Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Խաղաղության մթնոլորտի ձևավորումը շարունակում է մնալ առարկայական․ ԱԳՆ

Մարտ 09,2019 16:28

Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, ինչը դատապարտելի է: Սա հատկապես ընդգծվում է հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարությունների ֆոնին, որոնք այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների:

Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման:

Նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը:  Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ:

Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական:

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031