Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ձախողվեց Հենրիխ Մխիթարյանի՝ Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտում առաջին քայլն անելու առաջարկը

Դեկտեմբեր 13,2018 13:10

Լավ ավանդույթ է ձեւավորվել, որ շախմատի աշխարհի թագի համար մրցամարտերում, համաշխարհային օլիմպիադաներում, «Գրան Պրիներում», հավակնորդների եւ շախմատային գերմրցաշարերում կազմակերպիչները առաջին խաղատախտակների վրա առաջին խորհրդանշական քայլ կատարելու համար հրավիրում են համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կազմակերպությունների հիմնադիրների, անգամ երկրների ղեկավարների: Ու որպես կանոն, հրավերներն ընդունվում են մեծ սիրով: Լոնդոնում անցկացված աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտում այդպիսի հնարավորություն ընձեռվել էր նաեւ Հենրիխ Մխիթարյանին, սակայն նախաձեռնությունը տապալվեց: Իսկ թե ինչո՞ւ, Aravot.am-ին պատմեց ՖԻԴԵ-ի կողմից Կարլսեն-Կարուանա մրցամարտի ղեկավար նշանակված Աշոտ Վարդապետյանը:

«Հանրաճանաչ մարդկանց հրավիրելու ավանդույթը շատ է տարածվել: Եվ դա մեծ պատիվ է համարվում թե՛ հրավիրողի, թե՛ հրավիրվողի համար: Նպատակներից մեկը շախմատն ավելի հարգված ու ճանաչելի դարձնելն է: Հրավիրվածներից շատերն էլ գալիս են, որպեսզի իրենց մասնակցությամբ ավելի լայն ճանաչում ձեռք բերեն: Եթե պատմության մեջ մի փոքր հետ գնանք, հիշում ենք, որ օլիմպիադաներից մեկում Հայաստանի հավաքականի մասնակցությամբ մրցամարտում առաջին քայլը կատարելու պատիվը վստահվել էր մեր Արթուր Աբրահամին, Շվեյցարիայի գերմրցաշարում, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները, աշխարհահռչակ Շարլ Ազնավուրին: Գիտե՞ք, մարդիկ կան, որ այդ խոշորագույն մրցաշարերին ինչ-որ մասով հովանավոր են կանգնում, որպեսզի կարողանան այդ առաջին քայլը կատարել: Դա նրանք իրենց համար մեծ պատիվ են համարում:

Կարլսեն-Կարուանա մրցամարտի հիմնական բոլոր 12 տուրերում եւ թայ բրեքի առաջին պարտիայում խորհրդանշական առաջին քայլը կատարել է որեւէ հանրաճանաչ անձնավորություն: Ես հիմա բոլորին անուն առ անուն չեմ հիշի, բայց նշեմ, որ եղել են հոլիվուդյան հանրահայտ աստղեր, այդ թվում նաեւ Շերլոկ Հոլմսի կերպարը ամենից հաջող կերտած դերասանը, որը եկել էր իր հերոսի վերարկուով ու գլխարկով, Վիքիպեդիայի հիմնադիրը, Skay.net համաշխարհային համբավ ունեցող լրատվական կազմակերպության ղեկավարը եւ էլի հանրահայտ անձինք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցամարտն անցկացվում էր Լոնդոնում, եւ ես բավականին ազդեցիկ դեր եմ կատարում այդ մրցամարտում, հնարավորություն ունեցա բանակցել կազմակերպչի հետ, որպեսզի տուրերից մեկում առաջին քայլը կատարի Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Որոշ խնդիրներ եղան, որ մի փոքր հատված Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել էր Ջիբրալթար եւ Լիխտենշտեյն, սակայն ժամանակ կար, որ նա ակումբ վերադառնալուց հետո կատարեր այդ քայլը: Մխիթարյանի բացակայության ժամանակ նրա հետ անմիջականորեն կապ հաստատել չէինք կարողանում: Բայց տեղեկանալով, որ ակումբի հետ այդ հարցերով աշխատանքները կատարում է Մխիթարյանի քույրը, կապվեցինք նրա հետ: Ես անձամբ եմ խոսել Մոնիկա Մխիթարյանի հետ, նամակագրություն ունեցել, կազմակերպել, որ կապ հաստատվի նաեւ մրցաշարի կազմակերպչի հետ: Կազմակերպիչը առաջին քայլի հետ կապված բոլոր պայմաններն ու հարցերը ներկայացրել էր նրան: Բայց ի վերջո դա չհաջողվեց իրականացնել: Պաշտոնական վարկածն այն եղավ, որ Մխիթարյանը, վերադառնալով ակումբ, զբաղված էր մարզումներով եւ մի երկու ժամ ժամանակ չի գտել, որ գա ու առաջին քայլն անի:

Ինձ համար ցավալի է , որ դա չկարողացանք իրականացնել: Դա Մխիթարյանի համար հնարավորություն կլիներ, որպեսզի աշխարհում նրա անունը եւս մեկ անգամ շատ բարձր մակարդակով հնչեր: Չմոռանանք նաեւ, որ Մխիթարյանը Հայաստանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ է, իսկ Հայաստանը համաշխարհային շախմատում մեծ նվաճումներ եւ ճանաչում ունի: Հրավիրյալներին խորհրդանշական առաջին քայլը անելուց հետո մի քանի րոպե աշխարհի առաջատար լրատվամիջոցների հետ շփվելու հնարավորություն էր ընձեռվում: Համոզված եմ, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանար շատ լավ ներկայացնել Հայաստանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ազգային հավաքականը եւ «Արսենալ» ֆուտբոլային ակումբը» – ասաց Աշոտ Վարդապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31