Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Երեխան չի պատկերացնում սահմանը՝ մեծահասակին մինչեւ ուր է կարելի թույլ տալ՝ թեկուզ տարրական՝ մարմնի որ մասը համբուրի, որ մասը պետք չէ». Հովհաննես Մադոյան

Մայիս 05,2019 21:51

«Հանրային միջոցառման ժամանակ նման պահվածքը դատապարտելի է: Եթե հանրային միջոցառում է եղել չափահաս մարդկանց մասնակցությամբ, եթե չեն քննարկում ռասիստական, նացիստական ինչ-որ բան, այն տապալելը եւ վիրավորանքները, բռնության կոչերը որպես երեւույթ անթույլատրելի են»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքների տուն կազմակերպության Երեւանի խորհրդի անդամ, Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիայի նախագահ Հովհաննես Մադոյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ երեկ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ սրճարան են մտել որոշ անձիք եւ ձվեր նետել միջոցառման մասնակիցների ուղղությամբ:
Ըստ գրքի հեղինակների  այն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր եւ «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե սոցցանցերում քննարկվում է՝ արդյոք գիրքն ուսումնասիրել են մանկավարժներ, հոգեբաններ, բժիշկներ, պարոն Մադոյանն ասաց, որ այստեղ այդքան էական չէ գրքի որակը, գրքի հեղինակների պատրաստվածությունը, թե նրանք որքանով են հայտնի մասնագետներ եւ այլն:

«Հնարավոր է մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունենան երեխաների սեռական դաստիարակության թեմայով, բայց դա պետք է լինի բանավեճերի, մասնագիտական քննարկումների տեսքով, այլ ոչ թե այն ձեւով ինչ-որ կատարվել է միջոցառման ժամանակ»:
Հովհաննես Մադոյանը, վկայակոչելով 2018 թվականի վիճակագրությունը, նշեց, որ անցյալ տարի, երեխաների նկատմամբ բռնության դեպքերից 52-ը եղել է սեռական բնույթի հանցագործություն, որից 16 դեպքը՝ բռնաբարություն. «Սրանից բացի մենք ունենք միջազգային ուսումնասիրությունների արդյունքներ, ըստ որի, անչափահասների բռնության մի մասը լինում է հենց սեռական բնույթի եւ տեղի է ունենում իրենց մտերիմների, իրենց ընտանիքին հարազատ կամ բարեկամների կողմից: Մանկական հոգեբանները, մասնագետները պատճառներից մեկը համարում են այն, որ երեխան չի պատկերացնում սահմանը՝ մեծահասակին մինչեւ ուր է կարելի թույլ տալ՝ թեկուզ, տարրական՝ մարմնի որ մասը համբուրի, որ մասը պետք չէ եւ այլն, հատկապես, որ նա ընտանիքին մտերիմ մարդ է»:

Ըստ պարոն Մադոյանի, երեխաները կարիք ունեն իրենց տարիքի համապատասխան գիտելիքներով, բառապաշարով կրթվել. «Նման գրականությունը ծնողների համար է: Այդ գիրքն ավելի շատ ծնողը պետք է կարդա՝ երեխային սովորեցնելու համար»:
Aravot.am-ին հարցին ի պատասխան, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանն ասաց, որ միջադեպի առիթով դիմել են ոստիկանություն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Շնորհակալություն անդրադարձի համար, Հովհաննես Մադոյան։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031