, իսկ մայիսին փոքր-ինչ վերականգնվել: Սակայն ոչ 50 տոկոսով, ոչ էլ անգամ 5 տոկոսով եւ չի հասել մարտ, անգամ հունվար կամ փետրվար ամիսների ցուցանիշին:

Այսպես. «սիրո» եւ «հանդուրժողականության» ապրիլին մասնավոր եւ պետական ձեռնարկությունների, տնային տնտեսությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների եւ այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկերում ներդրված ավանդները կազմել են 2 տրլն 66 մլրդ դրամ: Նախորդ՝ մարտ ամսվա համեմատ դրանք պակասել էին 45 մլրդ դրամով:

Հենց այդքան գումար Հայաստանի բանկային հաշիվներից դուրս էին հանվել այդ ամսվա ընթացքում, իսկ ահա մայիս ամսին ավանդների եւ բանկային հաշիվների վրա գտնվող գումարների ընդհանուր չափը եղել է 2 տրլն 75 մլրդ դրամ՝ ընդամենը 9 մլրդ դրամով ավելի՝ ապրիլին դուրս բերված 45 մլրդ դրամի փոխարեն:

Այսինքն՝ Հայաստանի բանկերից միայն մեկ ամսվա ընթացքում դուրս բերված եւ հայտնի չէ՝ «դոշակի տակ» դրված թե արտասահման ուղարկված վերոնշյալ 45 մլրդ դրամի մեծ մասը չի վերադարձել Հայաստանի բանկային համակարգ: ԿԲ նախագահը դժվար թե դա չիմանար: Սակայն երեւի թե նա էլ չէր ցանկանում ԱԱԾ-ից հյուրեր ունենալ եւ ժամանակի քամուն համընթաց նախընտրելով «ժողովրդական» վարչապետին եւ նրա զանգվածին «դուխ» տալ, չասելով, թե իրականությունն ինչպիսին է:

Խնդիրը ոչ միայն 45 մլրդ դրամն է (մոտ 90 մլն դոլար), որը փոքր գումար չէ, այլ փաստը, որ այն մեծ մասամբ չվերադարձավ Հայաստանի բանկային համակարգ: Եթե գումարի դուրսբերման պատճառը լիներ միայն ապրիլյան ցնցումները եւ անկանխատեսելի իրավիճակների սպառնալիքը, ապա հիմա նման ցնցումներ չկան կամ գոնե նման ծավալով չկան:

Խնդիրը այն անվստահությունն ու վախի մթնոլորտն է, որ տիրում է Հայաստանում, մասնավորապես գործարար շրջանակներում: Իբր թե «օրինականության» հաստատման եւ «կոռուպցիոն սխեմաների» բացահայտման սերիալի պատճառով տնտեսությունը հայտնվել է հետընթացի մեջ:

Համատարած ստուգումները, ուժային կառույցների միջամտությունը տնտեսավարողների գործունեությանը, ինչը ժամանակին մեծ ջանքերի գնով հաջողվեց վերացնել եւ արդեն 20 տարի նման երեւույթ չկար, սուբյեկտիվ խնդիրներ առաջացնելը դանդաղեցրել են տնտեսական ակտիվության աճը, իսկ արդյունաբերության մեջ արդեն երկրորդ ամիսն է, ինչ շարունակվում է անկումը:

Սահակ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031