Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ապարանի «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի առջեւ այսօր բողոքի ակցիա էր, «Իմ քայլի» նախընտրական ցուցակի ռեյտինգայիn թեկնածուների առնչությամբ: «Ներքեւներն», այսպես ասած, համաձայն չեն «վերեւների» որոշումների հետ: Այդ առիթով այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը Ապարանի ՔՊ-ի գրասենյակում հանդիպել է ցուցարարների հետ: Հանդիպումը բավական լարված է անցել: ՔՊ ակտիվի ներկայացուցիչներին հետաքրքրում էր` ինչո՞ւ են մերժվել իրենց առաջարկած ռեյտինգային բոլոր թեկնածուներին: Հիշեցնենք, առաջարկվել էր Հովհաննես Հովհաննիսյանի, Վարդան Ղազարյանի, Գոռ Պետրոսյանի եւ ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի թեկնածությունները:
Մարզպետը պատասխանեց` ինքը բոլոր անունները ներկայացրել է ՔՊ-ի վարչությանը. «Որոշումը կայացնում է վարչությունը՝ որոշակի չափորոշիչներից ելնելով`կրթական ցենզ, քաղաքական որոշակի ճանապարհ անցնելու հետ կապված… որքանո՞վ են կիսում արժեքները, որքանո՞վ են նրանց վարչության անդամները ճանաչում»: Հստակ պատասխան, թե ի՞նչ հիմնավորմամբ են մերժվել այդ թեկնածությունները, Դավիթ Գեւորգյանը չուներ:
Արման Շահինյանի նյարդերը տեղի տվեցին. «Այսինքն` Պետրոսյանին Ռազմիկին ի՞նչ անուն են դրել. ճանապարհ անցած մարդ է: Կամ` Հովոյին. հալալ քրտինքով ապրող մարդ է, ինչո՞վ են առաջնորդվել, որ մերժել են»:
Բողոքավոր ցուցարարները մեկը-մյուսին հերթ չտալով դիտարկումներ էին հայտնում, որ ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է գործել, այնպես, ինչպես նախկինում էր։
«Ընտրվել մի մարդ, ով ունի հովանավոր: Մաթոս Ասատրյանը ինքն է հայտարարել, որ ունի հովանավոր`տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը իր բանակի ընկերն է: Մենք ունենք տեղեկատվություն, որ ինքը արդեն ցուցակում ներառված է։ Մենք գրասենյակում չենք կարողանում իրան տենանք, իրան բազմիցս ասել ենք` արի գոնե քեզ ճանաչենք: Էնքան է արհամարհում, չի ասում`էս ակտիվն ա իմ համար աշխատելու»,- հայտարարեց հանդիպման մասնակիցներից մեկը` հիշեցնելով, որ վերջինս ժամանակին աջակցել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին գումար բաժանողն է եղել:
Դավիթ Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ մեր կուսակցությունում, կարող են լինել մարդիկ, ում հարաբերությունները միմյանց հետ ավելի սերտ է, մինչեւ կուսակցության մեջ փոխհարաբերությունից, քաղաքական, պետական որոշակի գործունեությունից զատ ունեն անձնական որոշակի շփումներ, բայց պետք չէ ամեն տեղ մտածել, որ դա է որոշիչ դեր խաղացել: Կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ինձ ընկերներ են, բայց գոնե էս վերջին 5-6 ամսվա ընթացքում շատ սկզբունքային հարցերում հակառակվել եմ, այսինքն` ընկերական ձեւով չի լինելու էս կուսակցությունում։ Ինչ վերաբերում է Մաթոսին… հա հնարավոր է պարոն Պապիկյանը եւ Մաթոսը ինչ-որ ընկերական հարաբերություններ ունեն, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա չի կարող լինել որոշիչ, որ Մաթոսը լինի ցուցակում կամ չլինի. առաջին հերթին, Սուրեն Պապիկյանը այդ արժեհամակարգի կրողը չէ։ Մաթոսի հետ հանդիպել եմ երկու անգամ, բայց Պապիկյանին լավ ճանաչում եմ»:
Հավաքվածներին հետաքրքրում էր նաեւ ՔՊ-ին իրենց անդամագրվելու հարցը: Մարդիկ փաստացի, կուսակցության անդամ են`կուսակցական աշխատանք են կատարում, բայց իրենց դիմումների պատասխանները դեռ չկան: Մարզպետն ասաց`դիմումները քննարկվում են, «ֆիլտրում»: Տեղից մեկն ասաց`այդ ընթացքում գուցե մեկը որոշի մեկ այլ կուսակցության անդամակցել:
«Ով կասկած ունի`գա ՔՊ, թե գնա ուրիշ կուսակցություն, ես մաղթում եմ բարի ճանապարհ։ Ով որ ուզում է ՔՊ մտի որոշակի պաշտոնի համար, բարի ճանապարհ: Ընտրություններիհետ կուսակցություն մտնելը ոչ մի կապ չունի, կառավարություն ձեւավորելու հետ կապ չունի: ՔՊ-ն պիտի լինի ուժեղ կուսակցություն, ոչ թե հիմա, որ ուժեղ կուսակցություն է, իշխանություն, այլ վաղը, երբ որ մենք կդառնանք ընդդիմություն։ Պետք չի մի հոգի մտնի, որ մեր ընդդիմություն դառնալուց հետո գնալու է ուրիշ կուսակցության համար կռիվ անի»:
Մարզպետը խնդրեց, որ հետագա քննարկումը փակ լինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































