Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին դեմքից»՝ Արթուր Խաչատրյանի հետ. Ունենք իշխանության գերկենտրոնացում, ինչը ռիսկային է թե երկրի համար, թե իշխանության

Դեկտեմբեր 30,2018 15:00

Հոկտեմբերի 2-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատված Արթուր Խաչատրյանը, որին եւ այլ դաշնակցականների ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ավելի վաղ էր հետ կանչել կառավարությունից՝ «Առավոտի» հարցին՝ վիրավորվե՞ց, որ աշխատանքից ազատվելու մասին հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց փողոցում, պատասխանեց. «Իհարկե: Դրանից առաջ, շուրջ 1 ամիս ես օրական 14 ժամ շարունակ եղել եմ հիմնարկում… Առանց շաբաթ-կիրակիի: Երկու օր գիշերել եմ հիմնարկում: Երկու անգամ Արցախ եմ գնացել, երկու անգամ՝ Տավուշ եւ այլն: Թե ես, թե Արծվիկ Մինասյանը՝ ինչպես նաեւ կառավարության մյուս անդամները, ամենայն պատասխանատվությամբ, նվիրվածությամբ աշխատում էինք կառավարության ծրագիրն իրականացնելու, երկիրն անցնցում պահելու համար՝ մինչեւ հերթական ընտրությունները: Ամեն դեպքում՝ վարչապետը նախարար հեռացնելու իրավունք չունի, իրավունք ունի ներկայացնել առաջարկություն: Ուրիշ բան, որ ամբոխը պահանջում էր…»:

Նախկին նախարարը քննադատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի շրջանառվող տարբերակը, ըստ որի՝ մասնավորապես նախատեսվում է, որ գյուղատնտեսության նախարարությունը միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Նման փոփոխություններն արդարացնող հնչող փաստարկին, թե տարիներ շարունակ ասվել է, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է՝ Արթուր Խաչատրյանն այսպես հակադարձեց. «Դե, գիտեք, եթե միայն ուռճացված ապարատն է հիմնական առաջմղիչ ուժը՝ այդ դեպքում կարելի է մշակույթը միացնել գյուղատնտեսությանը եւ գյուղական մշակույթ զարգացնել… Ինչո՞ւ ենք մենք գյուղատնտեսությունը, որը գեներացնում է մեր համախառն ներքին արտադրանքի 15 տոկոսը (եթե դրան գումարենք գյուղատնտեսական վերամշակումը, ապա եւս 10 տոկոսը), այսինքն՝ քառորդը տվող նախարարությունը միավորում տնտեսական զարգացման նախարարությանը»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք չի՞ նույնացնում գյուղատնտեսության ոլորտը համապատասխան նախարարությանը: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության առնչությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հակադարձել էր. «Ըստ էության ես ժողովրդից ստացել եմ մանդատ, այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ ուրիշ բան անհանգստացրեց, մշակույթի նախարարության աշխատակիցների հայտարարությունը, երբ որ նրանք ահազանգում էին, ասում էին մի կրճատեք, որովհետեւ մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը:  Դա արդեն շատ վատ ազդակ է: Այսինքն, մշակույթի նախարարությունն ինքն իրեն հայ մշակույթի հետ նույնացնու՞մ է: Ուզո՞ւմ եք էքսպերիմենտ անենք՝ երեք ամիս, հինգ ամիս կամ վեց ամիս գործադուլ անենք, տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»:  Հարցին՝ ի՞նչ է կարծում, եթե գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները եւս գործադուլ անեին՝ ի՞նչ կփոխվեր այդ ոլորտում, պրն Խաչատրյանը, մասնավորապես, պատասխանեց, թե կարելի է ցանկացած նախարարության ձեռքից լծակները վերցնել, բյուջեն պակասեցնել՝ հետո ասել, թե արածներդ ի՞նչ է. «Եթե փորձենք նախարարության ձեռքից գործիքակազմը վերցնենք ու որեւէ բան չտանք՝ իհարկե, գյուղացին կասի, թե կաս-չկաս՝ ինձ դրանից ի՞նչ օգուտ. կարկուտը խփում է՝ գալիս-կռվում-բողոքում ենք, մի կերպ մի քանի կոպեկ տալիս եք, կաթ մթերող, կաթնամթերք արտադրող ընկերությունները գները գցում են՝ որեւէ բան չեք անում՝ ասում եք, ազատ շուկայական հարաբերություններ են՝ գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»: Արթուր Խաչատրյանը վստահեցրեց. «Աշխարհում որեւէ նորմալ երկիր չկա՝ որտեղ չլինի գյուղատնտեսության նախարարություն»:

Նա նաեւ ասաց, որ «եթե կառավարության բարեփոխումների մասին ենք խոսում՝ ավելի ճիշտ կլիներ այսօր անդրադառնալ սուպերվարչապետական համակարգին»՝ մանավանդ այն պայմաններում «Երբ ընտրությունների արդյունքում մենք ունենք գերկենտրոնացված քաղաքական իշխանություն ու մի քաղաքական ուժ ունի շատ մեծ ներկայություն՝ սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում»: Այս եւ մի քանի այլ գործոններ, ըստ պրն Խաչատրյանի՝ վկայում են, որ ունենք «իշխանության գերկենտրոնացում, ինչը ռիսկային է թե երկրի համար, թե իշխանության»:

Մեր զրուցակիցը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում դաշնակցության համամասնական ցուցակի 3-րդ համարն էր: Եվ նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վիրավորա՞նք չէ ընտրողների հասցեին ընտրություններից հետո ՀՅԴ Հայաստանի ԳՄ տարածած հայտարարության հետեւյալ պնդումը. «Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»: Արթուր Խաչատրյանի պատասխանն էր. «Եթե ասեք՝ ի՞նչ գաղափարախոսություն են դավանում Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը՝ ես միգուցե կարծիքս փոխեմ: Բայց իրոք՝ եթե դուրս գանք փողոց ու թուղթուգրիչ տանք առաջին պատահած մարդուն՝ ասենք, դե մի հատ գրի այն գաղափարախոսությունը, որին դավանում են ԱԺ անցած քաղաքական ուժերը, տեսնենք, թե ինչ կգրեն: Կամ 100 հոգու տաս այդ հարցը՝ այդ 100 հոգու գրածներն իրար հետ կնույնականանա, թե՞ ոչ: Այսինքն՝ իրոք խնդիր կա, թե ինչ գաղափարախոսության են դավանում, ինչ մոտեցում կա Արցախի հարցում»:

«Առաջին դեմքից» հաղորդաշարին Արթուր Խաչատրյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31