Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մասնակիցների վիճակահանությունը:
Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նախ ծանոթացրեց կանոնակարգին: Նա նշեց, որ տղամարդկանց առաջնությունը բավականին բարձր՝ ՖԻԴԵ-ի դասակարգման 14-րդ կարգ ունի: «Այս առաջնությունում մասնակիցների կազմը բոլոր ժամանակների համար ամենահավասարն է եւ յուրաքանչյուր շախմատիստ կարող է պայքարել բարձր տեղերի համար: Այս հանգամանքը նկատի առնելով՝ հույս ունենք, որ այս հարթակում մենք բոլորս դիտարժան ու հետաքրքիր պայքարների ականատեսը կլինենք: Մրցաշրջանն անցկացվելու է շրջանաձեւ մրցակարգով, առանց հանգստյան օրվա: Համաձայն ՀՇՖ որոշման, մասնակիցների ուշացումը յուրաքանչյուր խաղափուլում սահմանված է մինչեւ 15 րոպե: Հայաստանի չեմպիոնը 2019 թվականին կհամալրի Հայաստանի ազգային հավաքականը, 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան հաջորդ տարի հանդես գալ Հայաստանի հոբելյանական 80-րդ առաջնությանը: Միաժամանակ, ՀՇՖ-ի որոշումով 1-ից 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներին կթույլատրվի հանդես գալ 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում», – հայտարարեց գլխավոր մրցավարը եւ հավելեց, որ սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա՝ 5 միավոր:



Տղամարդիկ
Արման Փաշիկյան-Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան-Արա Հակոբյան:
Կանայք
Անահիտ Մկրտչյան-Մարիամ Մկրտչյան, Աստղիկ Հակոբյան-Մարիա Գեւորգյան, Սուսաննա Գաբոյան-Մարիա Կուրսովա, Արփինե Գրիգորյան-Աննա Խաչատրյան, Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավետիսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































