Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտել ենք հազարավոր մարդիկ, որոնք չգիտեն, որ իրենք նպաստառու են, Փարոսի տնօրենները, քաղաքապետերը նրանց փողերը ստանում են, յուրացնում են». Փաշինյան

Նոյեմբեր 01,2018 17:38

ԱԺ հատուկ նիստում ինչպես հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, ինչպես եւ սպասվում էր: Վարչապետի պաշտոնակատարն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ կառավարությանն ուղղված քննադատությանը:

Շարմազանովն ասել էր, որ աշխատավարձերը չեն բարձրացնում ու 3.5 տոկոս էլ գնաճ են կանխատեսում: Փաշինյանը պատասխանեց. «Հարգելիներս, եթե մենք ասում ենք, որ 36.6 տոկոսի փոխարեն եկամտահարկը իջնում է, լինելու է 23 տոկոս, դա աշխատավարձի բարձրացում չի՞, բա աշխատավարձի բարձրացումը պոզով-պոչո՞վ է լինում: Դեռ 256 հազար մարդու աշխատավարձ հուլիսի 1-ից բարձրացրել ենք»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հորդորել էր բարձրացնել բյուջետային աշխատողների աշխատավարձը, որոնք հատկապես ձմռանը չեն կարողանում ընտանիք պահել: Փաշինյանը պատասխանեց, որ հատկապես ուսուցիչների, գիտնականների մասով շատ լեգիտիմ պահանջ է, բայց պետք է խորանալ պրոբլեմի մեջ. «Այսօր ՀՀ հանրակրթության ոլորտում կա 48 հազար 790 դրույք, 10 հազար մարդով ավելի է, քան նախատեսված է հաստիքացանկով: Այդպես է ստացվել տարբեր հանգամանքների բերումով ու այսօր չենք էլ կարող ասել, որ նույնիսկ մեր ուսուցիչները ստանում են այնքան աշխատավարձ, որքան պետք է ստանային: Մի տեղ, որտեղ պետք է լինի մեկ ուսուցիչ, մի ուսուցչի աշխատավարձը ստանում են երկուսը: Մինչեւ մենք այս խնդիրները չլուծենք, պետական կառավարման համակարգում այսօր 18 հազար 700 մարդ է աշխատում, մենք մտածում ենք, որ սա արդյունավե՞տ պետական համակարգ է: Քաղաքացիները նույնիսկ իրենց նամակների պատասխանը ժամանակին չեն կարողանում ստանալ: Մենք ուզում ենք ֆորմալ բարձրացնենք, որ համ աշխատավարձը չբարձրանա, համ որակն ընկնի ու ոչ մի հարց չլուծե՞նք: Մենք այսօր այս խնդրի պատճառով չենք կարող արագ արձագանքել: Մենք ընտրություն ունեինք բոլոր թոշակառուների թոշակը 1000 դրամով բարձրացնել գոնե այս պահին եղած կանխատեսվող ռեսուրսներով, թե՞ 85 հազար աղքատության շեմից ներքեւ գտնվողների նպաստը բարձրացնենք, որ գոնե համոզված լինենք, որ այդ մարդիկ հաց առնելու գումար ունենալու են: Մենք երկրորդ ճանապարհն ընտրեցինք՝ չբացառելով խոսակցությունը նաեւ առաջին ճանապարհով գնալու: Բայց մի երկրում, որտեղ 400 հազար մարդ աշխատում է ու 800 հազար մարդ նրանց աշխատանքի արդյունքը պիտի կիսի, չենք կարող այդտեղ լուրջ խոսենք, մենք պետք է աշխատողների թիվն ավելացնենք»:

Փաշինյանը նաեւ խոսեց գիտնականների մասին: Նա ասաց, որ այսօր Հայաստանում կա հաստիքով 4500 գիտնական. «Խորհրդակցություն է եղել բյուջետային քննարկումների, հարցրել եմ՝ ի՞նչ գիտական արդունք են տալիս 4500 գիտնականները: Ես չեմ ասում նրանք արդյունք չեն տալիս, բայց մենք չգիտենք՝ այդ գիտնականներին նախ մենք ի՞նչ պատվեր ենք տալիս ու նրանք ինչպե՞ս են վերադարձնում այդ պատվերը: Մենք չգիտենք՝ գիտության մեջ մենք կեղծ հաստիքների պրոբլեմ ունե՞նք, թե՞ չունենք: Սոցիալական նպաստների ոլորտում 360 հազար նպաստառու ունենք, բայց մենք այսօր բացահայտումներ ենք անում հազարավոր մարդիկ, որոնք չգիտեն, որ իրենք նպաստառու են, Փարոսի տնօրենները, քաղաքապետերը նրանց փողերը ստանում են, յուրացնում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930