Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

Հունիս 18,2019 15:00

«Յուրաքանչյուր ծրագիր իրագործելի է, եթե բոլոր կողմերը շահագրգռված են»

Մեր զրուցակիցն է Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

– Պարո՛ն Ղազարյան, Վայոց ձորի մարզում իրականացվում է «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի առաջին՝ փորձնական փուլը: Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի Ձեր կարծիքը ծրագրի կարեւորության, արդիականության մասին:

– Առհասարակ, կարեւորում եմ կրթության համակարգի բոլոր նորարարությունները: Կարծում եմ՝ բարեփոխումներն այս ոլորտում պարտադիր են, եւ դրանց ընթացքը շարունակական պիտի լինի:

Նախքան այս Ծրագրի մեկնարկը ՀՀ ԿԳՆ-ում, այլ շահագրգիռ կազմակերպություններում բազմաթիվ քննարկումներ են ծավալվել: Ի սկզբանե ես ողջունել եմ այս Ծրագիրը: Սակայն, որպես կանոն, յուրաքանչյուր նորույթ ուղեկցվում է դժվարություններով, եւ այս Ծրագրի պարագայում եւս խոչընդոտներ եղել են: Իմ գնահատմամբ՝ Ծրագիրը կարեւոր է, այն կարող է կրթական համակարգում կարեւոր բաղադրիչ լինել, սակայն կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղիները գտնելն անհրաժեշտություն է: Առհասարակ, լուրջ վերլուծությունների կարիք կա:

– Ծրագրի փորձնական փուլը մեկնարկել է 2015թ.-ին: Խնդրում եմ՝ ներկայացրե՛ք Վայոց ձորի մարզպետարանի կողմից իրականացված քայլերի հաջորդականությունը:

– Վայոց ձորի մարզպետարանը, համագործակցելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչների, ծրագրի պատասխանատուների հետ, կազմակերպել է բոլոր գրասալիկների ստացումը, բաշխումը: Մեր համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, զբաղվել ենք ինտերնետ կապի ապահովման եւ տեխնիկական այլ խնդիրներով: Սերտորեն համագործակցել ենք դպրոցների սպասարկմամբ զբաղվող մասնագետի հետ. նա ամենօրյա տեղեկատվություն էր ստանում մարզի բոլոր դպրոցներից, ինչի վերլուծության արդյունքում էլ կազմակերպում էինք հետագա աշխատանքները: Իրականացվել են բազմաթիվ այցելություններ դպրոցներ, դասալսումներ: Այսինքն՝ գործողությունների շղթայում բոլոր աշխատանքները կատարվել են համատեղ ուժերով:

– Պարո՛ն Ղազարյան, թեեւ Ծրագրի նկատմամբ տրամադրվածությունը հիմնականում դրական է, սակայն չենք կարող չփաստել, որ կան նաեւ դժգոհություններ: Ամենաակնառու խնդիրներից մեկը, ըստ իս, ինտերնետ կապի ոչ բավարար որակն է: Ըստ Ձեզ՝ ո՞վ է թերացել այս հարցում:

-Ինտերնետ կապի խնդիրն իսկապես մտահոգիչ է: Այնպես չէ, որ կապը օրերով բացակայում է, բայց ընդհատումներ լինում են: Երբեմն էլ ծանրաբեռնվածության խնդիր է առաջանում: Օրինակ՝ Վայքի հիմնական դպրոցում, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում աշակերտների թիվը մեծ է, եւ երբ միաժամանակ մի քանի դասարանի աշակերտներ փորձում են օգտվել ինտերնետ կապից, խնդիրներ են առաջանում:

– Մարզի գյուղական համայնքների մի քանի դպրոցներում եւս գրեթե անհնար է օգտվել ինտերնետ կապից: Առհասարակ, դժգոհությունները շատ են…

– Ունենք բարձրլեռնային գյուղեր, որտեղ հատկապես ձմռան ամիսներին մի շարք խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ հեռավոր գյուղերից Խնձորուտում, Հերհերում, Կարմրաշենում կապը շատ թույլ է կամ բացակայում է: Իհարկե, սա մտահոգիչ խնդիր է: Չկա այնպիսի մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր լինի կանխել կապի ընդհատումները: Ինտերնետ կապի հսկողությունը, ըստ իս, պիտք է մեկ կենտրոնից լինի: Կարծում եմ՝ մեր ժամանակներում հնարավոր է կապը վերահսկել կենտրոնից, անմիջապես հասկանալ՝ որտեղ է խնդիրը: Ես դա շռայլություն չեմ համարում:

– Դուք նշեցիք, որ Ծրագրի իրականացման ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք խնդիրներ են առաջ եկել: Հատկապես ո՞րը կառանձնացնեիք:

– Իմ խորին համոզմամբ՝ այս Ծրագրի մեկնարկից առաջ հարկավոր էր որոշակի աշխատանք իրականացնել: Խոսքս հատկապես լայնածավալ վերապատրաստումների շարք անցկացնելու մասին է: Անհրաժեշտ էր հետեւողականորեն ընտրել ուսուցչական կազմը. իմ կարծիքով՝ բոլորովին պարտադիր չէ 60 տարեկան դասվարին ստիպել, որ սովորի օգտվել գրասալիկից: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեծահասակներն ավելի դժվարությամբ են տիրապետում նորագույն սարքավորումներից օգտելու հմտություններին, եւ դա ամենեւին էլ թերություն չէ: Այդ դպրոցում կարող է լինել մեկ այլ մասնագետ, թեկուզ օպերատորը, որը կվարի այդ դասերը:

Ծրագիրը շատ կարեւոր է, սակայն անհրաժեշտ են մանրակրկիտ ուսումնասիրություններ, վերլուծություններ, պիտի հաշվի առնվեն բացառապես բոլոր գործոնները: Իսկապես, լուրջ վերլուծության անհրաժեշտություն կա, քանի որ պետությունն իր սուղ միջոցներից գումարներ է ներդնում այս Ծրագիրն իրականացնելու համար:

– Պարո՛ն Ղազարյան, իմ դիտարկմամբ՝ խնդիրներից մեկը ծնողների տրամադրվածությունն է: Նրանց մի մասը, իհարկե, դրական է տրամադրված ծրագրի նկատմամբ, սակայն կան նաեւ ծնողներ, որոնք դեմ են արտահայտվում: Ըստ Ձեզ՝ արդյոք նրանք բավարար չափով իրազեկվա՞ծ են Ծրագրի մասին:

– Ծնողների հետ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը եւս մեծ է: Ծրագիրը սկսել ենք առանց դրա մասին նրանց տեղեկացնելու: Դա է պատճառը, որ Ծրագրի առավելությունների մասին շատ դեպքերում ծնողները չգիտեն: Իհարկե, փորձել ենք իրազեկել նրանց ծնողական ժողովների, սեմինարների ժամանակ, բայց դա բավարար չէ:

Իսկապես, ծնողների շրջանում նաեւ դժգոհություններ կային հատկապես սկզբնական շրջանում. մտահոգվում էին, որ երեխաները փոքր են, դպրոցական պայուսակը՝ գրասալիկով, կարող են թողնել ճանապարհին, կորցնել եւ այլն: Բայց մենք համարյա նմանաբնույթ դեպքեր չենք ունեցել: Երեխաներն, ընդհակառակը, շատ ավելի ուշադիր են: Մենք իզուր ենք մտահոգվում, թե երեխան իրեն պատկանող իրը կտա որեւէ մեկի: Երբ մի անգամ բացատրում ես, երեխան ավելի զգոն է դառնում:

– Եվ որպես ամփոփում՝ ըստ Ձեզ՝ առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Ծրագիրն անխափան իրականացնելու համար: Ի՞նչ առաջարկներ ունեք:

– Կարծում եմ՝ անհրաժեշտ է՝ մեկ անգամ եւս անդրադառնալ այն տեխնիկային, որը տրամադրվում է երեխային: Ես ողջունում եմ գրասալիկների ընտրությունը, քանի որ դրանք հայկական են: Չնայած դրանք տարեցտարի ավելի որակյալ են դառնում, սակայն խնդրում եմ մեկ անգամ եւս վերանայել: Գրասալիկները պիտի անթերի լինեն: Ինտերնետ կապի հետ կապված խնդիրների ուսումնասիրման եւ լուծման անհրաժեշտությունը մեծ է: Ուսումնական ծրագրերը պիտի մատչելի լինեն, որպեսզի ծնողը եւս տեսնի, թե իր երեխան ինչ է սովորում:

Եթե վերլուծությունների արդյունքում որոշում կայացվի Ծրագիրն իրականացնել այլ մարզերում եւս, նախքան մեկնարկը չափազանց կարեւոր են ուսուցիչների, ծնողների վերապատրաստումները, բացատրական աշխատանքները, որպեսզի նրանք հնարավորինս իրազեկված լինեն:

Կարծում եմ՝ այս եւ նմանաբնույթ այլ քայլեր հաշվարկելու պարագայում Ծրագիրը հաջողություն կունենա:

Եվ ամենակարեւորը՝ յուրաքանչյուր ծրագիր, ազնիվ գաղափար իրագործելի է, եթե բոլոր կողմերը շահագրգռված են:

Շարունակելի ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930