Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների արդյունք պետք է ունենանք, ոչ թե վստահության քվե. Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 10,2018 14:38 Share

«Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,-վերջին ներքաղաքական զարգացումներից այսպիսի հետեւություն է արել Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը` հավելելով, որ արդեն ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերին:

«Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը ճանապարհ բացեց, որ տարբեր դեմքերն ու քաղաքական միավորները հասկանան`պետք է նստեն սեղանի շուրջ ու բանակցեն: Դա է ճանապարհը տարբեր խնդիրների ու հարցերի կարգավորման համար»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Թեւան Պողոսյանը:

Նա հույս ունի, որ ընտրական գործընթացները կլինեն օրենքի շրջանակում եւ Սահմանադրության ոգուն համապատասխան. «Պետք է լինի ոչ թե մոնոլոգ, այլ երկխոսություն։ Կցանկանայի տեսնել ազատ, արդար, մրցակցային ընտրություններ, որի արդյունքները կլինեին որպես ընտրության արդյունք, այլ ոչ միայն վստահության քվե»:

Թեւան Պողոսյանը ճիշտ է համարում, որ ընտրապայքար մտնող քաղաքական ուժերը հանրությանը ներկայանան իրենց վարչապետի թեկնածուով եւ կառավարության կազմով ու կառուցվածքով. «Պետք է հստակ ներկայացվի, թե որ ոլորտում ինչ փոփոխություն է սպասվում, որպեսզի հստակ լինի այլընտրանքի պատկերը։ Պետք է ներկայացվեն արտաքին ուղու հետ կապված հարցերը, տնտեսական, սոցիալական, Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերը։ Կցանկանայի, որ անդրադարձ լիներ նաեւ ապագա սերնդին, քանի որ մի լավ ասացվածք կա, որտեղ ասվում է, որ քաղաքական գործիչները պատրաստվում են ընտրությունների, իսկ պետական գործիչները՝ հաջորդ սերնդի զարգացման մասին են մտածում։ Նոր Հայաստան ասելով՝ մեր պատկերացումները չպետք է սահմանափակվեն միայն 5 տարով, այլ մեծ տեսլական պետք է լինի»:

Թեւան Պողոսյանը ոչ մի խնդիր չի տեսնում վարչապետի հրաժարականով արտահերթ ընտրությունների գնալու մեջ: Ավելին`կարեւորում է այդ ընտրությունների կայացումը եւ ներքին հստակությունը, որպեսզի արտաքին մարտահրավերներին դիմագրավել կարողանանք. «Եթե ՀՀ-ում իրավիճակը կայուն չէ, ապա ունենք խնդիր ավելի շատ արտաքին դաշտում, քան ներքին։ ՀՀ-ին ոչ բարին ցանկացողները չեն սպասի, որ ներքաղաքական վիճակը կարգավորվի, նոր ինչ-որ գործողություններ անեն։ Բոլոր գործողությունները, որոնք պետք է արվեն, այնպիսին պետք է լինեն, որ աշխարհում որեւէ մեկի մոտ, այդ թվում նաեւ Ադրբեջանի, ցանկություն չառաջանա ՀՀ-ի հետ կապած իրավիճակ սրել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031