Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում օդանավակայանում

Նոյեմբեր 11,2018 23:41

Հանրապետության հեռավոր, փոքրիկ Մ. քաղաք գործուղման մեկնած Փայլակը այդ օրը պետք է օդանավակայնում կարճատև հանդիպում ունենար իր ընկերուհի Հրարփիի հետ, որը Ամերիկայից վերադառնում էր հայրենիք առողջական խնդիրներ ունենալուց հետո (եթե հիշում եք՝ ավտոմոբիլային վթարի հետևանքով ոտքն էր կոտրվել): Հրարփիին Մոսկվայից բերող օդանավը վայրէջք էր կատարելու ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական օդանավակայանում, որի համար տոմս չէր կարողացել ձեռք բերել, այլ իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքի օդանավակայանում, որը բավականին հեռու էր գտնվում Փայլակի գործուղման մեկնած վայրից և նա ստիպված էր մոտ երկու ժամ առաջ ճանապարհ ընկնել անհրաժեշտ ժամին տեղ հասնելու համար:
Դուրս գալով գործուղման վայրի գործարանի դարպասներից, նա քայլերն ուղղեց դեպի օդանավակայան տանող ասֆալտե մայրուղու մոտակա կանգառ: Հասնելով նախատեսված կանգառ, նա սկսեց մերթ-ընդ-մերթ ձեռքով կանգնելու նշան անել այդտեղով անցնող հատուկենտ փոքրածավալ ավտոբուսներին, որոնք առանց ուշադրություն դարձնելու նրա ձեռքի շարժումներին, շարունակում էին իրենց արագ ընթացքը` հետևից բարձրացնելով շիկավուն փոշու խիտ ամպեր:
Հարկավոր էր համբերատար սպասել, քանի որ այս մայրուղով քիչ ավտոբուսներ էին անցնում, որոնք կամ օդանավակայանի մոտ էին հասնում կամ շրջանցելով այն` շարունակում էին իրենց ճանապարհը դեպի այլ բնակավայրեր:

Հերթական ավտոբուսի վարորդը, նկատելով Փայլակի ձեռքի շարժումը, արգելակեց մեքենան, արագ բացեց դռները, իսկ Փայլակը մոտենալով ավտոբուսի առջևի դռանը, գլուխը կիսով չափ ներս խցկեց և վարորդին հարցրեց, արդյոք երթուղին անցնում է իրեն անհրաժեշտ օդանավակայանի մոտով:

Ստանալով դրական պատասխան` նա հենց առաջին դռնից էլ բարձրացավ ավտոբուսի ուղևորասրահ, գնաց դեպի հետևի մասի նստարանի ազատ տեղը, հարմարավետ տեղավորվեց և սկսեց ուշադիր զննել ավտոբուսի իրեն միանգամայն անծանոթ ուղևորներին:
Որտե՞ղ պետք է իջներ, ինչպե՞ս պիտի օդանավակայան հասներ, դեռ չգիտեր ու քիչ հետո փորձեց այն պարզել աջ կողքին նստած տարեց ուղևորից, որն էլ առաջարկեց իջնել կամրջի մոտ, սակայն, ձախ կողմում նստած երիտասարդը նպատակահարմար համարեց թունելի մոտ իջնելը:
Փայլակը շատ էր շտապում, նրան թվում էր, թե օդանավն արդեն ժամանել է, ուղևորները ստացել են ուղևորաբեռը և ճանապարհ ընկել իրենց բնակավայրեր:

Ինչպե~ս էր նա ցանկանում Հրարփիին տեսնել վայրկյաններ առաջ, չէ որ նրան չէր տեսել երկար ամիսներ, երբ նրանք հանդիպել էին Ամերիկա մեկնելուց առաջ, սակայն թվում էր, թե մի ամբողջ հավիտենություն է անցել բաժանման պահից:

Փայլակը մտորումների մեջ էր, երբ հեռվում երևաց կամուրջը:
«Կամուրջները միացնում, նաև բաժանում են մարդկանց ճանապարհները»,-մտքում շշնջաց Փայլակը, տեղից վեր կացավ, ուզեց առաջ շարժվել, բայց վարորդը, հայելու մեջ նկատելով անծանոթ երիտասարդի անհանգստությունը, բարձրաձայնեց.
-Ախպե՛րս, երևում է` շատ ես շտապում, սա այն կամուրջը չէ, որտեղ պետք է իջնես, դեռ բավականին ճանապարհ կա, հանգիստ նստի՛ր, ես քեզ կզգուշացնեմ, երբ հարկավոր կամուրջին հասնենք:
Փայլակը դանդաղորեն հետ գնաց, նստեց իր տեղում ու նայեց ժամացույցին, որի սլաքները, կարծես խոսքերը մեկ արած, արագորեն սլանում էին դեպի առաջ:

«Ամեն ինչ կարգին է»,-ինքն իրեն հուսադրեց Փայլակը, խորը շունչ քաշեց, հարմար դիրք ընդունեց նստարանի վրա և ճամպրուկից հանելով առավոտյան գնած թարմ լրագիրը, բացեց այն և սկսեց թերթել:
«Հարկավոր է հանգիստ նստել ու սպասել, խելագարվել եմ, ինչ է, դեռ մի ժամից ավելի կա, ինչու եմ այսպես իրար խառնվել»,-ինքն իրեն հուսադրեց նա:

Քիչ հետո ավտոբուսը մխրճվեց խիտ մառախուղի մեջ, ապա հորդառատ անձրևի կաթիլները սկսեցին աղմուկով թակել ավտոբուսի պատուհաններն ու տանիքը: Որտեղի՞ց այն հայտնվեց այդպես հանկարծակի: Քամին, անձրևը, կայծակի ցոլքը ու որոտը խառնվեցին իրար: Ուղևորները բոլոր պատուհանները արագ փակեցին:
Շուտով հնամաշ ավտոբուսի առաստաղի տարբեր ճեղքերից անձրևաջուրը սկսեց մուտք գործել ուղևորասրահ ու սկսվեց կաթոցը: Ճանապարհը դարձավ լպրծուն:

Չնայած անձրևի հանկարծակի հայտնվելուն և եղանակի մռայլությանը` վարորդի տրամադրությունը բարձր էր մնում, նույնիսկ քթի տակ ծանոթ մեղեդի էր դնդնում:
Այս կողմերում հանկարծակի անձրևները երևի սովորական բան են, բնության անկանխատեսելի տարերք:

Քիչ անց ավտոբուսը խիտ մառախուղի միջից դուրս պրծավ: Մառախուղն ինչպես հանկարծակի հայտնվել էր, այնպես էլ՝ անհետացավ, երկինքը պարզվեց և հենց այդ միջոցին էլ հեռվում կամրջի կառույց նշմարվեց, ապա հորիզոնում հայտնվեցին հսկա գործարանի ծխնելույզները:
Երևի սա արդեն այն կամուրջն էր, որտեղ պետք է իջներ Փայլակը: Այդպես էլ կար: Ավտոբուսը կանգ առավ, վարորդը Փայլակին առաջարկեց իջնել և ոտքով գնալ դեպի հեռվում նշմարվող օդանավակայանը:
Վճարելով ուղևորավարձը` Փայլակն ավտոբուսի դռնակից արագորեն թռավ անձրևից առաջացած ջրափոսի մեջ՝ շուրջ բոլորը ցայտեցնելով ցեխոտ անձրևաջուրը, որից մի մասն էլ իրեն բաժին հասավ ու սկսեց վազել վարորդի ցույց տված ուղղությամբ:

Նա վազում էր ու գլխում միայն օդանավակայան հասնելու միտքն էր տենդորեն պտտվում՝ Հրարփիին տեսնելու ահագնացած ձգտումով:
Քիչ հետո նա դուրս եկավ օդանավակայան տանող ասֆալտե մայրուղին, որի մայթեզրով` քայլելով պետք է հաղթահարեր մնացած բավականին երկար ճանապարհը:
Հեռվում արդեն նշմարվում էին օդանավակայանի տարբեր հատվածներում հանգրվանած հատուկենտ ինքնաթիռները, որոնք կամ նոր էին վայրէջք կատարել կամ էլ պատրաստվում էին հերթական թռիչքի:

Կրկին հորդառատ անձրև սկսվեց: Փայլակի հագուստը թրջվեց և ծանրացավ, անձրևաջուրը սկսեց պարանոցի վրայով հոսել դեպի մեջքամասը: Քամին ու անձրևը գնալով ավելի էին ուժգնանում, բայց նա ոչինչ չէր տեսնում ու չէր զգում: Մի պահ կանգնեց մոտակա փոքրիկ տնակի մոտ, ուզեց մի փոքր շունչ քաշել, բայց մտքովն անցավ, թե կարող է ուշանալ և իրենց հանդիպումը այդպես էլ չի կայանա ու նա չի տեսնի Հրարփիին և միայն մտքով նա կարող է ողջունել նրան, բայց ախր, երկու օր առաջ հեռախոսով խոստացել էր և պետք է անպայման հանդիպեր նրան:

Մայթեզրով նա վազում էր` մոռացած ամեն մի վտանգի մասին: Հանկարծ մշուշի միջից երևաց սլաքավարի փոքրիկ տնակը: Պարզվեց, որ օդանավակայան տանող ճանապարհը հատում է երկաթգիծը:
Օդանավի ժամանման պահը մոտենում էր: Ըստ չվացուցակի, ընդամենը կես ժամ էր մնացել նրա վայրէջք կատարելուն, կհասցնի՞, արդյոք: Աստվա~ծ իմ, ինչու շուտ ճանապարհ չընկավ:

«Իսկ ի՞նչ կլինի, որ մի քանի րոպեով մտնեմ սլաքավարի տնակը, շունչ առնեմ, հը՞, օդանավակայանը արդեն մոտ է, ընդամենը 400-500 մետրի վրա, կհասցնեմ»,-ինքն իրեն համոզեց Փայլակը, ապա վարանումով բացեց տնակի փոքրիկ դռնակը, գլուխը ներս խցկեց և հարցրեց.
-Կարելի՞ է:
-Նե՛րս եկեք, նե՛րս եկեք,-երիտասարդ սլաքավարը արձագանքեց աշխույժով:
-Ես օդանավակայան եմ շտապում,-ասաց Փայլակը,-ուղղակի մի քանի րոպեով Ձեզ կխանգարեմ:
-Դուք դեռ մեկ ժամ ունեք ձեր տրամադրության տակ,-հուսադրեց սլաքավարը,-ինձ զգուշացրել են, որ օդանավը ուշացումով է ժամանելու:
-Մի քիչ հոգնել եմ ու թրջվել, մտածեցի մի փոքր հանգստանալ, գուցե անձրևն էլ կտրվի այդ ընթացքում-սրտնեղեց Փայլակը:
-Հոգ չէ, այդպես շատերի հետ է պատահում, մի նեղվեք,-արձագանքեց սլաքավարը:

Հորդառատ անձրևը սլաքավարի տնակ բերեց նաև մի տարեց կնոջ: Հայրենադարձ հայուհի էր, որը 1946 թվականին Հայաստան էր տեղափոխվել Բեյրութից և հիմա ապրում էր կայարանին կից ավանում: Նա սկսեց պատմել իր կյանքի դրվագները՝ սիրտը բացելով անծանոթ մարդկանց առջև, մի փոքր թեթևացնելու տարիների ընթացքում հոգում ամբարված ծանր բեռը:

-Մեզ մոտ ձմեռ չէր լինում, ձյուն գալիս էր 7-8 տարին մեկ անգամ, իսկ հաճախ դա էլ չէր լինում: Ես Բեյրութում ապրել եմ 25 տարի: 1915 թվին թուրքական հրոսակների սանձազերծած կոտորածների տարում կորցրել եմ ծնողներիս, բոլոր հարազատներիս ու բարեկամներիս, որբ եմ մեծացել, ապրել եմ մանկատներում, հետո ամուսնացա, իսկ 46 թվին ընտանիքիս հետ տեղափոխվեցի հայրենիք: Տղա և աղջիկ ունեմ, 1948-ին ամուսնուս ձերբակալեցին, աքսորեցին Սիբիր, չգիտեմ` ի՞նչ մեղքի համար:
-Իսկ հիմա որտե՞ղ է ձեր ամուսինը,-հարցեց սլաքավարը հետաքրքրությունից դրդված:

-Ռուսաստանում կա այդպիսի քաղաք` Վարկուտա, սկզբում այնտեղի աքսորում էր, հետո արդարացրին, ազատեցին, ուղարկեցին Ուկրաինա` «ազատ աքսոր», այս անգամ էլ թույլ չտալով` ապրել Հայաստանում, այնտեղ նորից ամուսնացել է, նոր ընտանիք կազմել:
Անձրևը սկսեց դադարել: Միայն ուշացած ջրի մեծ կաթիլներն էին երկնքից այս ու այն կողմ շրմփոցով զարնվում գետնին:
Փայլակը վեր կացավ տեղից, շնորհակալություն հայտնեց սլաքավարին հյուրընկալության համար, դուրս եկավ փոքրիկ տնակից և քայլերը դանդաղորեն ուղղեց դեպի օդանավակայան:

Կարծես մի ամբողջ հավիտենություն էր սպասել: Նորից ցեխ ու ջուրն էին չլմփում նրա ոտքերի տակ, իսկ թաց ու ծանրացած հագուստը, որի մեջ պարփակված էր նրա հոգնած մարմինը, բավականին դժվարացնում էր առաջընթացը, արդեն զգացնել էր տալիս նաև քաղցը: Առավոտյան գործարանի ճաշարանում ընդամենը մեկ բաժակ սուրճ էր ըմպել:
Հասնելով օդանավակայնի ուղևորասրահ` նա արագ կերպով կուլ տվեց կարտոֆիլե միջուկով պատրաստված երեք սառը կարկանդակ, որը գնեց կեղտոտ հագուստով մի կնոջից, իսկ հետո մի քանի անգամ ելումուտ արեց սպասասրահից, ապա վերջնականապես մոտեցավ ուղևորների դուրս գալու անցուղուն, այնտեղ սկսեց հետ ու առաջ քայլել, հետո նստեց մոտակա նստարանին, կրպակից օրվա թարմ թերթ գնեց, արագությամբ աչքի անցկացրեց, բայց օդանավը դեռ վայրէջք չէր կատարում:
Հիմա էլ հակառակն էր կատարվում, ժամացույցի սլաքները կրիայի նման դանդաղ էին առաջ շարժվում, հազիվ թիկ-թակ անելով, իսկ Փայլակի թրջված մարմնով արդեն դող էր անցնում: Թաց հագուստը իր չար գործն էր սկսել կատարել:

Վերջապես ուևորասրահի բարձրախոսները աշխուժացան ու լսվեց թարմ հայտարարությունը, որ օդանավը չվացուցակից հետ է մնում ևս 10 րոպեով:
-Ա՛յ քեզ անհաջողություն,-բարձրաձայն արտասանեց Փայլակը:
Սպասումի մի քանի տանջալի րոպեներից հետո, օդանավը վերջապես վայրէջք կատարեց և դանդաղեցնելով ընթացքը՝ պատրաստվեց կանգառի:
Փայլակի սիրտը հուզմունքից խլրտաց, թրթռաց, իսկ լարված աչքերը հետևում էին հեռվում երևացող դանդաղորեն առաջ սահող օդանավի փոքրիկ, կլորավուն պատուհաններին:

Օդանավը վերջապես կանգ առավ: Փայլակը քայլեց դեպի ուղևորների սպասասրահ դուրս գալու ուղին, որտեղից պետք է հայտնվեր Հրարփին:
Երկար սպասումից հետո, վերջապես շարժասանդուղքի վերևում երևաց Հրարփին, ապա դանդաղորեն ցած սահեց` աջ ու ձախ նայելով: Նրա հագին սև տաբատ էր, որի վրա իջեցված էր կարճաթև զոլավոր վերնաշապիկը: Ի՜նչ գեղեցիկ էր նա այդ պահին, այդ հագուստի մեջ:
-Փայլա՝կ,- հանկարծ ճչաց Հրարփին և քիչ կաղալով արագորեն քայլեց դեպի նա, փաթաթվեց ու համբուրեց նրան: Երջանկության արցունքները գլորվում էին նրա աչքերից:

Փայլակը երանությունից փշաքաղվեց ու ցնցվեց, իր գրկում էր իր երազների թագուհին, նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ և չգիտեր ինչպես վարվել՝ խենթացած, իրեն ժպտացող Հրարփիի հետ:
Արագորեն անցան երանության առաջին րոպեները ու Փայլակին թվաց, թե ընդամենը մի քանի վայրկյան է անցել իրենց բաժանումից հետո: Հրարփին` ուրախ, երջանիկ էր իրեն զգում, իսկ Փայլակը` թրջված, մրսած ու երանությունից հուզված:

Հրարփին կարծես չնկատեց էլ Փայլակի թրջված հագուստը, նույնիսկ չհարցրեց, թե այսպիսի վատ եղանակին ու հորդառատ անձրևին նա ինչպե՞ս է համարձակվել օդանավակայան հասնել:
Ստանալով ուղևորաբեռը, նրանք շուտով տաքսի վարձեցին ու հրաժեշտ տվեցին օդանավակայանին: Հրարփին պետք է գնար մայրաքաղաք՝ բարեկամների մոտ, իսկ Փայլակը՝ գործուղման վայր:
Հասնելով իր գործուղման վայրին, Փայլակը խնդրեց վարորդին ավտոմեքենան կանգնեցնել, ցած իջավ, ջերմորեն հրաժեշտ տալով Հրարփիին՝ մի քանի օր հետո մայրաքաղաքում հանդիպելու խոստումով, երբ ավարտվի գործուղումը:
Ավտոմեքենան, բարձր ազդանշան տալով տեղից դանդաղորեն պոկվեց ու սլացավ առաջ:

Փայլակը երկար նայեց ավտոմեքենայի ընթացքին, մինչև որ նա անհետացավ իր տեսադաշտից, ապա հիշեց ուղևորասրահում իրեն տված Հրարփիի նամակի մասին, գրպանից հանեց այն, դողացող ու սառած մատներով բացեց այն և սկսեց կարդալ: Մի քանի անգամ վերընթերցեց և որևէ սփոփիչ նորություն չգտնելով իր համար` նորից խցկեց գրպանը, մտքում կրկնելով նամակում գրված տողերը:
«…հիմա իմ սեղանին գեղեցիկ ծաղիկներ կան դրված, բայց դժբախտաբար կապույտ գույնի չեն, ես չգիտեմ, թե ինչու՞ ես դու հատկապես կապույտ գույնի ծաղիկներ սիրում, ների՛ր, դու մի անգամ ինձ ասել ես այդ մասին, բայց ես մոռացել եմ…»:

Երեկոյանում էր և Փայլակն այլևս գործարան չգնաց, այլ ուղղություն վերցրեց դեպի հյուրանոց: Մտնելով սենյակ, նա առաջին հերթին փոխեց թրջված հագուստը, ճամպրուկից հանելով պահուստային զգեստները, սուրճ պատրաստեց իր հետ բերած սրճեփով, հարմարավետորեն տեղավորվեց բազկաթոռի մեջ ու դանդաղորեն ըմպելով տաք սուրճը, փորձեց կարգավորել գլխում առաջացած խառնաշփոթը, մեղմացնել ականջներում դեռ հնչող Հրարփիի աղեկտուր ճիչը, որը դեպի իրեն էր մոտենում թեթևակի կաղալով և հաղթահարելով սպասասրահի խառնաշփոթը:

Նրան թվաց, թե այդ ամենը ցանկալի երազ էր, երևակայություն, պատրանք:
«Այդ հրաշալի պահը դժվար թե երբևէ կրկնվի իմ կյանքում այլևս»,-մտածեց Փայլակը, խորը հոգոց հանելով:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930