Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ «ուսուցիչ» բառի վրայից սրբել վարչական փոշին»

Հոկտեմբեր 10,2018 14:00 Share

Էմանուել Մակրոնի գիրքը`
կրթության եւ ազգային արժեքների շեշտադրմամբ

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը հետաքրքիր է հատկապես այն առումով, որ այնտեղ մեծ տեղ է տրված կրթության եւ ազգային արժեքների դերակատարությանը: Հեղինակը նախ հիմնավորում է իր խոսքով՝ գիրք գրելու արկածախնդրությունը, ապա խոսում իր ծագման ու ընտանիքի մաոին: Ծնվել է Պիկարդի շրջկենտրոն Ամյենում, բժիշկների ընտանիքում: Գրում է, որ աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ է ընտանիքն առաջ գնացել ու մտել բուրժուազիայի մեջ:

«Տատիկս ինձ սովորեցրել է աշխատել, հինգ տարեկանից դասերից հետո նրա մոտ ժամերով սովորում էի քերականություն, պատմություն, աշխարհագրություն…եւ ընթերցանություն: Օրեր շարունակ նրա մոտ բարձրաձայն կարդում էի Մոլիեր եւ Ռասին, Ժորժ Դյուամել, մի քիչ մոռացված գրողներ, որոնց նա սիրում էր, նաեւ Մորիակ եւ Ժիոնո… Տատիկս ծնողներիս պես մեծ սեր ուներ ուսման հանդեպ, ու մանկությունս անցնում էր նրա անհանգիստ սպասումով, թե երբ կվերադառնամ նույնիսկ մի անկարեւոր քննությունից»,- գրում է Մակրոնը, որի մանկությունն իր իսկ բնորոշմամբ՝ անցել է գրքերի մեջ, աշխարհից կտրված, գավառական քաղաքում:

Մակրոնը ուսուցիչ տատիկի միջոցով ըստ էության մեծարում է բոլոր ուսուցիչներին. «Տատիկս ուսուցիչ էր…Սա գրելիս ցանկանում եմ «ուսուցիչ» բառի վրայից սրբել վարչական փոշին եւ տալ այդ կոչման իրական փայլը: Նա մանկավարժի իր կյանքն ապրեց նվիրումով ու համբերատար…»:

Ֆրանսիայի նախագահը նաեւ հավելում է. «Ծնողներիս հետ զրույցները նույնպես գրքերի շուրջ էին, այդ ժամանակ էր, որ բացահայտեցի ուրիշ գրականություն՝ ավելի փիլիսոփայական ու ժամանակակից»: Գրքում անդրադարձ կա սիրած կնոջ՝ Բրիջիթի հետ կապին, ամուսնությանը, որը սկզբում շատերը չէին ընդունում, հետո նրանք իրենց ամուր ընտանիքով բոլորին ստիպեցին ընդունել:

Մակրոնը գրում է, թե ինչին է հավատում՝ ձեռնոց նետելով քաղաքական դաշտի այն կանոններին, որոնք երբեք չի ընդունել: «Հավատում եմ ժողովրդավարությանը, քաղաքականության կենսունակությանը, որի կենտրոնում մարդն է….Որպես ժողովրդավար՝ համոզված եմ, որ ժողովուրդն իր մեջ դեռ ունի էներգիայի թաքնված պաշարներ, ինչի մասին գլխի չեն ընկնում նույնիսկ նրանք, ովքեր հավակնում են խոսել ժողովրդի անունից: Որպես Ֆրանսիայի քաղաքացի, կարծում եմ՝ մեր ճակատագիրն է նոր հուն մտցնել մեր պատմությունը, որը ցույց է տալիս, որ ֆրանսիացիներն ավելի քան հազար տարի յուրօրինակ տեղ ունեն ազգերի ընտանիքում…Ֆրանսիան միշտ պատրաստ է թռիչքի: Պետք է պարզապես թարմացնել ուժերը: Ու դրա համար է, որ կանք մենք»:

Նա հայտարարում է իր երազանքի մասին՝ ունենալ ոչ թե նույնանմանների, այլ իրավահավասարների ազգ:

Խոսելով իր երկրի գերակա ոլորտների մասին, Մակրոնը շեշտադում է «մարդկային կապիտալը»՝ կրթությունն ու ուսուցումը:

«Խիստ կարեւոր է ներդրումներ անելը դպրոցում, բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտության ասպարեզում, նաեւ շարունակվող կրթության մեջ: Դա միակ ձեւն է տասնամյակների ընթացքում Ֆրանսիային ցույց տալու իր հավակնություններին հասնելու միջոցները…Այն գումարը, որ չենք ներդնում դպրոցներում կամ ընդհանրապես ուսուցման մեջ, ստիպում է ավելի շատ ծախսեր անել վնասի հետեւանքները վերացնելու համար: «Մարդկային կապիտալում» ներդրումներ անելը նշանակում է ֆինանսավորել նորարարությունը Ֆրանսիայում»,- գրում է հեղինակը: Նա կարեւորում է նաեւ մասնագիտական կրթությունը, որը դիտարկում է որպես Ֆրանսիայի կրթական համակարգի առանձին հաղթաթուղթ: Նաեւ շեշտադրում է համալսարաննները, ասելով, որ համալսարանական լինելը պատվաբեր է: Ընդգծում է, որ հաջողության հասնելու համար պետք է համալսարաններին ավելի մեծ մանկավարժական ինքնավարություն ու միջոցներ տալ, իսկ դպրոցի ուսուցիչներին` հնարավորություն ավելի նախաձեռնող լինելու համար:
Երկրորդ գերակա ոլորտն, ըստ Մակրոնի, բնապահպանությունն է, երրորդ առաջնահերթությունը Ֆրանսիայով մեկ օպտիկամանրաթելային մալուխների անցկացումը: Գրքում անդրադարձ կա տնտեսության ամենաբարդ ոլորտներից մինչեւ գինեգործություն եւ ֆրանսիական ճաշատեսակներ:

Գրքում «կարմիր թելի պես» Ֆրանսիայի համար հոգ տանելու նրա ցանկությունն է ու հարգանքը՝ ազգային ակունքների հանդեպ. «Երկիրը չի կարող ոտքի վրա ամուր կանգնել, համարձակ առաջ շարժվել, եթե չիմանանք՝ որտեղից ենք գալիս: Մեր ազգի համար չափազանց կարեւոր է, որ ամեն սերունդ իր փորձը ժառանգի հաջորդին…Չենք կառուցի Ֆրանսիան, չենք գտնի մեր դերն ազգի կյանքում, եթե չձուլվենք նրա պատմությանը, մշակույթին, արմատներին…Հնարավոր չի միաժամանակ լինել Ֆրանսիացի եւ ցանկանալ ջնջել անցյալը: Անցյալն է մեր ապագայի սկիզբը…Ահա թե ինչու Հանրապետության հերոսները միշտ էլ մեր ժամանակակիցներն են՝ դասվարը, դասղեկը, դասախոսը, վարպետը, նաեւ ձեռնարկության ղեկավարը, որը սովորեցնում է»:

Մակրոնը նշում է՝ հոգ տանել Ֆրանսիայի մասին, նշանակում է հոգ տանել նրա արժեքների մասին: Նրա խոսքերով, ժողովրդավարության իր պատկերացումը պասիվ քաղաքացիների մասին չէ, որոնք իրենց քաղաքական առաջնորդներին են վերապահում ազգի կառավարումը. «Առողջ եւ ժամանակակից ժողովրդավարությունը կազմված է ակտիվ քաղաքացիներից, որոնք մասնակցում են երկրի վերափոխմանը»:
Էմանուել Մակրոնի` իր ժողովրդին ուղղած գիրքը հաստատ արժի, որ կարդան այլ երկրների քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ, այդ թվում` եւ Հայաստանի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

09.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031