Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հանդիպել է Արա Բաբլոյանին ու Վ. Բաղդասարյանին. «Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է»

Հոկտեմբեր 10,2018 16:36 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել էր խորհրդարան՝ հանդիպելու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: «Ազատության» եւ «Առաջին լրատվականի» թղթակիցների հետ զրույցում վարչապետն ասաց, որ միշտ խորհրդարանականներին դիմել է խնդրանքով, հորդորով, որ չարժե ներքաղաքական վիճակը լարել, քանի որ կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Հարցին՝ հիմա սիրո եւ համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է՝ վարչապետը պատասխանեց, որ հիմա դրա վրա է աշխատում:

Անդրադառնալով ԱԺ-ի լուծարմանը՝ Փաշինյանն ասաց, որ սցենարը չի փոխվել, պետք է հրաժարական տա, երկու անգամ վարչապետ չընտրվի, իսկ թե երբ է պատրաստվում հրաժարական տալ, ասաց՝ դա հաշվարկի հարց է:

ՀՀԿ-ական պատգամավորների ՝ Փաշինյանին սատարելու մասին խոսելիս, հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ, եղան հայտարարություններ, որ ճնշումներ եք բանեցնում՝ Փաշինյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել շատ պարզ բան՝ ես ուրախ եմ, որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը եւ անհրաժեշտ արձագանք տվեցին: Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, շատ պատգամավորներ նաեւ իրենց հարեւանների, բարեկամների, երբեմն նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, առաջին հերթին իրենք իրենց ճնշմանն են արձագանքել: Իշխանությունն իր ասելիքը հրապարակային ասել է, իհարկե, մարդկանց հետ եղել են կոնտակտներ՝ այդ հրապարակային հայտարարությունների համատեքստում»:

Հարցին՝ ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրվելո՞ւ է՝ վարչապետը պատասխանեց, որ ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունից հետո դրա կարիքը չկա, իսկ հայտարարությունը որակեց խելամիտ. «Եղել է վտանգ, այդ վտանգը երկրում ապակայունացնելու փորձ պիտի դիտարկվեր ընդամենը եւ ես ուրախ եմ, որ մարդիկ գնահատել են իրավիճակը: Իմ այցի նպատակը նաեւ այդ լարվածությունը վերացնելն է»:

Վարչապետը միանգամայն իրատեսական է համարում, որ «Ընտրական օրենսգիրքը» հասցնեն ընդունել, բայց եթե խորհրդարանը չընդունի, ասաց, որ արտահերթի կգնան հին օրենքով:

Թե ի՞նչ տեսք կունենա ապագա ԱԺ-ն, Փաշինյանի խոսքով՝ կորոշի ժողովուրդը: Դիտարկմանը, որ կադրային խնդիրները շատ քննադատեցին՝ նա արձագանքեց. «Եթե քննադատության մասին է խոսքը, ես ուշադիր հետեւում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, ի գիտություն եմ ընդունում ու կարեւոր եմ համարում, բայց բացառվում է, որ որեւէ մեկը ինձ ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս կարող եմ անել, որեւէ մեկը ինձ կամ մեր կառավարությանը չի կարող ավելի կոշտ քննադատության ենթարկել, քան ինքս եմ դա անում»:

Հարցին՝ հետագայում կվերանայվի՞ կառավարության կազմը՝ Փաշինյանն ասաց, որ չի կարող ասել կվերանայվի՞, թե՞ ոչ, խնդիր չի դրված անպայման ներառել կուսակցական կադրերին, այդ սկզբունքը առաջնային չի լինելու. «Կա շատ մեծ ներուժ եւ հնարավոր է նույնիսկ, որ այդ ներուժի մի մասը դուրս մնա ԱԺ-ից ընտրական պրոցեսի արդյունքում»: Փաշինյանը վստահեցրեց՝ «Մենք ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր եւ որեւէ կասկած չկա, որ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքներին որեւէ բան չի սպառնում: Դա մեր հավատամքն է, մեր արժեքային համակարգը, մեր մոտեցումը»:

Վարչապետի հետ հանդիպումից հետո Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իրենք մտադրություն չեն ունեցել վարչապետի թեկնածու առաջադրել եւ ՀՀԿ-ի հայտարարությունը այդ համատեքստում էր: Հարցին՝ հնարավո՞ր է դուք արտախորհրդարանական ուժ դառնաք՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ քաղաքական դաշտում որեւէ բան բացառել հնարավոր չէ եւ որեւէ մեկին մենաշնորհ տրված չէ, որ միշտ պետք է լինի խորհրդարանական կամ իշխանություն: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը լռում: Նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը խոսում է ԳՄ նիստերում. «Նա միանձնյա ենթադրություններ չի անում, քննարկման արդյունքում ինչ որոշում ենք, դա ենք անում»: Բաղդասարյանն ասաց, որ վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշումը ոչ թե միայն Սերժ Սարգսյանի, այլ բոլորի դիրքորոշումն է եղել շատ վաղուց: Հարցին՝ ձեզ ճնշե՞լ են, ինչպես Աշոտյանն էր հայտարարում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ճնշվող չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031