Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

Հունիս 12,2019 11:52

Անհերքելի Ճշմարտություն է՝ տեխնոլոգիական մեր դարաշրջանում անհնար է պատկերացնել պետության զարգացումը, հասարակության առաջընթացն առանց տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների լայն հնարավորությունների կիրառման:
Ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում ՏՀՏ-ի կիրառմամբ շրջադարձային փոփոխություններ են արձանագրվել. նոր ու գրավիչ հորիզոններ են բացվել, բազում նորարարական լուծումներ են մշակվել, եւ անվիճարկելի է նաեւ կրթության ոլորտում դրանց դերի կարեւորությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական համակարգում չափազանց գործունակ միջոց են, որոնց ընձեռած հնարավորությունները կրթության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունն ավելացնելու, ուսումնական նյութն առավել գրավիչ, բազմաբովանդակ դարձնելու եւ բազմաթիվ այլ առումներով, իսկապես, անսահմանափակ են:
Դրանց կիրառումն այսօր միանգամայն նոր պահանջներ է դրել կրթական համակարգերի առջեւ եւ հմտությունների ու գիտելիքների շարունակական նորացման, կրթական գործընթացի հանդեպ նախկին մոտեցումների ու ընկալումների փոփոխության անհրաժեշտություն առաջացրել:

«Մեկ երեխա-մեկ համակարգիչ». նոր հնարավորություններ, նոր հեռանկարներ…

Հայաստանի Հանրապետությունում ՏՀՏ-ի ներդրման համակարգված գործընթացի մեկնարկը կարելի է համարել 2004 թ.-ը: Անցած տարիների ընթացքում, անշուշտ, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք զգալի առաջընթաց են ապահովել կրթական ոլորտում եւ հուսալի հենք են ստեղծել հետագա զարգացման համար: Սակայն անհրաժեշտ է ՏՀՏ-ի կիրառումը կրթական ոլորտում բարձրացնել որակական նոր մակարդակի, իսկ այդ գործընթացի կարեւորագույն պայմաններից մեկը բոլոր սովորողների համար համակարգչային տեխնոլոգիաների եւ ինտերնետ կապի հավասար մատչելիության ապահովումն է:

Հենց այդ եւ մի շարք այլ նպատակների իրագործմանն է միտված ՀՀ կառավարության 2015 թ. ապրիլի 9-ի N 15 արձանագրային որոշմամբ հաստատված «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» (այսուհետ՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ») ծրագիրը:
«Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի իրականացումը վստահվել է «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ին, քանի որ մենք ունեինք նման ծրագիր իրականացնելու փորձ: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝ դպրոցներին ապահովել դասագրքերով, իրականացնել դասագրքերի շրջանառության համար մշակված մեխանիզմը, օժանդակել դպրոցներին դասագրքերի ձեռքբերման, տպագրման, հայտերի ձեւավորման եւ այլ աշխատանքներում»,-մեզ հետ զրույցում նշեց «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանը:

«Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագիրը փուլային է: Առաջին՝ փորձնական փուլն իրականացվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ 2015թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. օգոստոս ամիսը: Նշված ժամանակահատվածն ընդգրկում է 4 ուսումնական տարի, ինչը հնարավորություն է ընձեռում ծրագրում ընդգրկել տարրական դպրոցի 1-4-րդ դասարանները եւ ցուցաբերել ամբողջական մոտեցում տարրական դպրոցին:

«Փորձնական փուլի ավարտին ՀՀ կառավարությանն ամբողջական հաշվետվություն կներկայացվի, որտեղ արտացոլված կլինեն ինչպես արդյունքները, այնպես էլ խնդիրները, ըստ այդմ էլ կքննարկվի հետագա փուլերն իրականացնելու հարցը»,-հավելեց Գոռ Գասպարյանը:
«Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի նպատակն է կրթության որակի, մատչելիության եւ արդիականության բարձրացումը ՏՀՏ-ի կիրառման միջոցով:
Ծրագրի փորձնական փուլի ընթացքում 2015թ.- սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ Վայոց ձորի դպրոցների առաջին դասարանի աշակերտներին տրամադրվել են անվճար «Արմթաբ» պլանշետներ՝ ուսումնական գործընթացում որպես ուսումնաօժանդակ նյութ կիրառելու նպատակով:

Ծրագիրը միտված է մի շարք կարեւոր խնդիրների լուծմանը.

  •  Վաղ տարիքից աշակերտներին հաղորդակից դարձնել ժամանակակից տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաներին, սովորեցնել աշխատել դրանցով եւ ապահովել տեղեկատվության լայն հասանելիությունը:
  •  Արդեն իսկ տարրական կրթության աստիճանում աշակերտների շրջանում խիստ անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների զարգացումը, մասնավորապես՝ մեդիագրագիտությունը, ստեղծագործ, քննադատական ու համակարգված մտածողությունը եւ այլն:
  • Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացումը:
  •  Դասավանդման նոր մեթոդների զարգացումը եւ ուսուցանվող նյութի՝ աշակերտների կողմից յուրացման դյուրինացումը:
  • Աշակերտների համագործակցային հմտությունների զարգացումը՝ համակարգչային տեխնոլոգիաների միջոցով համատեղ ծրագրերի իրականացման, ուսուցիչների, սովորողների, ծնողների ու դպրոցի վարչական աշխատակազմի միջեւ տեղեկատվական ու համացանցային կապերի ստեղծման միջոցով եւ այլն:
  • Երկրում համակարգչային տեխնոլոգիաների արտադրության խթանումը:Շարունակելի…

    Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ
    «Առավոտ» օրաթերթ

    12. 06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930