Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. «Ժամանակն է, որ մարդկությունը հետ դառնա դեպի իր ակունքները, դեպի իր ծագումը, դեպի մարդկային ռասսայի ծագման վայր՝ Հայաստան»

Հոկտեմբեր 29,2018 12:08 Share

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ, քննարկել նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները:

Այնուհետեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած՝ «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումի բացմանը:

Նախագահը, ով նաև FAST հիմնադրամի խորհրդատվական խորհրդի պատվավոր անդամ է, ողջունելով մասնակիցներին 21-րդ դարի երկրում, կարևորել է Հայաստանում նման ֆորումների անցկացումը:

Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը ոչ միայն քաղաքակրթությունների բնօրրան է, այլևս ի սկզբանե եղել է Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում:

«Քանի որ սա դարպաս է, խաչմերուկ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդկությունը հետ դառնա դեպի իր ակունքները, դեպի իր ծագումը, դեպի մարդկային ռասսայի ծագման վայր՝ Հայաստան: Օրերս Ժնևում խոսում էի 4-րդ ինդուստրիալ հեղափոխության մասին, որտեղ ասացի, որ չկան հեղափոխություններ, կա էվոլյուցիա: Մարդկությունը, մենք պետք է մաս կազմենք էվոլյուցիային կամ զարգացմանը: Սա ոչ միայն գիտական ու տեխնոլոգիական էվոլյուցիա է, այլև մեր հասարակությունների ու աշխարհում մեր վարքագծի սրընթաց էվոլյուցիա»,- ասել է նախագահը:

Նա հետևյալ ուղերձն է հղել. «Հայաստանն ապագայի դարպասն է: Մենք խրախուսում ենք ներդրումներ կատարել մեր երկրում. երկիր, որը երիտասարդ է, որը հավակնոտ է, որի ժողովուրդը տաղանդավոր է, որն ունի երիտասարդ կառավարություն, և երկիր, որն իրեն զգում է 21-րդ դարում: Երիտասարդ է և հասուն: Երիտասարդ լինելը նախ և առաջ նշանակում է, թե որքան երիտասարդ ես քեզ զգում հոգով, արդյոք պատրաստ ես նոր բացահայտումների, պատրաստ ես սովորել, պատրաստ ես տալ հարցեր ու պատասխաններ գտնել: Արդյոք պատրաստ ես հետազոտությունների, էվոլյուցիոն արագացման:

Կարծում եմ, որ էվոլյուցիան անսահման է: Մենք չենք գիտակցում, թե իրականում որքան բազմաշերտ ենք, մենք բացահայտել ենք մեր մի մասը միայն: Մարդիկ շատ ավելի հետաքրքրված են, թե ինչ է կատարվում մեզնից դուրս: Սակայն մի ամբողջ տիեզերք ունենք մեր ներսում, որը նույնքան բարդ է, որքան հենց ինքը՝ տիեզերքը:

Հավատացած եմ, որ աշխարհի ապագա բացահայտումները կրկին վերադառնալու են այս դարպաս, որը 21-րդ դարի դարպասն է:

Այնպես որ, բարի՛ գալուստ Հայաստան»:

Նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել եռօրյա միջազգային ֆորումի մասնակիցներին:

Ֆորումը համախմբել է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել