Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերն» իրենց իսկ համաներման դեմ չեն առարկում. դատարանը կլսի նաեւ տուժողների կարծիքը

Նոյեմբեր 14,2018 16:47 Share

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր համաներման հարցի քննարկումն էր: Հիշեցնենք, որ ՀՀ անկախության եւ Երեւանի հիմնադրման տոնի առթիվ կիրառված համաներումը տարածվում է նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, բացառությամբ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի, որոնք ոստիկանների սպանության համար են մեղադրվում:

Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանը համաներման հարցի շուրջ նախ հարցրեց մեղադրյալների դիրքորոշումը: Նրանք ասացին, որ առարկություններ չունեն: Խմբի անունից դա հայտարարեց «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը:  Սպանության հոդվածով անցնող մեղադրյալներն էլ կարծիք հայտնեցին:

Սմբատ Բարսեղյանը (լուսանկարում) հայտարարեց, որ չի առարկում իր ընկերների համաներման դեմ, բայց նշեց. «Ես համաներում չեմ սպասի մեկից, ով նախորդ իշխանությունների մարդուն՝ Ֆելիքս Ցոլակյանին, նախարար է նշանակել»:

Արմեն Բիլյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքի առնչությամբ անհամաձայնություն հայտնեց. «Չգիտեմ՝ ինչի են վրաս այդ հոդվածը դրել»:

Դատավոր Մեսրոպ Մակյանն այնուհետեւ հայտարարեց, որ հաջորդ նիստում համաներման առնչությամբ պետք է լսել գործով տուժողների՝ պատանդառված ոստիկանների, զոհված ոստիկանների հարազատների, նյութական վնաս կրած անձանց տեսակետները: Եթե նրանք առարկեն, համաներում չի կիրառվի, ինչպես սահմանված է համաներման մասին ակտում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ ե՞րբ է յաջորդ նիստը…

    եթէ ընտրութիւններէն ետք է, համաներումը չհաստատուի, եւ մինչ այդ ասոնցմէ մէկը կամ միւսը ընտրուած ըլլայ ԱԺ պատգամաւոր, ի՞նչ է լինելու կացութիւնը…

    • Հ.Շ. says:

      ուրիշ տեղից գտայ տեղեկութիւնը, յաջորդ նիստը՝ նոյեմբերի 28-ին

      ուրեմն փաստօրէն, եթէ տուժողները առարկեն ու հետեւաբար դատարանը մերժէ այս պարագային համաներման կիրառունը, քրէական ծանր մեղադրանքի տակ գտնուող անձեր կարող են մուտք գործել ՀՀ Ազգային Ժողով, դառնալ պատգամաւոր

Պատասխանել