Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի մարզադպրոցի ըմբիշների փայլուն հաղթանակը

Օգոստոս 17,2018 20:45

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվել է ազատ ոճի  ըմբշամարտի 2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն 1998-2000թթ. ծնված մարզիկների միջև, որին փայլուն են մասնակցել Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի  մարզադպրոցի սաներ Վազգեն Թևանյանը, Գեղամ Գալստյանը և Արման Անդրեասյանը:

Շնորհիվ մեր ըմբիշների հիանալի  արդյունքների՝ ՀՀ հավաքական թիմը աննախադեպ հաջողության հասավ, թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց գավաթով:

Հատկապես ուրախալի է 61 կգ քաշային կարգում ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Վազգեն Թևանյանի հիանալի հաղթանակը.   նախնական գոտեմարտերում 4 հաղթանակ տանելով՝ եզրափակիչ գոտեմարտում նա հանդիպել է  Ադրբեջանի չեմպիոնի հետ: Դրսևորելով հաղթանակի հասնելու անկոտրում կամք, համառություն և մարզական բարձր վարպետություն՝ Վազգենը փայլուն հաղթանակ է տարել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն, պարգևատրվել պատվոգրով և ոսկե մեդալով: Ի պատիվ Վազգենի հաղթանակի՝ Հռոմի մարզապալատում հնչել է ՀՀ օրհներգը և բարձրացվել է դրոշը:

69կգ քաշային կարգում հանդես եկող Գեղամ Գալստյանը և 70 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանիների չեմպիոն Արման Անդրեասյանը գրավել են 3-րդ պատվավոր հորիզոնականները:

Պատանի մարզիկների հիանալի արդյունքները անչափ ոգևորիչ են հատկապես  արտաշատցիների համար, քանի որ նրանք բարձր են  պահել մեր բոլորի սիրելի Արտաշատի անունը:

Ուրախալի առիթով մեր մարզիկներին և նրանց մարզիչներ,  մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանին, ավագ մարզիչ Վարդան Գյուրջյանին և մարզադպրոցի փոխտնօրեն Գրիգոր Սիմոնյանին ընդունեց և ջերմորեն շնորհավորեց Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:

-Հպարտ և ուրախ ենք ձեզանով, որ հերթական անգամ բարձր պահեցիք Արտաշատի ու մեր մարզադպրոցի անունը,-դիմելով պատանի մարզիկներին՝ ասաց քաղաքապետը,-սա մեր  մարզիկների  և նրանց մարզիչների ամենօրյա հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունքն է:

Ես սրտանց  շնորհավորում եմ և  մաղթում եմ նոր նվաճումներ, բազում հաղթանակներ: Թող ձեր շնորհիվ ողջ աշխարհում հաղթական ծածանվի Հայոց եռագույնը: Ես էլ՝ որպես քաղաքի ղեկավար, միշտ կլինեմ ձեր կողքին՝ պատրաստ սատարելու ձեզ:

Պարոն Բենիամինյանը պատվոգրեր, դրամական պարգևներ և նվերներ էր պատրաստել մարզիկների համար, որոնք սիրով հանձնեց նրանց: Հաղթանակի առթիվ շնորհավորեցին նաև փոխքաղաքապետ Ռ. Ծատուրյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մ. Գաբրիելյանը և սոցհարցերի ու ծրագրերի բաժնի պետ Ա. Խաչատրյանը:

Հնչած շնորհավորանքների և ցուցաբերած ուշադրության համար քաղաքապետին իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր ներկաները:

Այնուհետ ծավալված անկեղծ զրույցի ընթացքում խոսվեցին նաև հետագա անելիքներից:

-Սեպտեմբերին մեր  մարզադպրոցի ըմբիշները կմասնակցեն Սլովակիայում կայանալիք 2018թ. աշխարհի երիտասարդական առաջնությանը,- նշեց մարզադպրոցի տնօրեն Ռ. Գոլեցյանը:

Իսկ մարզադպրոցի փոխտնօրեն. ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Գրիգոր Սիմոնյանն էլ կիսվեց իր տպավորություններով:

-Հռոմում տարած հաղթանակով մեր ըմբիշները  հերթական անգամ  մեծ հրճվանք պարգևեցին բոլորին: Եվրոպական շատ մեծ երկրներ կան, որոնք նույնիսկ մեկ մեդալ չեն կարողանում ստանալ եվրոպական մեծ ստուգատեսում, իսկ փոքրիկ Արտաշատ քաղաքը նվաճում է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Բավական մեծ թվով երկրների ներկայացուցիչներ, մարզիկներ և մարզիչներ հետաքրքրվում են, թե որտեղ  է գտնվում Հայաստանը և Արտաշատ քաղաքի ըմբշամարտի մարզադպրոցը, որը համաշխարհային կարգի մարզիկներ է պատրաստում,- ուրախությամբ ընդգծեց պարոն Սիմոնյանը:

Մեր մարզիկներին  մաղթենք նոր հաղթանակներ, մեծ ձեռքբերումներ:

Գոհար ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031