Այսօր Aravot.am-ը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարցրեց՝ կարծիք կա, որ նոր ԱԺ-ում ընդդիմությունը դեկորացիայի դեր է խաղալու, քանի որ նույնիսկ այն օրենքները, որոնք 3/5-ով պետք է ընդունվեն, «Իմ քայլը» դաշինքը ունի այդքան ձայն ու եթե նախկինում ՀՀԿ-ն ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի հետ համագործակցում էր, որ այդ օրենքներն անցկացներ, հիմա ընդդիմության կարծիքը կարող են հաշվի չառնել, անցկացնել ցանկացած օրենք, դուք մտահոգություններ չունե՞ք սրա հետ կապված: Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Խորհրդարանում կա մեծամասնություն եւ քաղաքական փոքրամասնություն, բայց նրանք բոլոր իշխանություն են, նրանք ունեն իշխանական լծակներ եւ երաշխիքներ: Սա նախատեսված է Սահմանադրությամբ: Եվ նախկին իշխանության ձեւը, բովանդակությունը չկա, ե՛ւ ընդդիմության: Եթե սրանից ենք ելնում, սա արդեն գործող իրավունք է, ապա այդ տեսակետը հիմնազուրկ է»:
Դիտարկմանը, որ այս ընդդիմությունը նմանվում է մի աքցանի, որի ծայրը՝ բռնող հատվածը չկա, լծակ չունի՝ Զեյնալյանն արձագանքեց. «Քաղաքական փոքրամասնությունն ունի լծակ՝ ունի ակադեմիական խոսք հնչեցնելու հնարավորություն, ունի ԱԺ փոխնախագահ, ունի հանձնաժողովների նախագահներ, ունի ազատ մամուլ, ունի բանավեճ հրահրելու հնարավորություն: Դեռեւս գործող՝ չլուծարված ԱԺ-ում, երբ ես, որպես արդարադատության նախարար, կառավարություն, ներկայացնում էի նախագծեր, մենք ընդունում էինք «հակառակորդի»՝ ընդդիմության, մեր մրցակիցների դիտողությունները, գաղափարները, առաջարկները, որոնք համոզիչ էին: Եթե դա փոքրամասնություն է ասել, ի սկզբանե չունի մերժված լինելու կանխավարկած: Դա նախկինում էր, երբ հանվում էր հանձնաժողովը, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը չունենա հանձնաժողովի նախագահ, եթե մի բան էր ասում քաղաքական փոքրամասնությունը, համարում էին, որ թշնամուն՝ փոքրամասնությանը չի կարելի որեւէ բան զիջել: Սա չկա այլեւս: Ժողովրդավարական հասարակարգում, ժամանակակից խորհրդարանական կառավարման երկրում այլ են սկզբունքները, դրանք տարբեր են, փոխվել են, ուրիշ են: Կա քաղաքական փոքրամասնություն եւ մեծամասնություն, ընդդիմությունը չպետք է միայն հայհոյախոսի, չպիտի հակառակվի միայն այն պատճառով, որ ընդդիմություն է»:
Դիտարկմանը, որ պետք է ընդդիմության համար լուրջ լծակներ լինեն, գործիքներ ստեղծվեն, չպետք է միայն շարժվել այն կանխավարկածով, որ այս կառավարությունը շատ լավն է ու չի կարող ժողովրդի շահին վնասող օրենքներ բերել՝ Զեյնալյանը պատասխանեց. «Իմ քայլը» դաշինքը ստացել է ժողովրդի սահմանադրական մեծամասնություն ունենալու իրավունքը: Սա օբյեկտիվ իրականություն է եւ ժողովրդավարական մեխանիզմները նրանց տեսակարար կշիռը փոքրացրել է մինչեւ 2/3-ի: Նրանք ունեն այդ մեծամասնությունը ու դրան արժանացել են, ժողովուրդը նրանց այդ մանդատը տվել է: Պետք է դա ճանաչել, ընդունել, հարգել ու համակերպվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































