Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական թխվածքաբլիթ «Մամուլ» (mamool)

Փետրվար 10,2019 17:00

Մեր իմացած մամուլի կամ ԶԼՄ-ների հետ արաբական այս նրբահամ թխվածքաբլիթը որեւէ կապ չունի, ուղղակի հնչողությամբ է նման: Այն պատրաստում են տարբեր միջուկներով՝ ընկույզով, պիստակով, խնձորով, սակայն ամենատարածվածը արմավով (խուրմայով) միջուկն է: Մամուլի ձեւավորման համար հատուկ փայտից մամլիչներ են լինում, սակայն սովորական պատառաքաղով նույնպես կարելի է գեղեցիկ ձեւավորել:

Անհրաժեշտ մթերքները

 

Խմորի համար

Սպիտակաձավար (манная крупа)- 3 բաժակ

Ալյուր- 0,5 բաժակ

Յուղ կամ հալեցրած կարագ-1 բաժակ

Աղ-0,5 թեյի գդալ

Սոդա-0,5 թեյի գդալ

Շաքարավազ-2 ճաշի գդալ

Չոր խմորիչ- 0,5 թեյի գդալ

Գոլ ջուր-0,5 բաժակ

Կաթ-0,5 բաժակ

 

Միջուկի համար

Արմավ-3 բաժակ

Մշկընկույզ- ¼ թեյի գդալ

Հիլ -1/4 թեյի գդալ

Նարնջի ծաղիկների ջուր- 1 ճաշի գդալ

Բուսական յուղ- 2 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը

 

Չոր խմորիչը խառնել գոլ ջրի մեջ, մինչեւ լավ լուծվի, դնել մի կողմ առնվազն 10-15 րոպե: Բոլոր չոր մթերքները՝ ալյուրը, սպիտակաձավարը, աղը, շաքարավազը եւ սոդան լցնել խորն ամանի մեջ, լավ խառնել: Ավելացնել յուղը կամ հալեցրած կարագը, կաթը եւ գոլ ջուրը, որի մեջ լուծվել է խմորիչը: Հունցել ձեռքերին չկպչող խմոր: Լավ ծածկել, դնել մի կողմ:

Մինչ խմորը հանգստանում է, պատրաստել միջուկը: Եթե ունեք արմավի պատրաստի տրորած զանգված  (ես նման մածուկ պատվիրել էի առցանց՝ արտասահմանից), ապա դրա վրա լցրեք միջուկի մեջ նախատեսված մյուս բաղադրիչները եւ ձեռքերով լավ հունցեք: Իսկ եթե չունեք, ապա վերցրեք սովորական արմավը, կորիզահան արեք, վրան կես բաժակ ջուր լցրեք, դրեք թող մի քիչ եփվի, փափկի, վրան ավելացրեք ձեթը եւ վարդաջուրը, տրորեք ձեռքի բլենդերով, նոր ավելացրեք համեմունքները, որից հետո նորից ձեռքերով լավ հունցեք:

Հունցված միջուկից ընկույզի չափով գնդիկներ պատրաստեք, դրեք մի կողմ:

Մինչ միջուկը պատրաստում էիք, խմորը բավականաչափ հասունացավ: Այժմ խմորից պատրաստեք նույն քանակի, բայց մի փոքր ավելի մեծ չափի գնդիկներ:

Վերցրեք յուրաքանչյուր խմորագնդիկը, ձեռքի մեջ այն բացեք, մեջը դրեք միջուկի գունդը, փակեք, նորից գունդ դարձրեք եւ դրեք յուղաթղթով ծածկված հրակայուն ամանի մեջ:

Այդպես պատրաստեք բոլոր մամուլները:

Այնուհետեւ պետք է դրանք փայտե կամ պլաստիկե մամլիչով սեղմել՝ մի փոքր տափակացնելու եւ ձեւ տալու համար: Նույն արդյունքին կարող եք հասնել պատառաքաղի օգնությամբ՝ մի փոքր սեղմեք եւ ձեւավորեք:

Դրեք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցը 15-20 րոպեով:

Երբ վարդագունի՝ հանեք, թողեք մի փոքր սառչի, վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք: Հատկապես համեղ է թունդ թեյի կամ սուրճի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728