Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Ավագ դպրոցը ՊՈԱԿ-ից դարձավ հիմնադրամ, լավ է, սակայն…

Օգոստոս 08,2018 12:43 Share

Ս.թ. օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը «Հայ չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի վերակազմավորելու մասին: Այս որոշման հիմնավորման մեջ գրված է.

«Անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, որում Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է համապատասխանաբար 70 մլն.յուանի(մոտ 11 մլն.ԱՄՆ) և 100մլն.յուան (մոտ 16 մլն.ԱՄՆ) անհատույց օգնություն»:

Ստացվում է, որ այս վերակազմակերպման անհրաժեշտությունը չէր լինի, եթե մոտ 27 մլն դոլարի չինական ներդրումը և Դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմում ներգրավված լինելու չինական կողմի պահանջը չլիներ: Պետական դպրոցը ՊՈԱԿ կազմակերպա-իրավական ձևից Հիմնադրամ է դառնում, նման փորձ առաջին անգամ է արվում և շատ կարևոր է, որ հատկապես հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը հանրային քննարկման դրվեր, ՊՈԱԿ-ների խորհուրդների չկայանալու պատճառները վեր հանվեին ու իրապես գործուն Խորհուրդ ձևավորվեր, որի անդամները, ըստ այս դպրոցի նոր հաստատված կանոնադրության. «իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել` ելնելով հիմնադրամի շահերից», այսինքն Հիմնադրամի շահառուների՝ սովորողների կրթության շահերից: Նույն օրենքի համաձայն, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է հաստատում հիմնադրամի բյուջեն և նրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև կառուցվածքն ու հաստիքացուցակը:

Այսինքն` Դպրոցն իսկապես կդառնա ինքնակառավարվող մարմին, որտեղ կարող է հիմնվել ստեղծարար միջավայր, եթե ունենա միայն կրթության շահերով առաջնորդվող Խորհուրդ և ճիշտ ընտրված տնօրեն: Հոգաբարձուների խորհուրդն էլ, ի դեմս խորհրդի նախագահի, ստորագրելով բոլոր ֆինանսական փաստաթղթերը, պատասխանատվություն է ստանձնում և շահագրգռված է լինելու դրանց օրինականության մեջ: Հիշեցնեմ, որ ՊՈԱԿ-ի դեպքում խորհուրդները հավանություն էին տալիս ֆինանսական փաստաթղթերին ու հաստիքացուցակին, բայց հաստատում էր լիազորված մարմինը:

Չնայած որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս որոշման համար հիմք են ընդունվել Քաղաքացիական օրենսգրքի, ՊՈԱԿ-ի, «Հիմնադրամների մասին» օրենքների համապատասխան հոդվածները ու 2009 թվականին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպա-իրավական ձև, սակայն ոչ մի խոսք նույն օրենքի 3-րդ կետի մասին, որի համաձայն սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ` պետական ուսումնական հաստատություն):

Ի՞նչ է ստացվում, որ հ. 103 ավագ դպրոց պետական ուսումնական հաստատությունն այս դեպքում ՊՈԱԿ չէ, բայց ապահովելու է անվճար հանրակրթություն՝ հանրակրթական 2-րդ և 3-րդ աստիճանների ծրագրերին համապատասխան, կառավարվելու է հոգաբարձուների խորհրդի 7 հոգուց բաղկացած անդամների կողմից ու խորհրդի նախագահը Դպրոցի անունից տնօրենի հետ պետք է կնքի աշխատանքային պայմանագիր: Տնօրենն էլ տարիքային սահմանափակում չի ունենալու, որը պահանջում է ՊՈԱԿ-ի մասին օրենքը: Շատ լավ է, սակայն գանք Կանոնադրությամբ սահմանված հոգաբարձուների խորհրդի անդամների առաջարկված կազմին, որի կողմից ընտրված խորհրդի նախագահին է վերապահված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելու լրջագույն լիազորությունը: Կանոնադրության 48-րդ կետում գրված է.

«48. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է Վարչապետը՝ կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունները սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից: Երկու ներկայացուցիչ նշանակվում է կրթության և գիտության նախարարությունից, բարձրագույն մասնագիտական կրթական համակարգից, մեկական ներկայացուցիչ նշանակվում է չինական կողմից՝ առաջադրված դիվանագիտական խողովակներով, դպրոցի մանկավարժական խորհրդի կազմից և ծնողական խորհրդի կազմից»: Այսինքն, 2-ը ԿԳՆ-ից, 1-ը բարձրագույն մասնագիտական կրթական համակարգից, 1-ը չինական կողմից, 1-ը մանկավարժական խորհրդի և 1-ը՝ ծնողական խորհրդի կողմից, ստացվում է 6 հոգի:

Այս անհամապատասխանությունն իրավացիորեն նկատվել է ֆինանսների և արդարադատության նախարարության աշխատակազմերի մասնագետների կողմից ու արվել է համապատասխան առաջարկություն, մասնավորապես ֆինանսների նախարարությունն առաջարկել է. «Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Հավելվածի 53-րդ կետում ծնողական խորհրդի կազմից նշանակվող թեկնածուների թիվը դարձնել երկու», որին ի պատասխան ԿԳՆ-ն գրել է. «քանի որ նախագծում խորհրդի անդամների թիվը նախատեսված է 7 անդամ, ապա 95-րդ կետում է կատարվել համապատասխան փոփոխություն»:

Մեջբերում եմ 95-րդ կետը. «95. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, և իր գործունեությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Ինչպես տեսաք, 95-րդ կետում չի արվել համապատասխան փոփոխություն, այսինքն ո՛չ արդարադատության, ո՛չ ֆինանսների նախարարությունների առաջարկները Կանոնադրության մեջ չեն տեղայնացվել: (Այստեղ էլ նկատեմ, որ ֆինանսների նախարարությունն էլ «ընտրել» բայը փոխարինել է «նշանակել» բայով, արդյո՞ք վրիպում է, չէ՞ որ այդ երկու բայերը իրարից էապես տարբեր գործողություններ են ենթադրում:)

Ավելին, եթե Կանոնադրության 91-րդ կետի 1) ենթակետի համաձայն Դպրոցի ծնողական խորհուրդը ծնողական խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից, փակ քվեարկությամբ առաջադրում է առավել ձայն հավաքած խորհրդի անդամության թեկնածուին (նկատենք, խոսքը մեկ թեկնածուի մասին է), ապա «74. Մանկավարժական խորհուրդը, իր կազմից, ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու»: Ինչո՞ւ ծնողական խորհուրդը փակ քվեարկությամբ է ընտրում, իսկ մանկավարժական խորհուրդը՝ բաց ու կրկին արձանագրենք՝ մեկական ծնող և մանկավարժ:

Չնայած որքան էլ հաշվեցինք խորհրդի անդամները 6-ից 7 չդարձան, բայց 7 հոգանոց կազմում ինչո՞ւ ԿԳՆ-ն պետք է ունենա 2 ներկայացուցիչ, բարձրագույն մասնագիտական կրթական համակարգից ևս մեկը, որը չի սահմանվել, թե ո՞վ կարող է լինել, այսինքն ԿԳՆ-ն կունենա 3 ներկայացուցիչ, իսկ դպրոցի մանկավարժներն ու ծնողները՝ 1-ական, այն դեպքում, երբ Կանոնադրության 44-րդ կետի համաձայն՝ Դպրոցի շահառուները սովորողներն ու ծնողներն են:

Տեղին է այստեղ նաև հարց բարձրացնել՝ ինչո՞ւ չի սահմանվում, թե ո՞վ կարող է լինել ԿԳՆ-ի ներկայացուցիչ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ԿԳՆ-ի ներկայացուցիչը նախարարի հրամանով կամ բանավոր հանձնարարությամբ կարող է լինել նաև գյուղապետը, որևէ դպրոցի տնօրենը կամ նախարարության հետ ոչ մի կապ չունեցող անձ, որը հեղինակազրկում է կրթության նախարարությանը: Այս դպրոցի պարագայում ԿԳՆ մեկ ներկայացուցիչը լիովին բավարար կլինի, իսկ հոգաբարձուների խորհրդում պետք է գերակշռեն մանկավարժներն ու ծնողները:

Իմ կարծիքով, ընդհանրապես դպրոցների կառավարման խորհուրդներում պետք է բարձրացնել համայնքների դերն ու որպես դպրոցի տնօրենին վերահսկող հասարակական մարմին՝ նրանց պատասխանատվությունը, իսկ ԿԳՆ-ն պարտադիր չէ, որ ներկայացուցիչ ունենա ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդներում, իր փոխարեն Դպրոցի համայնքի կամ կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն ներկայացնող հեղինակավոր մեկը կարող է լինել այդտեղ:

Զարմանալի է, որ Կանոնադրության մեջ ոչ մի խոսք չկա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդգրկելու ու նրանց համար ստեղծված պայմանների մասին այն դեպքում, երբ 2019-ին Երևանն էլ անցնելու համընդհանուր ներառական կրթության համակարգին:

Կարծում եմ շատ ճիշտ կլիներ, եթե այս որոշման նախագիծը դրվեր հանրային քննարկման՝ որպես Պետական ուսումնական հաստատության կազմակերպա-իրավական ՊՈԱԿ ձևից Հիմնադրամի վերակազմավորելու առաջին փորձ ու առնվազն ժամանակին կնկատվեին այն թերությունները, որոնք արդեն առկա են ՀՀ կառավարության սույն որոշման մեջ:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Կրթության փորձագետ

08.08.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031