Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկացել, թե ինչու է Պավլիկ Մանուկյանն այդ արտահայտություններն անում». Վարուժան Ավետիսյան

Օգոստոս 23,2018 18:55

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանին հարցրեցին՝ դուք արդեն հրաժարվո՞ւմ եք զինված պայքարից, ընդունո՞ւմ եք այն, որ կարող են քաղաքական գործընթացները, իշխանափոխությունը տեղի ունենալ առանց զենքի, ինչպես տեղի ունեցավ, հնարավո՞ր է այս կառավարության քայլերն էլ ձեզ ինչ-որ ժամանակ հետո չբավարարեն, դուք դարձյալ դիմեք այդ քայլին:

Նա պատասխանեց. «Նախ, մենք չենք ապստամբել այն պատճառով, որ նախկին ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պարզապես չի բավարարել մեզ, այսինքն, մեր դուրը չի եկել, չենք ուզեցել նրան…Պետությունը զավթված է եղել, տարիներ շարունակ կեղծվել են ընտրությունները, հանրաքվեները կեղծվել են, պետությունը զավթվել է, ծառայեցվել օտարի շահերին՝ անձնական կլանային շահերը բավարարելով: Մենք այս ակնհայտ՝ տարիներով փորձառությամբ հաստատված գրեթե ողջամիտ ու ազնիվ մարդկանց համար ակնհայտ դարձած իրողությունն ենք հաշվի առել, ընդվզել ենք՝ նպատակ ունենալով վիժեցնել լավրովյան պլանը եւ ՀՀ ինքնիշխան պետությունը օտարին հանձնելը: Ես չեմ տեսնում այսօրվա իշխանությունների հետ կապված, անգամ ամենավատ երազում չեմ կարող տեսնել նման կերպարանափոխում այս իշխանության, որ վերածվի նույն երեւույթի, ռեալ չեմ համարում դա: Այնուամենայնիվ, քաղաքացին ոչ միայն իրավունք ունի, այլեւս պարտավոր է ապստամբել ցանկացած բռնապետության դեմ»:

Ինչ վերաբերում է խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնելուն՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Որ հասան այս արդյունքի, ոչ միայն «Սասնա ծռերի» ապստամբության հետ կապված հասարակական զարգացումների եւ որակական աճման շնորհիվ տեղի ունեցավ, այլ 93-ից սկսած ընդվզումների, պայքարի, ամբողջ էվոլյուցիոն պրոցեսի այս փուլում արձանագրված  արդյունքն էր: Այն ժամանակ հնարավոր չէր ոչ զինված մեթոդներով այնպես ազդել համակարգի վրա, որ նա հետագայում արդեն ընկրկի չզինված պայքարի ճնշման առաջ: Եկեք չխաբենք մեզ, Սերժ Սարգսյանը համոզված էր, որ եթե ինքը ուժ կիրառի, ապա կստանա տասնապատիկ ուժ: Այդ ձեռքերը վեր բարձրացրած հարյուր հազարավոր մարդկանց մի զգալի մասը անմիջապես դիմելու էր զենքի եւ ցաքուցրիվ էր անելու ամբողջ ուժային համակարգը՝ Սերժ Սարգսյանի հետ միասին»:

Նա ասաց, որ «Սասնա ծռերի» զինված ապստամբության շնորհիվ ոստիկանությունը հոգեբանորեն թուլացել էր, ուստի Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ եթե մարտի 1-ին կրակել են, պատասխանը ստացել են 2016-ի հուլիսի 17-ին. «Հասկացան, որ մեր ժողովուրդն արդեն կարող է զենք բարձրացնել: Այդ էր պատճառը, որ ռեժիմն ընկրկեց, միայն խաղաղ, արտաքուստ երեւացող ճնշումը չէր, որ ազդեց նրանց վրա, կար կոպիտ ուժի ամենայն հավանականությամբ դրսեւորվելիք սպառնալիք»:

Հարցին՝ Պավլիկ Մանուկյանն ասում է, որ այն մարդիկ, ովքեր կրակել են ոստիկանին, հիմա ազատության մեջ են, ի՞նչ դիտարկում ունեք՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ քննարկել նրա հետ, ինչ-որ նախադասություններ փոխանակել ենք, բայց ես չեմ հասկացել, թե նա ինչու է այդ արտահայտություններն անում: Տվյալ ոստիկանի վիրավորման պահին ես ներկա չեմ եղել, հետագայում էլ չեմ լսել որեւէ մեկից, թե «Սասնա ծռեր» խմբավորման այս կամ այն անդամներից կոնկրետ որեւէ մեկի կրակոցից է վիրավորվել տվյալ ոստիկանը: Ես միայն գիտեմ, որ Արմեն Բիլյանն իսկապես այնտեղ ներկա չի եղել: Այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր այդ ժամանակ, որ գրեթե բացառված է, որ որեւէ մեկը ֆիքսած լինի, թե ինչ պատահական գնդակ է ինչ-որ մեկին դիպել»:

Ժիրայր Սեֆիլյանն էլ ասաց. «Անկախ այն բանից, թե ինչպիսի մարտավարական վիճակ էր ստեղծվել դատարանում վերջին մեկ ամսվա ընթացքում, զուր են բոլոր փորձերը, որոնց մենք ականատես ենք լինում իբր թե Պավլիկ Մանուկյանի հետ մենք խնդիրներ ունենք: Պավլիկ Մանուկյանը եղել եւ մնում է մեր ընկերը, հավերժ կմնա մեր ընկերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031