Առաջիկա արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության Իմ քայլը դաշինքը ներկայացնող նախընտրական ցուցակը Ապարանում կրքեր է բորբոքել։
Ապարանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակտիվիստներն այսօր կուսակցության Ապարանի գրասենյակի դիմաց ակցիա են իրականացրել ՝ պահանջելով, որ կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցուցակը ձևավորվի կուսակցական ակտիվի հետ քննարկումներում, ոչ թե կուսակցական ղեկավարության կողմից՝ միանձնյա։
ՔՊ-ի Ապարանի տարածքային կառույցի անդամ Արման Շահինյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական ակտիվը առաջարկել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել Հովհաննես Հովհաննիսյանի, Վարդան Ղազարյանի, Գոռ Պետրոսյանի և ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի թեկնածությունները, սակայն իրենք հիմնավոր կասկած ունեն, որ ռեյտինգային ընտրակարգով այդ տարածքում առաջադրվելու է Արագածոտնի մարզպետը, նրա երկու տեղակալները, շրջանառվում են նաև այլ անուններ, մասնավորաբար՝ Օհանավանի գյուղապետի՝ Պարույր Մաթևոսյան անունով տեղակալի անունը։
Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայացել է իբրև ԵԼՔ դաշինքի վստահված անձ, բայց աշխատել է ԲՀԿ-ից ՀՀԿ անցած Բազմասեր Առաքելյանի համար։ Արմեն Շահինյանն ասաց, որ կուսակցական տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ հաշվի չնստելը վրդովվեցրել է բոլորին։ Իրենց համար պարզ է դառնում, որ ՔՊ-ականների հայտարարությունները առոչինչ են, քանի որ ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է գործել։ Ի դեպ, ակցիայի մասնակիցները կարծում են, որ այս հարցում որոշողը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն է, ով էլ յուրայիններին է առաջ մղում։ Այս պահին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն Ապարանի ՔՊ-ի գրասենյակում բանակցում է ցուցարարների հետ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































