Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը որեւէ սխեմայի զոհ չէ». Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ

Հոկտեմբեր 29,2018 18:04

«Եթե Ռոբերտ Քոչարյանն այդպիսի տեսագրություն ունենար, դեռեւս 2008-09 թվականների գործընթացներում ու գործի մեջ անպայմանորեն այն տեղ կգտներ, ավելին ասեմ՝ մեր քննված քրեական գործերով դատաքննությունների ժամանակ դա որպես ապացույց ներկայացված կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե «Ցանցում կա տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ցուցարարների կողմից գործի դրվում մարտական ինքնաձիգ և այլն. այդ ամենը նկարագրել հնարավոր չէ: Բայց զարմանալիորեն քննությունն իր «տրամադրության տակ» չունի այդ ձայնագրությունը, չնայած իրականում, ես համոզված եմ, նրանք այդ տեսանյութը պարզապես չեն ցանկացել տեսնել: Այդ կեղծված գործի նյութերը հավաքվում են, որպեսզի ամեն ինչ բերվի նախապես ընտրված սխեմայով՝ մեղադրելով այն մարդկանց, որոնց իրենք «նշանակել են» մեղավորներ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են դրանով, իրենք պատասխան կտան օրենքի առաջ»:

«Հաստատապես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Իսկ այն, որ սխեմաներից է խոսում, սխեմաները հատուկ են եղել իրեն ու իրենց իշխանությանը, ես առայժմ սխեմաներ չեմ տեսնում: Տեսնում եմ, որ քաղաքական կամք կա արարքներին քրեաիրավական որակումներ տալու առումով, եւ դրան խոչընդոտում են իր իսկ կողմից նշանակված դատավորները: Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը կարող է նման բաներ ասել, որովհետեւ հիմա, երբ իրեն ավելի ազատ է զգում, դրսում է, հնարավորություն ունի որոշակի ազդեցություններ ունենալ, կարող է նման տեսակետներ առաջ քաշել: Գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի արարքը համապատասխանում է առաջադրված հոդվածի հանցակազմին, Ռոբերտ Քոչարյանը որեւէ սխեմայի զոհ չէ, ժամանակին իրեն անխոցելի կարծելով՝ արել է բաներ, որոնք մարդկության, ազգի ու ժողովրդի դեմ են եղել: Նա այսօր հատուցում է իր հանցավոր արարքների պատասխանատվությունը»,- ասաց փաստաբանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031