Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Հենց հիմա դիմում գրեք եւ դուրս եկեք»

Փետրվար 12,2019 16:57

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը փետրվարի 12-ին հանդիպեց ուսանողության հետ ու պատասխանեց նրանց հարցերին: Չթաքցրեց, որ կան խնդիրներ, որոնք իր ձեւակերպմամբ, պետք է լուծվեն նաեւ ուսանողների մասնակցությամբ:

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ պետությունը կարիք ունի իրական տնտեսագիտական ներուժի եւ այս առումով բաց ունի նաեւ իրենց համալսարանը: Սուբյեկտիվ խոչընդոտներին չանդրադարձավ, ասաց, որ օբյեկտիվ խոչընդոտների թվում են կադրերի որակը, ֆինանսական սահմանափակ ռեսուրսները եւ այլն: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ իր հույսը նաեւ կրթության որակի համար շահագրգիռ, այսպես կոչված, ուսանողների կրիտիկական զանգվածն է, որը «նույն լեզվով կխոսի բուհի ղեկավարության հետ»:

Դասավանդմանն ու ուսումնառությանն էլ անդրադարձ եղավ: Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ այդ ամենը կարգավորվելու է ուսումնառության եւ դասավանդման կարգերով, եւ չի լինելու այնպես, որ դասախոսը գա ու 80 րոպե «թելադրություն կարդա»:

«Չպետք է լինի ուսանող, որը համալսարան կգա չսովորելու համար, եթե եկել եք առանց սովորելու` զուտ թղթի կտոր ստանալու համար, ուրեմն հենց հիմա դիմում գրեք ու դուրս եկեք: Նույնն էլ դասախոսներին է վերաբերվում: Եթե ուղղակի աշխատավարձ ստանալու համար եք գալու, դիմում գրեք…Եթե այս փոփոխությունները չլինեն, ուրեմն չեմ լինի նաեւ ես…Իհարկե, պետք է թույլ ուսանողին ու թույլ դասախոսին շանս տալ, բայց պետք է բացառել խայտառակ դեպքերը»,-հայտարարեց ռեկտորի պաշտոնակատարը:

Նա նաեւ մի օրինակ բերեց. «Եթե ֆիզիկայի դասախոսը Նյուտոնի օրենքը չգիտի, ապա այս դեպքում վերապատրաստման կամ շանս տալու մասին խոսք լինել չի կարող: Ես, օրինակ, որպես դասախոս, ունեմ վերապատրաստման կարիք»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ տարբեր կազմակերպություններ, այդ թվում IDEA հիմնադրամը ցանկություն են հայտնել, որ իրենց հետազոտությունների մի մասն իրականացնի տնտեսագիտական համալսարանը, հատկապես մագիստրոսները, ու չբացառեց, որ այդ ամենը շուտով իրականություն կդառնա:

Միջնորդություններից ու կոռուպցիայից էլ խոսք գնաց: «Խնդիրներ կան, որոնք պետությունից են ածանցվում ու գալիս բուհ, ինչպես, օրինակ, կոռուպցիոն երեւույթները, սակայն խոսքը զուտ դրամական կաշառքի մասին չէ»,-շեշտեց նա: Հայտարարեց, որ պետք է միջնորդություններն իսպառ վերանան համալսարանից, չթաքցրեց, որ իրեն էլ են օրվա մեջ 15-20 միջնորդության հարցով դիմում:

«Միջնորդության ինստիտուտը պետք է բացառել այս պահից սկսած, իսկ վերահսկողության ամենամեծ գործիքը դուք եք` ուսանողները: Ուսանողը չի կարող X սուբյեկտի ծանոթը լինելով գնահատական ստանալ, միջնորդությունները պետք է առհասարակ վերացվեն»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը: Նա կարեւորեց կրթության որակը, պրակտիկ ուղղվածությունը, հետազոտական բաղադրիչը:

Ասաց, որ եթե իր անվան հետ կապված միջնորդության գեթ մեկ դեպք կբացահայտվի, ինքը հրաժարական կտա:

Մանրամասն` տեսանյութում

4-րդ կուրսի մի ուսանողի հետաքրքրում էին պրակտիկայի ընթացքում ծագած դժվարությունները: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ այլեւս վերջին փուլում պարզունակ ձեւով արտադրական պրակտիկաներ չեն լինելու, եւ այն ուսանողները, որոնք ուսումնառության ընթացքում իրենց լավագույնս կդրսեւորեն, լայն հնարավորությունների կարժանանան: Շեշտեց, որ կազմակերպությունները հաճախ հրաժարվում են ուսանողների ընդունել` հաշվի առնելով նրանց գիտելիքների ոչ պատշաճ որակը:

Երրորդ կուրսի մի ուսանողի հետաքրքրում էին կրթական ծրագրերի փոփոխությունները: Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ մագիստրատուրայի եւ բակալավրիատի ծրագրերում ինչ-ինչ փոփոխություններ կարվեն:

Մի ուսանող էլ ցանկություն հայտնեց, որ ուսումնառության հենց սկզբում դասընթացի վերաբերյալ ծրագրերը ներկայացվեն ոչ միայն ամբիոն, այլեւ ուսանողներին, որովհետեւ հաճախ դասախոսները շեղվում են իրենց նշած առարկայական վերնագրերից: Ռեկտորի պաշտոնակատարը խոստացավ, որ այդպես էլ կլինի` նոր մոդելի ներդրման շնորհիվ: Ասաց, որ ամեն թեմայի տակ կոնկրետ հանձնարարություն ու արդյունք պետք է լինի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728