Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի գլխավոր խմբավար. «Դիմում գրեցի, որ հանգստանան»

Դեկտեմբեր 12,2018 16:27

Aravot.am-ը Ազգային օպերային թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է հրաժարվում իր հետ աշխատել արտիստների մի մասը, որոնք պատրաստվում էին նաեւ ասուլիսով հանդես գալ, եթե իրենց պահանջը չբավարարվեր:

Խմբավարը հայտնեց, որ ինքը դիմում է գրել. «Չուզեցին ինձ հետ աշխատել, ես էլ գնացի, որ իրենք մնան: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կիրակի օրն է վերադառնալու: Չգիտեմ, կստորագրի՞, թե՞ ոչ, բայց ես արդեն հոգնել եմ այս ամենից»:

Հարցրինք, թե ի՞նչ է դժգոհողների ուզածը: «Իրենք էլ չեն կարողանում ձեւակերպել, թե ինչ են ուզում: Առանձնապես լուրջ բան չկա, ուղղակի չեն ենթարկվում, փորձերին փորձում են չմասնակցել, ասելով, որ իբր իրենց վիրավորում եմ, նվաստացնում, իրականում այդ բոլորը սուտ է: Հիմա նույն վիճակն է տիրում բոլոր թատրոններում` Սունդուկյանում, Համազգայինում, ամեն տեղ այս տեսակ իրավիճակ է…»,- նշեց մեր զրուցակիցը, որին Կոնստանտին Օրբելյանն էր տարիների ընդմիջումից հետո հրավիրել օպերային թատրոն:

«Ես դիմում գրեցի, որ հանգստանան, ու իմ պատճառով մի 15-20 հոգի գործից չզրկվեն»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նա տարիներ շարունակ ղեկավարել է ԵՊՀ երգչախումբը, հիմնել է «Տղամարդկանց երգչախումբը»: 1993 թ. Սիդնեյ քաղաքի հայ համայնքը Կարեն Սարգսյանին հրավիրել է աշխատելու «Կոմիտաս» երգչախմբի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Կարեն Սարգսյանը 1994 թվականից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խմբավարն էր: Նրա ղեկավարությամբ երգչախումբը հանդես է եկել աշխարհի շատ երկրներում` ԱՄՆ-ից մինչեւ Լիբանան:

2014 թ., ընդհատելով գործունեությունն օպերային թատրոնում, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով սկսել էր ղեկավարել Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և հոգևոր ճեմարանի երգչախումբը եւ 2017 թ. հունիսից՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով վերադարձել է օպերային թատրոն` ղեկավարելու թատրոնի երգչախումբը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` wikipedia.org-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31