Լրահոս
Օրվա լրահոսը

Առճակատում Գյումրու սրտում կառուցված ռեստորանի պատճառով․ Բալասանյանենք հիշեցնում են, թե ովքեր են Գրքիկյանները

Մարտ 28,2019 21:28

Ինչպես տեղեկացրել ենք , Գյումրու նախկին պաշտոնյաներից մեկի՝ Հովհաննես Գրքիկյանի ընտանիքը քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Աբովյան ճեմափողոցում՝  տիկնիկային թատրոնի կողքին ռեստորան է կառուցել, որի մուտքը, սակայն, Գյումրու քաղաքապետարանը չի օրինականացնում։

Բանն այն է, որ տիկնիկային թատրոնի մուտքը, ըստ փաստաթղթերի, պատկանում է Գրքիկյան ընտանիքին, սակայն Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Հովսեփը, նշում է, որ ինքը չի ուզում մշակութային օջախի մուտքը փակել, երեխաներին վնասել, հետևաբար և բանակցել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ հետ՝ մուտքը թատրոնին թողնել այն պայմանով, որ քաղաքապետարանը թույլ տա իրեն նորակառույց ռեստորանի պատուհաններից մեկը դռան վերածել։ Քաղաքապետարանի պաշտոնյաները, ըստ Հովսեփ Գրքիկյանի, բանավոր պայմանավորվածության արդյունքում համաձայնել են, սակայն երբ արդեն իրագործել է՝ պատուհաններից մեկը դռան վերածելով, քաղաքապետարանը դրժել է  պայմանավորվածությունը՝ այն ապօրինի ճանաչելով ու տուգանելով 400 հազար դրամով։

Մենք պարզաբանում էինք խնդրել Գյումրու քաղաքապետարանից այս թեմայի շուրջ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ լուծում են առաջարկում։

Մեզ այսօր գրավոր պատասխան է ուղարկել  Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունը, որտեղ գրված է․

«Գրքիկյանների ընտանիքը չի ունեցել շինարարության  թույլտվություն և կատարել է ինքնակամ շինարարություն: Շինաշխատանքներ իրականացնելու համար կառուցողը պարտադիր ունենալու է ճարտարապետահատակագծային առաջադրանք, հաստատված նախագիծ և շինթույլտվություն: Նկատի ունենալով, որ Աբովյան 133/2 հասցեի տվյալ շինությունը գտնվում է քաղաքաշինական  գործունեության  հատուկ կարգավորման օբյեկտ  հանդիսացող «ԿՈՒՄԱՅՐԻ» արգելոց- թանգարանի պահպանման գոտում, նախագիծը ենթակա է համաձայնեցման նաև  մարզպետարանի, քաղաքաշինության կոմիտեի և մշակույթի նախարարության կողմից:

Մեր կողմից ընդամենը եղել է առաջարկություն ներքին տարածքում  հատակագծային փոփոխություններ կատարելու վերաբերյալ, իսկ պատուհանը դռան վերածելու մասին ոչ մի համաձայնություն չի եղել, առավել ևս՝ սեփականատիրոջ կողմից շինթույլտվություն ստանալու համար դիմում երբևէ չի մուտքագրվել քաղաքապետարան, հարցը չի ներկայացվել քաղաքաշինական խորհուրդին, չի քննարկվել: Սեփականատիրոջ կողմից կատարվել է ապօրինի շինարարություն, խաթարվել կառույցի արտաքին տեսքը:

Անձը նշում է, որ տվյալ տարածքում կառուցել է ռեստորան, բայց չի անդրադառնում այն փաստին, որ սեփականության վկայականով տվյալ կառույցը մշակութային կենտրոն է: Սա խոսում է այն մասին, որ խախտված է կառույցի գործառնական նշանակությունը: Առհասարակ, կառույցի գործառնական նշանակության փոփոխությունը ևս կատարվում է օրենքով սահմանված ընթացակարգով, այս մասով ևս սեփականատերը դիմում չի ներկայացրել քաղաքապետարան: Սեփականատերը ոչ միայն պատուհանը ապօրինի կերպով դռան է վերածել, այլ նաև՝ ապօրինի կառուցել է աստիճաններ, տեղադրել լուսամփոփներ:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ տվյալ տարածքում ռեստորան շահագործելու իրավունք սեփականատերը չունի: Հենց այդ հատվածում ռեստորանի առկայությունը և շահագործումը անտրամաբանական  և ոչ համատեղելի է հարևանությամբ տեղակայված Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի, Երիտասարդական պալատի, Գեղագիտության ազգային կենտրոնի, Ասլամազյան քույրերի պատկերասրահի և մյուս մշակութային կառույցների հետ, ինչպես նաև՝ անհարիր է ստեղծված միջավայրին:  Ենթադրվում է, որ տվյալ անձի կողմից ռեստորանի շահագործումը նպատակ է հետապնդում խոչընդոտելու տիկնիկային թատրոնի հետագա գործունեությունը՝ նախադրյալներ ստեղծելով հեռահար նպատակների համար: Թերևս մենք հետևողական կլինենք նաև այն հանգամանքին, թե ինչպես է և ինչ հիմունքներով է ժամանակին սեփականաշնորհվել տիկնիկային թատրոնի մուտքը:

Վերը նշված ապօրինի շինարարության մասով օրեր առաջ  Գյումրու քաղաքապետարանում կայացած վարչական վարութին մասնակցել է բողոք ներկայացնող կողմը: Վարույթի ընթացքում բարձրաձայնվել ու քննարկվել են ապօրինի շինարարությանը, դրա հետագա ընթացքին վերաբերող և բազմաթիվ այլ հարցեր, տրվել պատասխաններ և պարզաբանումներ: Պատասխանող կողմը  չի առարկել:  Կազմվել է համապատասխան արձանագրություն, որտեղ առկա է նաև բողոքող կողմի ներկայացուցիչի ստորագրությունը:

Քաղաքապետարանը գործել է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Կառույցի սեփականատիրոջը ևս հորդորում ենք առաջնորդվել օրենքի պահանջներով:

Ի դեպ, սա այն ընտանիքն է, որ նախկինում օգտվելով իր ունեցած լիազորություններից,  անօրինական և անհասկանալի հիմքերով բազմաթիվ շենք-շինություններ, տարածքներ է  սեփականաշնորհել իր և ազգականների անուններով, իսկ Գյումրի քաղաքի Բորյան փողոցի 2/3 հասցեի  առևտրի և սպասարկման փաստացի շահագործված երկհարկանի օբյեկտը(«Դվին» հանդիսությունների սրահ) ներկայացնելով իբր չշահագործված,  հայցադիմում է ներկայացրել դատարան՝ քաղաքապետարանից աղքատիկ բյուջեից պահանջելով 55 մլն դրամ վնասի փոխհատուցում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031