Հոկտեմբերի 10-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2017-2018 ուս. տարվա շրջանավարտների, որոնք այսուհետ կկրեն շրջանավարտ «Շառլ դը Գոլ» անունը, դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը, ի թիվս այլոց, ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը եւ այլ բարձրաստիճան անձինք:

Aravot.am-ը նախարարից հարցրեց` Հայաստանում ե՞րբ ուսուցիչը այնքան կկարեւորվի, ինչքան Ֆրանսիայում, վկայակոչեցինք նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսակետը կրթության ոլորտի եւ ուսուցիչների վերաբերյալ:
«Ինձ համար, այն թիմի համար, որ եկել է իշխանության, ուսուցիչն ամենակարեւոր մասնագիտություններից եւ առաքելություններից մեկն է, եւ այդ գաղափարախոսությունը մեր գործունեությամբ տարածելու ենք: Ինչքան հնարավոր է, կարճ ժամանակում պետք է վերականգնենք ուսուցչի վարկը, որը նախորդ ռեժիմի օրոք սասանվել էր: Այո, ուսուցիչը պետք է լինի այն հեղինակությունը, ով գիտելիք է բերելու դպրոց»,-ասաց նախարարը:
Նա փաստեց, որ բուհական ոլորտում խնդիրներ կան, սակայն իրենց գործողություններն ուղղված են նրան, որ պետական բուհերն էլ լինեն մրցունակ, ինչպես, օրինակ, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանները. «Դրանք եւ լրացուցիչ միջոցների տրամադրումն է, եւ բուհերի միավորումն է, եւ Բարձրագույն կրթության մասին օրենքի փոփոխությունն է»:
Նախարարին հարցրինք` արդյոք հնարավո՞ր է քիչ ֆինանսական միջոցներով որակյալ կրթություն: «Ոչ, հնարավոր չէ, բայց ես առիթ եմ ունեցել ասելու, որ հանրակրթության մեջ էլ, բարձրագույն կրթության մեջ էլ բավականին գումարներ կան, պարզապես դրանք պետք է պատշաճ կերպով բաշխվեն»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ երբ ներքին օպտիմալացում լինի, ոչ ցանկալի ուղղություններով հոսող գումարներ չլինեն, կրթության ֆինանսավորումը գուցե թե բավարարի:
Ասաց նաեւ, որ ակնկալել արագընթաց զարգացում կրթության եւ գիտության ոլորտում, այս պահին հնարավոր չէ: Նախարարն ընդգծեց. «Հաջորդ տարվանից 11 մլրդով ավելացել է կրթության բյուջեն, վարչապետն էլ հայտարարեց, որ դա նախորդ տարիների միջնաժամկետ ծախսերով հաստատված բյուջե է, բայց ենթակա է վերանայման, երբ ներքին օպտիմալացում կլինի, լրացուցիչ հատկացվող գումարները ոչ ցանկալու ուղղություններով չեն հոսի, բյուջեի վերանայում կլինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































