Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու թեկնածուները փաստում են՝ համատիրությունները ընտրություններին ձայներ բերող կառույցներ են եղել

Սեպտեմբեր 12,2018 15:50

«Երեւանը գոյատեւող քաղաքից պետք է դառնա զարգացող քաղաք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում Երեւանի զարգացումը: Ըստ Դավիթ Խաժակյանի, նույն բյուջեով, նույն ծախսերով մայրաքաղաքի առաջ ծառացած որեւէ խնդիր հիմնարար լուծում չի ստանում:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Տրդատ Սարգսյանը համամիտ չէ տիրող այն կարծիքին, որ համատիրությունները ոչ պետքական կառույցներ են, չաշխատող. «Համատիրությունները տեղական ինքնակառավարման փոքրիկ բջիջներ են, որոնց համար պետք է պայմաններ ստեղծել ինքնադրսեւորվելու եւ նպատակին ծառայելու համար: Մեր քաղաքական ուժը կստեղծի այն հնարավորությունները, որ յուրաքանչյուր բնակիչ ինքն ընտրի՝ արդյոք իրեն պետք է համատիրություն»:

«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, ցանկացած քաղաքային խնդիր պետք է լուծվի ժողովրդի ներգրավմամբ, սակայն նրա համար տարօրինակ կլինի, որ «ժողովուրդը, բան ու գործը թողած, անընդհատ պետք է դուրս գա փողոց եւ պետական մարմիններն իրենց խնդիրները պետք է պատվիրակեն հրապարակային ժողովրդին, որպեսզի այդ խնդիրները լուծվեն»:

«Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Արամ Գրիգորյանի կարծիքով, եթե մեր երկիրը գնում է ժողովրդավարության ճանապարհով, ապա համատիրությունները ժողովրդավարության փոքրիկ օղակներ են. «Համատիրությունները ստեղծվել են մի մոդելի վրա, հետագայում աղճատվել են, դարձել ուրիշ կառույցներ:

«Հայք» կուսակցության ավագանու թեկնածու Լեւոն Թումանյանը գտնում է, որ համատիրությունները, որպես ինքնակառավարման սկզբնական օղակներ, մեր երկրում, դեռեւս կայացած չեն. «Այստեղ բոլորի մեղավորությունն էլ կա՝ բնակիչների, պետական մարմինների: Բնակիչներից ավելի շատ դժգոհում են այն մարդիկ, որոնք չեն վճարում, իրենց պարտականությունները չեն կատարում, բայց պահանջներ են դնում»:

Ըստ Լեւոն Թումանյանի, բնակիչների շրջանում այդ հարցով կա անտարբերություն, ընտրություններ չեն կատարվում, համատիրությունների կապը նորմալ չի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ավագանու թեկնածու Արթուր Գասպարյանի խոսքով, տարիներ ի վեր համատիրությունները ներքաշվել են գործող իշխանությունների տակ եւ օգտագործվել են ոչ թե ժողովրդի հոգսը լուծելու, այլ՝ ընտրությունից ընտրություն պատվիրված լիազորություններ են իրականացրել. «Այս շենքից շատ ձայներ են տվել վերանորոգեք, այն շենքն ընդդիմադիր է, չեն վերանորոգում»:

«Ժողովրդավարական ուղի»-ն առաջարկում է ամբողջ քաղաքում լինի մեկ համատիրություն, որը բոլոր վարչական շրջաններում կունենա ներկայացուցչություններ եւ որի մեջ կմտնեն մոտ 4200 բազմաբնակարան շենք եւ այն կլինի քաղաքապետարանին կից, որի պատասխանատվությունը կստանձնի Երեւանի քաղաքապետը:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու թեկնածու Խաչատուր Ստեփանյանը Երեւանը տեսնում է համահայկական կենտրոն: Նա վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում, իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի Երեւանը դառնա աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի մայրաքաղաքը: Ասաց նաեւ, որ իրենց հնարավորություններն օգտագործելու են, որպեսզի Երեւանի տարբեր վարչական շրջանները կապեն դրսի համայնքների հետ՝ մշակութային, տնտեսական, կրթական կապեր ստեղծելով Երեւանը վերածել համահայկական մայրաքաղաքի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930