Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Փաշինյանը գա, առաջին տղեն ես կեղնիմ, կկանգնիմ, կըսեմ՝ հեչ բան չի փոխվել». մանրամասներ՝ Շիրակի բողոքի ակցիայից (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Օգոստոս 27,2018 16:25

Ինչպես տեղեկացրել ենք , այսօր առավոտյան ժամը 11-ից  Ախուրյանին միավորված 7 համայնքների՝ Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի  բնակիչները փակել էին  դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում եւ իշխանություններից պահանջում էին հարգել իրենց սահմանադրական իրավունքը՝ չեղյալ համարել խոշորացումը:

Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը, որը մարզի ամենաստեղծագործ, գործունյա գյուղապետերից էր, այսօր ևս համալրել էր բողոքավորների շարքերը:

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Էսօրվա դրությամբ մենք ուզում ենք վերականգնել մեր սահմանադրական իրավունքը, մենք Սահմանադրությունից մի քայլ էն կողմ չենք կատարելու: Ինչպես համայնքները օրենքով միացրեցին, նույն Սահմանդրությունը թույլ է տալիս անջատելու: Եթե չգիտեն հոդվածները, ես կարող եմ ասել, բայց վստահ եմ, որ գիտեն: Մեր պահանջը հետևյալն է՝ համայնքները, ինչպես մի տարի առաջ խոշորացրել են՝ մեզ արհամարհելով, անտեսելով, առանց հանրային լսումների, առանց բնակիչների հետ շփվելու, առանց մեզ հաշվի առնելու, մենք խնդրում ենք շատ հանգիստ անջատել: Շնորհակալ ենք այսօրվա իշխանություններից, որովհետև մեր մարած, քանդած ձայնը էսօր  բարձրացրել են: Սահմանադրության 3-րդ կետը սահմանում է մարդը գերագույն արժեք է, այդ կետը վերցված է Աստվածաշնչից, Աստված մարդուն ստեղծեց և ամեն ինչ տվեց, էսօր մենք հեռուսատեսությամբ լսում ենք՝ պահպանվում է շան իրավունք, ծառի իրավունք, թփի իրավունք, ջրի իրավունք, հանքի իրավունք, մարդը` բարձրագույն արժեք, իրավունք չունի՞ էսօր»:

Նա ասաց, որ իրենք ժամանակին ստորագրահավաք էին արել՝ դեմ կանգնելով գյուղերի միավորմանը, սակայն  հաշվի առնող չի եղել: «Էսօր մեր տղաներին մեծացնում ենք դժվարությամբ, վարկերով, մարդ ենք սարքում, հարսանիքները վարկով ենք անում, բանակ ուղարկելը վարկով ենք անում, մեր երեխան պարտադիր է ծառայի սահմանին, բայց մենք իրավունքներ չունե՞նք»,- ասում է նախկին գյուղապետը:

Ըստ նրա` Սահմանադրության 190 հոդվածը հնարավորություն է տալիս  անջատել համայնքները՝ Ազգային ժողովի լսումներով:

Նա նշեց նաև, որ իրենք հակահեղափոխականներ չեն: «Մենք Նիկոլ Փաշինյանի ցավը տանեք, իրա կողքը կանգնած ենք, բայց մեզ պիտի լսեն, մեր պահանջն արդարացի է, ժամանակին մեզ չեն լսել, ցույց են տվել, որ իրենց դեմ խաղ չկա», -ասում էր Համլետ Պետրոսյանը:

 

Բողոքավորները նաև ասացին, որ յուրաքանչյուր գյուղ կուզենա ունենալ իր ղեկավարը, որը կծառայի ժողովրդին:

Բասենի մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ ինքը խաբար չի եղել խոշորացումից, իրեն հարցնող չի եղել: «Նախկինում վերաբերմունք եմ տեսել, գործ եմ տեսել, մեր հարցերը հոգում էին, իսկ հիմի՞: Ես խնդրում եմ իմ խոսքը հասցնել Նիկոլ Փաշինյանին, արի մի հատ էս համայնքների վիճակը տես, առաջին տղեն ես կլինեմ, որ կկանգնեմ՝ կըսեմ, հեչ բան չի փոխվել », -ասաց երիտասարդներից մեկը:

Գյուղացիները նշում են, որ մի տեղեկանքի համար փոխ են ծախսում, հասնում են Ախուրյան: Կամոյի բնակիչներն ասացին, որ իրենց ճանապարհներն ահավոր վիճակում են, հարկերը հավաքվում են, բայց սարքող չկա: «Լուբոյ հախ ու հաշիվը կմուծեմ, ո՞ւր կերթան իմ փողերը: Ամենքն իրա գրպանի համար կենե, ժողովրդի համար գործ անող չկա», -նեղվեց Կամոյի  բնակիչներից մեկը:

Բողոքավորներից մեկն էլ նախազգուշացրեց՝ իրենց խնդրին լուծում չտալու դեպքում կհրաժարվեն հարկերը վճարելուց:  «Ճանապարհների հարցը չեղավ, մանկապարտեզի հարցը չեղավ, կլուբի հարցը չեղավ, ոռոգման ջրի հարցը չեղավ»,- ասացին Կամոյի բնակիչները:

Նրանք դժգոհում էին, որ չորս կիլոմետր ճանապարհ է , սակայն մեքենաները շուռ են գալիս, տարին հինգ անգամ վերանորոգում են, նույնիսկ դաշտերի ճանապարհներն են ահավոր վիճակում, մարդիկ բերքը բերել չեն կարողանում, դիմում են խոշորացված համայնքի ղեկավարին, սակայն քար լռություն է:

«Թող գան տեսնեն՝ ինչ անմարդկային պայմաններում են մեծանում մեր երեխաները, ինչ անմարդկային պայմաններում ենք ապրում մենք, չկա զբաղվածության ոչ մի կենտրոն, խմելու ջուրը միշտ պրոբլեմ է, լուսավորությունը միշտ պրոբլեմ է, աղբահանություն բացարձակ գոյություն չունի; Ես հողի հարկ եմ մուծում, Ախուրյանում օրական երեք անգամ կմաքրեն ճանապարհները, իսկ Կամո համայնքը անձրևից, սելավից  քարուքանդ վիճակ: Ինչի՞ համար, մենք էլ ենք մարդ»:

Ախուրյանի ոստիկանապետ Արամ Ղարիբյանը խնդրում էր բացել ճանապարհը, քանի որ, ըստ  նրա, որևէ  գրավոր դիմում չեն հղել կառավարությանը և հիմա բողոքի ցույց են անում:

«Սրանով ոնց որ չվստահեք կառավարությանը»,- ասում էր ոստիկանապետը: «Վստահում ենք, Նիկոլը միակ տղեն է, տեղիններին չենք վստահե: 8 համայնքը քի՞չ է, որ մարզպետը զահլա չի էնե գա, թե՞ էնքան են ծաղկցրել մեր համայքները»:

Բողոքի ակցիայից մոտ երկու ժամ անց եկավ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը պայման դրեց բացել ճանապարհները, նոր սկսել զրույցը: Բողոքավորներն անմիջապես բացեցին ճանապարհները: Շիրակի մարզպետն ասաց, թե  համայնքների խոշորացումն արվել է, որ համայնքները համաչափ զարգանան, այլ բան է, որ այս գործընթսնցը նորմալ չի կատարվել: Գյուղացիները, սակայն, համամիտ չէին նրա հետ, պայմանավորվեցին  հինգ հոգով այսօր գնալ մարզպետի մոտ ու հանգիստ պայմաններում քննարկել հարցը:

«Ես ընդունելու եմ ձեզ, ինչո՞ւ եք փակում ճանապարհները»,- հարցնում էր մարզպետը:

«Սա արդյունավետ ձև է», -պարզաբանեցին գյուղացիները:

Շիրակ գյուղի նախկին գյուղապետը նշեց, որ ցանկացած նախարարի մոտ ավելի հեշտ է մտնելը, քան իրենց խոշորացված համայնքի համայնքապետի:  «Ավելի լավ է ես մարզպետի, նախարարի հետ շփվեմ, քան էդպիսի համայնքի ղեկավարի, ոչ ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ ճանաչել էդ մարդուն, էստեղ համայնքապետի խնդիրը չէ, մեր պահանջը մեկն է` բաժանել համայնքները, էս սիստեմը ձեռ չի տա»,-ասաց նախկին գյուղապետը:

Բողոքի ակցիան ավարտվեց, պայմանավորվածություն ձեռք բերեցին ավելի ուշ ժամի հանդիպել մարզպետի հետ ու քննարկել հարցը: «Ձեզ լսող մարդիկ կան, ինչի՞ւ չեք գալիս, ինչի՞ւ չենք քննարկում, հասկանանք՝ ո՞ւ րն է խնդիրը»,- ասաց մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031