Լրահոս
Օրվա լրահոսը

Կողբի 37/6 ընտրատեղամասում դիտորդն արձանագրել է երեք անձանց տևական ներկայությունը տեղամասային կենտրոնի հարակից տարածքում․ նշված անձանցից մեկը Վահագն Թամազյանն է․ «Ականատես»

Նոյեմբեր 29,2026 13:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ականատես» դիտորդական առաքելությունը նոյեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացնում Հայաստանի տարբեր համայնքներում։

Ժամը 12։00-ի դրությամբ առաքելության 54 շրջիկ դիտորդներն այցելել են 100 ընտրատեղամաս։
Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 35 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 42 հաղորդում։

Արձանագրված հիմնական խնդիրներն են՝

Ընտրատեղամասերի մատչելիություն՝ 27 արձանագրում։ 25 ընտրատեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 24-ում առկա են եղել ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 3-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։

Ընտրողների ցուցակներում ընդգրկման խնդիրներ։ 4 ընտրատեղամասում (15/29, 17/27, 22/17, 37/6) հաղորդումներ են ստացվել մշտական բնակության պահանջի կիրառման հետևանքով ընտրողների տվյալները հիմնական ցուցակներում սխալմամբ չներառելու վերաբերյալ։

Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն։ Թիվ 20/12 ընտրատեղամասի հարակից տարածքում արձանագրվել են մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ, թիվ 22/7 ընտրատեղամասի դիտարկման ընթացքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի շենքի տարածքում կասկածելի կուտակումներ, իսկ թիվ 37/6 ընտրատեղամասի հարակից տարածքում՝ անձանց տևական ներկայության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության ցուցիչներ։

Ընտանեկան քվեարկություն։ Երկու ընտրատեղամասում (17/2, 37/10) արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքեր։

Ընտրողների ցուցակների փակցման խնդիրներ։ Երկու ընտրատեղամասում (15/20, 22/22) արձանագրվել է ընտրողների ցուցակների բացակայությունը սահմանված վայրերում։

Դիտորդների և ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող այլ անձանց իրավունքների խոչընդոտումներ՝ 3 դեպք։ Թիվ 17/35 ընտրատեղամասում արձանագրվել է դիտորդի մուտքի խոչընդոտման, թիվ 22/24 ընտրատեղամասում՝ դիտորդի գնահատականը հանձնաժողովի գրանցամատյանում գրանցելուց հրաժարվելու, իսկ թիվ 22/19 ընտրատեղամասում՝ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտման դեպք։

Առաքելությունը փաստագրել է նաև առանձին միջադեպեր, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանի։

Կողբի 37/6 ընտրատեղամասում դիտորդն արձանագրել է երեք անձանց տևական ներկայությունը տեղամասային կենտրոնի հարակից տարածքում։ Նշված անձինք ողջունել են քվեարկության եկող ընտրողներին և զրուցել նրանցից առնվազն մեկի հետ։ Թեև դիտորդը չի լսել խոսակցության բովանդակությունը, անձանց վարքագիծը մտահոգություն է առաջացրել ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության տեսանկյունից։

Դիտորդի հաղորդմամբ՝ նշված անձանցից մեկը Վահագն Թամազյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Արարատ Թամազյանի և տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Հարությունյանի որդին։

Դիտորդը դեպքի վերաբերյալ տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, որը, սակայն, չի դիմել ոստիկանությանը՝ պատճառաբանելով, որ դա իր գործառույթների շրջանակում չէ։ Դիտորդի պահանջով դեպքի վերաբերյալ գրառում է կատարվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Գրառման ընթացքում հանձնաժողովի նախագահը զանգահարել է որդուն՝ տեղեկացնելով նրա կողմից ենթադրյալ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ գրառման մասին։ Դրանից հետո նշված անձինք հեռացել են տարածքից։

Սպիտակի 22/24 ընտրատեղամասում դիտորդներն արձանագրել են, որ մինչև քվեարկության սկիզբը քվեատուփը չի կապարակնքվել հատուկ կապիչով, այլ ամրացվել է միայն ինքնասոսնձվող թղթերով։ Դիտորդները խախտման վերաբերյալ տեղեկացրել են հանձնաժողովի նախագահին և պահանջել իրենց գնահատականը գրանցել հանձնաժողովի գրանցամատյանում։ Հանձնաժողովի նախագահը շուրջ 20 րոպե հրաժարվել է կատարել գրառումը՝ այդ ընթացքում վերացնելով խախտումը։ Ի վերջո, դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև ընտրողների ընտրական իրավունքի իրացման, ազատ կամարտահայտման, հնարավոր վերահսկողության, ընտրական ընթացակարգերի պահպանման և դիտորդների իրավունքների խոչընդոտման վերաբերյալ դեպքերը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։

Ներկայացված տվյալները նախնական են, կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում և չեն հանդիսանում ընտրությունների վերջնական գնահատական։

«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30