Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Կինո Հայրենիքում» գիտե՞ք ոնց են պրոֆիլը պահպանում՝ մի անկյունում դրել են մի հատ փլեյեր ու էկրան, հնդկական ֆիլմեր են ցուցադրում». Խոսրով Հարությունյան

Սեպտեմբեր 05,2018 18:45

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը» հաստատելու հարցը քննարկելիս հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մասնավորեցված օբյեկտների հետ կապված դժգոհեց.

«Օբյեկտներ կան, որ օտարում ենք, պայման ենք դնում, որ պետք է պրոֆիլը պահպանվի, բայց այն, ըստ էության, չի պահպանվում. «Օրինակ, Հրազդանի կ/թ-ը օտարել ենք, պայման ենք դրել պրոֆիլը պահպանել, հաշվետվության մեջ գրված է՝ պրոֆիլը պահպանված է: Սա նշանակում է, որ գնորդը չի՞ դիմել պրոֆիլը փոխելու, թե՞ նա իրականում էլ գործում էիր պրոֆիլով: Կինո «Հայրենիքի» սեփականաշնորհման ժամանակ գրել են՝ պրոֆիլի պահպանում: Գիտե՞ք ոնց են պրոֆիլը պահպանում, մի անկյունում դրել են մի հատ փլեյեր ու էկրան, հնդկական ֆիլմեր են ցուցադրում, ամբողջ մնացած տարածքը օգտագործվում է առեւտրի համար, մարդը ասում է՝ պրոֆիլը պահպանված է…Գոնե գործունեության ծավալի 50-60 տոկոսը պետք է պահպանի»:

Հարությունյանն անդրադարձավ սնանկության, լուծարման գործընթացին՝ ասելով. «Մենք ունենք օբյեկտ, որը 8 տարի լուծարվում է, ես լավ չեմ հասկանում, սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ է նշանակում 8 տարի լուծարել: Կա՛մ լուծարում ես, կա՛մ չես լուծարում, սա ի՞նչ գործընթաց է…Ի՞նչ է նշանակում 6 տարի օտարել, մենք գիտենք չէ՞ ոնց են անում, մի հատ կառավարիչ են դնում, հատ- հատ մանրից ծախում է: Կամ սնանկ ենք ճանաչում, բա գույքի ապագան ի՞նչ եղավ: Սնանկ են ճանաչում, մենք ձեռներս լվացինք, ԴԱՀԿ, ինչ ուզում եք արե՞ք, մի հատ էլ կառավարիչ ենք դրել՝ Աստված գիտի, թե ինչով է զբաղվում: Բոլոր այն օբյեկտների սեփականշնորհումը, որոնց գնորդը պարտավորվել է ներդրումներ կատարել, որպես կանոն, չեն կատարել, 100 հազար ներդրումային պարտավորություն ունի՝ չի կատարել, 25 մլն ներդրումային ծրագիր ունի՝ չի կատարել: Հարց է առաջանում, բա էդ մարդուն ո՞նց ենք գտել, ի՞նչ սկզբունքով ենք նրանց գտել, ինչո՞ւ ենք նրանց սեփականաշնորհել, եթե ներդրում չեն անելու»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ այս հարցերը սեպտեմբերի 24-ին ԱԺ-ում քննարկման առարկա են դարձնելու: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ սնանկացման, լուծարման շրջանակներում նաեւ օրենսդրության խնդիր կա, լուծարման գործընթացը առաջնահերթ վերանայման ենթակա է. «Ունենք դեպքեր, երբ հաճախ ընկերությունն ունի պարտավորություններ, բայց չունի համապատասխան ակտիվներ: Հաճախ ոչ բարեխիղճ կառավարիչները ձգձգում են, ուզում են հավելյալ վարձատրություն ստանալ կառավարման շրջափուլից»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ հարցերը ուսումնասիրելու են, նաեւ հիմնարար փոփոխություններ են նախատեսում մասնավորեցման ձեւերի, կանոնների, առավել արդյունավետ սեփականատիրոջ գտնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930